Գևորգ Թոսունյան
Ազատի կացարանում 15 զինծառայողի մահվան գործով օգոստոսի 8-ի դատական նիստին հայտնի դարձավ, որ ողբերգությունից ընդամենը երկու ամիս առաջ նույն զորամասի մարտական դիրքում արդեն իսկ տեղի էր ունեցել նմանատիպ հրդեհ՝ կրկին բենզինով վառարան վառելու հետևանքով։ Զորամասի թիկունքի նախկին պետի վկայությամբ՝ 2022-ի սեպտեմբերյան բախումներից հետո զորամասում «որևէ ստանդարտի համապատասխանող տեղ չի եղել»։ Մեկ այլ վկա՝ վաշտի ավագ Սերոբ Ասատրյանը, հաստատեց, որ զինվորներից լսել է՝ հրդեհն առաջացել է մեղադրյալի կողմից վառարանի վրա բենզին լցնելու հետևանքով, և խոստովանեց, որ ինքը հակահրդեհային հրահանգավորում չի անցկացրել։ Այս բացահայտումների ֆոնին դատավորն արձագանքեց․ «Եթե ժամանակին յուրաքանչյուրն իր պարտականությունները ճիշտ կատարեր, այս ամենը տեղի չէր ունենա»։ Այս վկան հակասական ցուցմունքներ էր տալիս, ինչը զայրացրեց անգամ դատավորին։
Ազատի կացարանում 2023-ի հունվարի 19-ի գիշերը տեղի ունեցած հրդեհի գործով դատական նիստին տուժողների ներկայացուցիչ Նորայր Նորիկյանը հայտարարեց, որ 2022-ի հոկտեմբերին զորամասի մարտական դիրքերից մեկում բենզինով վառարան վառելու հետևանքով հրդեհ էր բռնկվել։ Այս տեղեկությունը նա հայտնեց դատարանում հարցաքննվող վկա Շիրազ Խաչատրյանին, որը դեպքի պահին զբաղեցնում էր զորամասի թիկունքի պետի պաշտոնը։
Շիրազ Խաչատրյանը հաստատեց դեպքի մասին տեղեկությունը՝ հավելելով, որ դա կամավորականների դիրքն է եղել, և դեպքի առթիվ քննություն է ընթանում։ «Ինձ տեղեկացրել են, բարձրացել ենք այնտեղ, զննել ու ներկայացրել կորուստները»,- նշեց նա։
Նորայր Նորիկյանի հարցին, թե արդյոք դիվերսիայի վարկածը բացառվու՞մ է, վկան պատասխանեց․ «Դիվերսանտի մուտքը գյուղ բացառվում է, քանի որ նա պետք է հատեր ամբողջ առաջնագիծը, որի դեպքում այնտեղ որևէ մեկին կվնասեր»։
«Ամբողջ զորամասում որևէ ստանդարտի համապատասխանող տեղ չի եղել»
Ըստ վկայի՝ 2022-ի սեպտեմբերյան բախումներից հետո զորամասում պայմանները խիստ վատթարացել էին։ Այդ հարձակման ժամանակ հակառակորդը թիրախավորել և ուժգին հրետակոծել էր նաև Սոթքի զորամասը։
«Սեպտեմբերի 13-ից հետո ամբողջ զորամասում որևէ ստանդարտի համապատասխանող տեղ չի եղել։ Մինչև գարուն նոր են սկսել մոդուլային տնակներով ապահովել»,- նշեց վկան։
Նա նաև հայտնեց, որ զեկույցների համաձայն՝ սեպտեմբերյան բախումներից հետո այդ կացարանը համարվել է լավագույններից մեկը, քանի որ դրա վերաբերյալ բողոքներ չեն ստացվել։
Վաշտի ավագի ցուցմունքը. Սասուն Միքայելյանի մասին հարցն ու չանցկացրած հրահանգավորումը
Դատական նիստին հաջորդը ցուցմունք տվեց վաշտի ավագ Սերոբ Ասատրյանը։
Նա նախ նշեց, որ նախաքննության ընթացքում տրամադրած ցուցմունքը չի կարդացել, սակայն նույն ցուցմունքում գրված էր, որ այն կարդացել է ու ստորագրել։ Հակասող էր նաև այն հանգամանքը, որ նա քննիչի կազմած ցուցմունքում ասել էր, որ մեղադրյալներից Մառլեն Սարգսյանին տեսել է կացարանում, սակայն դատական նիստին հայտարարեց, որ չի տեսել։ Նրա հակասական ցուցմունքները զայրացրին դատավորին։
Սերոբ Ասատրյանը պատմեց, որ դեպքի օրն առավոտից եղել է մարտական դիրքերում՝ ինժեներական աշխատանքներ կատարելիս։ Ավելի ուշ վերադարձել է կացարան, որտեղ սովորաբար մնում էր մինչև երեկո, սակայն այդ օրը շուտ է հեռացել, քանի որ «գործեր ուներ»։
Հրդեհի մասին տեղեկանալուց հետո վկան հասել է դեպքի վայր, սակայն մեղադրյալ Եղիշե Հակոբյանին չի տեսել․ նրան արդեն հոսպիտալացրել էին։ Ասատրյանի խոսքով՝ հետագայում զինծառայողներից հարցուփորձ է արել, և բոլորը հաստատել են, որ Եղիշեն բենզինը լցրել է վառվող վառարանի վրա, ինչից էլ բռնկում է տեղի ունեցել։
Փաստաբան Նորայր Նորիկյանը հետաքրքրվեց՝ արդյոք դեպքի նախորդ օրը կացարանում վեճ եղե՞լ է զինվորների կամ նրանց ու սպաների միջև, ինչին վկան բացասական պատասխան տվեց։ Վկան նաև հերքեց տեղեկությունները, թե կացարան են այցելել Երկրապահ կամավորականների միության նախագահ Սասուն Միքայելյանը կամ քրեական հեղինակություններ՝ հավելելով, որ նման դեպքում ինքը տեղյակ կլիներ։
Մեղադրյալներից Գոռ Աղեկյանը, որը զբաղեցնում էր զորամասի հրամանատարի՝ թիկունքի և կոմունալ-շահագործման ծառայության գծով տեղակալի պաշտոնը, հարցեր ուղղեց վկային։ Նա հետաքրքրվեց՝ արդյոք վկան, որպես վաշտի ավագ, անցկացրե՞լ է հակահրդեհային անվտանգության հրահանգավորում ու այլ գործողություններ։ Ի պատասխան՝ վկան խոստովանեց, որ ոչինչ չի արել։
«Գիտե՞ս՝ քանի կետ ունեն անվտանգության կանոնները»,- հարցրեց Աղեկյանը։
Վկայի բացասական պատասխանից հետո մեղադրյալը հայտարարեց, որ հենց այդ չիմացության հետևանքով է վկան սուտ ցուցմունք տալիս։
Հարցաքննությանը միջամտեց դատավոր Վարդան Հարությունյանը․ «Եթե ժամանակին յուրաքանչյուրն իր պարտականությունները ճիշտ կատարեր, այս ամենը տեղի չէր ունենա»։
Դատական նիստի ավարտին դատարանը որոշեց մեղադրյալ Մառլեն Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց տնային կալանքը փոխել՝ թողնելով երկրից չբացակայելու արգելքը։
Այս գործով մեղադրանք է առաջադրվել Եղիշե Հակոբյանին, որը, ըստ մեղադրական եզրակացության, 2023-ի հունվարի 19-ի գիշերը Ազատ գյուղում գտնվող զորանոցում խախտել է ավտոբենզինի հետ վարվելու կանոնները, ինչի հետևանքով բռնկված հրդեհի պատճառով զոհվել է 15 զինծառայող, իսկ մյուսները ստացել են մարմնական վնասվածքներ։
Հրդեհի գործով մեղադրանք է առաջադրվել նաև զորամասի հրամանատարի՝ թիկունքի գծով տեղակալ Գոռ Աղեկյանին, կոմունալ-շահագործման ծառայության և հակահրդեհային պաշտպանության պետ Մառլեն Սարգսյանին, ինժեներասակրավորային վաշտի հրամանատար Գոռ Մարգարյանին և ինժեներական ծառայության պետ Տիգրան Ղազարյանին։
Civilnet











