Գլխավոր Լրահոս

Անարդար խաղաղությունը կայուն չէ. վերլուծելով նախաստորագրված փաստաթուղթը

Անարդար խաղաղությունը կայուն չէ. վերլուծելով նախաստորագրված փաստաթուղթը

Նարեկ Սուքիասյան

Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը նախաստորագրեցին երկու երկրների միջև խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին համաձայանգիրը՝ կարճ ասած, խաղաղության համաձայանգիր: Տեքստի շուրջ համաձայնություն ձեռք էր բերվել դեռ մարտին, սակայն այն պահվում էր գաղտնի՝ կասկածի տակ դնելով գործընթացի հաշվետվողականությունն ու թափանցիկությունը՝ դիվանագիտական գաղտնիության գնով: Այս երկուշաբթի կողմերը փոխադարձ համաձայնությամբ հրապարակեցին այն։

Մինչ համաձայնագրի բովանդակության անցնելը կարևոր է ընդգծել, որ այս փաստաթուղթը վերջնական խաղաղության պայմանագիր չէ: Փաստաթղթի ստորագրում ու վավերացում պետք չէ սպասել մոտ ապագայում։

Համաձայնագրի տեքստը բավական ստանդարտ դիվանագիտական լեզու է, թեև դրա մշակման գործընթացը տևել է գրեթե չորս տարի, ինչը վկայում է ոչ թե տեքստի բարդության, այլ կողմերի՝ մասնավորապես Ադրբեջանի՝ խաղաղության հարցում վերապահումների մասին։

Դիվանագիտական և իրավաբանական պաշտոնականություններից անդին մի քանի դիտարկում ներկայացնեմ։

Նախաբանը ուղիղ հղում է կատարում 1991-ի դեկտեմբերի 21-ի Ալմա Աթայի հռչակագրին՝ վերահաստատելով խորհրդային ժամանակաշրջանի սահմանները: Սա այն կետն էր, որի վրա պնդում էր Հայաստանը, մինչդեռ Ադրբեջանը փորձում էր բացառել այն՝ բաց թողնելով իր օգտին տարբեր խորհրդային կամ նախախորհրդային ժամանակաշրջանի քարտեզների հղման հնարավորությունը:

Համաձայնագրի 7-րդ հոդվածը սահմանում է, որ վավերացումից հետո երրորդ կողմերը (ԵՄ դիտորդական առաքելությունը) չեն կարող տեղակայվել Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով: Նախկին փուլերում Հայաստանը ձգտում էր, որ հոդվածը վերաբերի միայն «զինված ուժերին», որպեսզի այն չկիրառվի ԵՄ քաղաքացիական առաքելության վրա: Ադրբեջանը, սակայն, չզիջեց: Ուժի մեջ մտնելուց հետո ԵՄ դիտորդները, որոնք հաշվետու են Բրյուսելին, կդադարեն իրենց պարեկությունը: Սրա փոխարեն Հայաստանը առաջարկում է վերանայել առաքելության մանդատը՝ այլ տիպի դիտորդության և/կամ աջակցելու Հայաստանի սահմանային ծառայության բարեփոխումներին:

2-րդ և 8-րդ հոդվածները ընդգծում են տարածքային պահանջներից հրաժարվելը և ներառում են ատելության և անջատողականության դեմ պայքարելու պարտավորություն: Թեև սրանք թիրախավորում են Լեռային Ղարաբաղի հիշատակումներից հրաժարումը, սակայն Հայաստանը հետագայում կարող է կիրառել այս դրույթները՝ հակադարձելու «Արևմտյան Ադրբեջանի» շահարկումներին։

12-րդ հոդվածը սահմանում է, որ ներքին օրենքները չեն կարող գերակա լինել պայմանագրի նկատմամբ: Սրանով Հայաստանը հաստատում է պայմանագրի գերակայությունը իր Սահմանադրության նկատմամբ (ինչպես կարգն է միջազգային պայմանագրերի դեպքում)՝ ցուցադրելով, որ չնայած ադրբեջանական առարկություններին, ՀՀ Սահմանադրությունը խոչընդոտ չէ: Այնուամենայնիվ, Ադրբեջանը շարունակում է պահանջել Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը որպես պայմանագրի ստորագրման նախապայման։

Դժվար է ակնկալել, որ այն վերջնականացվի մեկ-երկու տարվա ընթացքում՝ հատկապես հաշվի առնելով Հայաստանի 2026-ի խորհրդարանական ընտրությունները և դրանից հետո՝ սահմանադրական հնարավոր հանրաքվեն:

Ադրբեջանի շարունակական պնդումը սահմանադրական փոփոխությունների հարցում ցույց է տալիս նրա իրական նպատակները՝ ուշացնել խաղաղությունը, ճնշում գործադրել Հայաստանի վրա, ամրապնդել Ալիևի լեգիտիմությունը՝ ընգծելով բռնապետի շարունակական հաղթանակները, պատրվակ պահպանել ապագա հակամարտության համար, եթե հանրաքվեն ձախողվի: Հաշվի առնելով Ալիևի պահանջների նվաստացուցիչ տոնը և Հայաստանում իշխող ուժի հանդեպ ցածր վստահությունը, դժվար չէ պատկերացնել հանրաքվեի ձախողումը:

15-րդ հոդվածով կողմերը պարտավորվում են հրաժարվել իրար դեմ միջազգային իրավական հայցերից: Հայաստանի անդամակցումը Միջազգային քրեական դատարանին և Հռոմի ստատուտի վավերացումը, որոնք ուղղված էին Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների դատապարտմանն ու նորերի կանխարգելմանը, փաստորեն զրոյացվում է այս դրույթով: Սա մեծ գին է ոչ միայն արդարադատության և զոհերի իրավունքների պաշտպանության նկատառումներով, այլև որովհետև Հայաստանը միացավ ՄՔԴ-ին Պուտինի ձերբակալության օրդերի համատեքստում: Սա խնդիրներ ավելացրեց Երևանի և Մոսկվայի միջև մի ժամանակ, երբ Լեռնային Ղարաբաղը դեռ շրջափակման մեջ էր, և ռուս խաղաղապահները դեռ այնտեղ էին: Շատերը պնդում են, որ վարչապետ Փաշինյանի միջազգային իրավական թիմը հրաժարական տվեց այս հոդվածի անհամաձայնության պատճառով: Այնուամենայնիվ, հայցերը հետ կկանչվեն պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում միայն։ Սա կարծես հայկական կողմի տրամաբանական պահանջ է, որը կարող է խրախուսել Բաքվին ստորագրել պայմանգիրը և նախապես ապարդյուն չհրաժարվել այդ հայցերից՝ առանց ստանալու Բաքվի ստորագրությունը։

Համաձայնագիրը բաց է թողնում մի քանի կրիտիկական հարցեր: Որևէ հիշատակում չկա Ադրբեջանի կողմից պահվող հայ ռազմագերիների ու պատանդների մասին, փախստականների իրավունքների մասին, Ադրբեջանի կողմից տարածքների մասին ( այս հարցը թողնվում է սահմանազատման հանձնաժողովներին)։ Ոչ մի դրույթ չկա նաև Արցախի հայկական մշակութային ժառանգության պաշտպանության մասին:

Ի թիվս այլ դրույթների, նախաստորագրված համաձայնագիրը նախատեսում է Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատում, տարբեր ոլորտներում համագործակցություն, սահմանի շարունակական սահմանազատման և անհետ կորածների հարցով աշխատանքներ: Իրավական մեկնաբանությունները թողնում եմ իրավագետներին:

Թեև նախաստորագրումը կարող է նպաստել կարճաժամկետ-միջնաժամկետ կայունացմանը, այն փաստորեն օրինականացնում է Ադրբեջանի ռազմական ագրեսիաները: Էթնիկ զտման գործողությունների համար հաշվետվողականություն ապահովելու փոխարեն համաձայնագիրը Ադրբեջանին թույլ է տալիս խուսափել պատասխանատվությունից և, փաստորեն, վերջում արժանանալ միջազգային շնորհավորանքների և փառաբանման:

Անարդար խաղաղությունը կայուն չէ: Պայմանագրի կենսունակության հանդեպ կասկածներս հիմնված են վստահության ակնհայտ բացակայության վրա, հատկապես Բաքվի՝ համաձայնագրերը խախտելու, պայմանները փոփոխելու, նախապայմաններ ավելացնելու, համակարգային ատելություն քարոզելու և... էթնիկ զտում իրականացնելու ու այն մարսելու հանգամանքի վրա: Երբ միջազգային իրավական համակարգերը փլուզվում են մեր աչքի առջև, և կանոնների վրա հիմնված աշխարհը վճռականորեն վերածվել է ուժի վրա հիմնված աշխարհի, կարելի է միայն հուսալ, որ պայմանագրային հիմքերով խաղաղությունը կաշխատի։

Read the article in English: What Armenia-Azerbaijan Pre-Signed Peace Agreement Reveals

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում