Բևեռացում և փակուղի. ինչու է քաղաքական դաշտը կորցրել 60 տոկոս ընտրողին

Նարեկ Սուքիասյան
[...]
Հայաստանում քաղաքական ու պետական ինստիտուտները ցածր վստահություն ունեն։ Հարցումները ամենացածր վստահություն ունեցող ինստիտուտների շարքում ցույց են տալիս հենց Ազգային ժողովը՝ խորհրդարանական հանրապետությունում առաջնային մանդատով օժտված գլխավոր ամբիոնը։ Կուսակցությունները նույնպես այդ շարքերում են։ Եվգենյա Պատուրյանի ու Սառա Մելքոնյանի հետազոտությունը ցույց է տալիս, որ վերջին տարիներին հանրային վստահություն են կորցրել հենց այն քաղաքական ուժերն ու ինստիտուտները, որոնք պատերազմից ի վեր ներգրավվել են բևեռացման մեջ։
Վստահության և բևեռացման խնդիր է նաև քաղաքական ուժերի հանդեպ ցածր աջակցությունը։ Վերջին չորս-հինգ տարիների հարցումները շարունակաբար ցույց են տալիս իշխող և ընդդիմադիր ուժերի ցածր ու գրեթե անփոփոխ վարկանիշը ու հարցվածների մոտ 60-65 տոկոսի մոտ չկողմնորոշվածությունը կամ բոլորին դեմ լինելը։ Սա ունի բազմաթիվ պատճառներ, բայց կա երկուսը, որոնք վերաբերելի են մեր քննարկած թեմային։
Հետազոտությունները ցույց են տալիս, որ մի անգամ պոպուլիզմի միջով անցած և հիասթափված ու ժողովրդավարական մղումներ ունեցող ընտրողները այլևս դիմադրողականություն ունեն պոպուլիզմի դեմ։ Այն մեծամասնությունը, որը աջակցել է հեղափոխությանը, այսօր մերժում է բոլոր այլընտրանքները, որոնք պոպուլիզմ են առաջարկում։ Հիշենք, ամեն անգամ երբ նոր ընդդիմադիր շարժում է սկսվում, առաջին հարցը, որը շատերը տալիս են՝ իսկ ինչ իրական լուծում եք առաջարկում դուք։ Հաճախ համաձայնելով այդ շարժումների բարձրացրած խնդրին, սակայն լսելով դրա լուծման պոպուլիստական առաջարկներ կամ չլսելով որևէ լուծման ուղի, շատերը մերժում են դրանք և շարունակում չաջակցել ոչ մեկին և մնալ անջատված քաղաքական գործընթացներից։
Երկրորդ պատճառը, թե ինչու հարցումների արդյունքները չեն փոխվում, բևեռացված զանգվածների հավատարմությունն է սեփական բևեռին։ Ինչպես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ասածի դեպքում էր, որ իր աջակիցները կպաշտպանեն իրեն ցանկացած դեպքում, այդպես էլ մեզ մոտ է։ Անկախ հաջողություններից ու ձախողումներից՝ բջիջային աջակիցները շարունակում են հավատարիմ մնալ։ Սակայն սրա խնդիրը նաև այն է, որ այս ուժերը կարծես սպառել են այդ ընտրազանգվածից դուրս մյուսներին իրենց կողմը գրավելու պոտենցիալը, քանի որ այդ բջիջի աջակցությունը պահպանելու համար անհրաժեշտ է անընդհատ խորացնել նրանց հանդեպ բևեռացումը, իսկ դա վանում է այն 60-65 տոկոսին, որոնք այդ ամենը հիմնականում արդեն մերժել են։
Հայաստանում ինքնության մասին հարցերը նույնպես դարձել են բևեռացման առարկա։ Ըստ ուսումնասիրությունների՝ բևեռացման պայմաններում ինքնության հարցերն ապաժողովրդավարացման մեծ պոտենցիալ ունեն, քանի որ հենց այդ հարցում ընտրողները պատրաստ են ներել հակաժողովրդավարական շատ քայլեր։
Քանի որ բևեռացումը ինքնին դարձել է Հայաստանի ներքին քաղաքականության հիմնական բովանդակությունը («նախկին-ներկա»), սոցիալ-տնտեսական կարևոր խնդիրները դառնում են լուսանցքային։ Արցախցի փախստականների խնդիրները, գործազրկությունը, աղքատությունը, ֆունկցիոնալ անգրագիտության ծավալները, աճող հարկային պարտավորությունները ու բազմաթիվ այլ կարևոր սոցիալ-տնտեսական հարցեր դուրս են մնում քաղաքական բանավեճի նյութից ու հաճախ մնում են անհաշվետու ու ապաքաղաքական նեոլիբերալ վարչարարների հույսին։ Իսկ վատագույն դեպքում՝ անտեսվում են։
Հիբրիդային սպառնալիքները և բևեռացումը
Ընտրական այս կարևոր տարում գլխավոր թեման կարծես դառնում են հիբրիդային հարձակումները և դրանցից պաշտպանվելու հրամայականը։ Այս համատեքստում ավելի կարևոր է դառնում բևեռացման նվազեցումը։ Քայքայիչ բևեռացման խորացումը հիբրիդային սպառնալիքների հրավեր է։ Ինչպես հուշում է հիբրիդային պատերազմների կարևոր աշխատություններից մեկի հեղինակ Մարկ Գալեոտտին՝ այդպիսի պատերազմների դեմ լավագույն պաշտպանության բաղադրիչներն են հասարակական համախմբվածությունը, արդյունավետ իրավապահ համակարգը, անկախ ու պատասխանատու մեդիան, ազնիվ ու հավուր պատշաճի կարգավորվող ֆինանսական կառույցները, լեգիտիմ ու արդյունավետ կառավարումը։ Հայաստանն ու նրա ժողովրդավարությունը պաշտպանելու հետաքրքրություն ունեցող բոլոր շահագրգիռ կողմերի համար սրանք պետք է լինեն երկարաժամկետ լուծումների ուղղությունները։
Նարեկ Սուքիասյանը քաղաքական գիտությունների դոկտոր է, Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող։
Հոդվածը ի սկզբանե հրապարակվել է Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի կայքում
Նարեկ Սուքիասյան










