Գլխավոր Լրահոս

Հայաստանի հետ պաշտպանական հարաբերությունները ամուր են. Հնդկաստանի ԱԳ նախարար

Հայաստանի հետ պաշտպանական հարաբերությունները ամուր են. Հնդկաստանի ԱԳ նախարար

Գևորգ Թոսունյան, Նյու Դելի

Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրահմանյամ Ջայշանկարը նոյեմբերի 25-ին Դելիում միջազգային լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ Հայաստանի հետ երկկողմ հարաբերություններին, պաշտպանական համագործակցությանը, ինչպես նաև միջազգային անվտանգությանը և տարածաշրջանային հակամարտություններին։

Պատասխանելով ՍիվիլՆեթի լրագրողի հարցին՝ Սուբրահմանյամ Ջայշանկարն ասաց, որ Հայաստանի հետ պաշտպանական հարաբերությունները ամուր են և հիշատակեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ իր վերջին հանդիպումը։ Նոյեմբերի 14-ին Նյու Դելիում կարճատև կանգառի ընթացքում Փաշինյանը հանդիպել էր Ջայշանկարի հետ։

«Պաշտպանական ոլորտում մենք ամուր հարաբերություններ ունենք։ Ընդհանուր առմամբ, մեր քաղաքական հարաբերությունները շատ լավ են։ Մենք նաև աջակցում ենք ձեր կառավարության՝ այլ գործընկերների հետ համատեղ գործադրվող ջանքերին, որոնք ուղղված են տարածաշրջանում խաղաղության հաստատմանը։ Գիտակցում ենք, որ դա մարտահրավերներով լի գործընթաց է, սակայն հույս ունենք, որ ապագան ավելի խաղաղ ու կայուն կլինի»,- ասաց նախարարը։

«Ակնհայտ է, որ մեր գործընկերությունը շարունակելու է իր դերն ունենալ նաև այդ ուղղությամբ»,- նշեց նա։

Հայաստանի և Հնդկաստանի միջև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունը վերջին տարիներին զգալիորեն ընդլայնվել է։ Հնդկաստանը դարձել է Հայաստանի պաշտպանական տեխնիկայի հիմնական մատակարարներից մեկը։ Համագործակցության ակտիվացումը հատկապես նկատելի է 2020-ի Ղարաբաղյան պատերազմից հետո, երբ Հայաստանը սկսեց բազմազանեցնել սպառազինության մատակարարների շրջանակը։

Հնդկաստանից Հայաստանի ձեռք բերած կամ պատվիրած ռազմական տեխնիկայի թվում են Swathi հակամարտկոցային ռադարները, Pinaka համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը, ATAGS քարշակվող հրետանային համակարգերը, MArG 155 ինքնագնաց հրետանային համակարգերը և հակաօդային ու անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի միջոցները։

2024-ի մայիսին երկու երկրների պաշտպանության նախարարությունները Երևանում անցկացրին առաջին պաշտոնական խորհրդակցությունները և ստորագրեցին 2024-2025-ի համագործակցության ծրագիրը։ Այն ներառում է ռազմական կրթության, անձնակազմի պատրաստման, ռազմատեխնիկական համագործակցության և փորձի փոխանակման ուղղությունները։

Ղարաբաղյան պատերազմը և ռազմական տեխնոլոգիաների փոփոխությունը

Միջազգային անվտանգության միտումների համատեքստում Ջայշանկարը հատուկ ուշադրություն դարձրեց ռազմական տեխնոլոգիաների զարգացմանը և ժամանակակից պատերազմների բնույթի փոփոխությանը։ Նրա գնահատմամբ՝ ռազմական գործողությունների վարման հիմնարար փոփոխությունները հատկապես ակնառու դարձան Հայաստանի և Ադրբեջանի միջև Ղարաբաղյան հակամարտության ընթացքում։

Նախարարի խոսքով՝ այդ հակամարտությունը ցույց տվեց, թե ինչպես են փոխվում պատերազմի վարման մեթոդները։ Դրանից հետո նոր տեխնոլոգիաներն ու մարտավարական մոտեցումներն ավելի են զարգացել, մեծացել և տարածվել՝ իրենց ազդեցությունն ունենալով նաև աշխարհի այլ հակամարտությունների վրա։

Ռուս-ուկրաինական պատերազմը և Հնդկաստանը

Խոսելով ռուս-ուկրաինական պատերազմի և դրա հետևանքով առաջացած միջազգային ճգնաժամի մասին՝ Ջայշանկարը ներկայացրեց Հնդկաստանի դիվանագիտական մոտեցումը։ Նրա խոսքով՝ հակամարտության սկզբնական շրջանում Նյու Դելին դիտավորյալ զգուշավոր դիրքորոշում էր որդեգրել՝ հաշվի առնելով, որ տարբեր կողմեր արդեն միջնորդական ջանքեր էին գործադրում։ Այդուհանդերձ այս տարի իրավիճակը փոխվել է, երբ Սև ծովում հարձակումների ենթարկվեցին քաղաքացիական առևտրային նավերը։

«Այս տարի, Սև ծովում քաղաքացիական նավագնացության վրա հարձակումներից դրդված, մենք նախաձեռնություն ենք ստանձնել»,- ասաց Ջայշանկարը։

Նա ընդգծեց, որ Հնդկաստանը կանոնավոր շփումներ է պահպանում ինչպես հակամարտող կողմերի, այնպես էլ եվրոպական պետությունների և ԱՄՆ-ի հետ։

Նախարարի խոսքով՝ անձամբ այցելել է թե՛ Կիև, թե՛ Մոսկվա։ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, ինչպես նաև հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

Նա շեշտեց, որ բազմաբևեռ աշխարհում դիվանագիտության հիմքը բազմաթիվ գործընկերություններ ունենալն է, այլ ոչ թե «կա՛մ-կա՛մ» սկզբունքով առաջնորդվելը։

«Եթե նայեք մեր զինանոցին, մենք ունենք ռուսական, ֆրանսիական, իսրայելական, ամերիկյան, բրիտանական սպառազինություն, ներառյալ, իհարկե, մեր սեփական արտադրանքը»,- ամփոփեց նախարարը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում