Վերաքննիչ քրեական դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Սամվել Կարապետյանի ձերբակալումը: Այս մասին հայտնում է «Սամվել Կարապետյանի պաշտպանական խորհուրդ» ֆեյսբուքյան էջը։
Հայտարարության մեջ նշված է, որ արդեն 53 օր է Կարապետյանը կալանավորված է, և ամենայն հավանականությամբ, «առկա իրավիճակում այն երկարաձգելու միջնորդություն է ներկայացվելու»:
«Այսինքն, այն հիմնական ապօրինություններից մեկը, որը տեղի էր ունեցել մինչև Սամվել Կարապետյանի երկու ամսով կալանավորելու որոշումը: Վերաքննիչ քրեական դատարանի միայն մեկ դատավոր է, ով կարող էր համաձայնել Սամվել Կարապետյանի կալանքի իրավաչափության հետ, և դա ամենացածր վարկանիշ ունեցող դատավոր Արմեն Դանիելյանն էր:
Վերաքննիչ քրեական դատարանի այլ դատավորներ արդեն իսկ արձանագրել են, որ Սամվել Կարապետյանի թե՛ ձերբակալումը, թե՛ խուզարկությունը եղել են ապօրինի: Չնայած դրան՝ Սամվել Կարապետյանը դեռևս կալանավորված է, արդեն իսկ 53 օր: Կալանքը մինչ այս պահը չի վերացվել, և ամենայն հավանականությամբ, առկա իրավիճակում այն երկարաձգելու միջնորդություն է ներկայացվելու, որը պետք է լուծի Դատարանը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Մինչ այս, հուլիսի 30-ին դատարանն ապօրինի էր ճանաչել նաև Սամվել Կարապետյանի բնակարանի խուզարկությունը։
***
Հայաստանի կառավարության և «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր, գործարար Սամվել Կարապետյանի հարաբերությունները կտրուկ լարվել են: Հակասությունները սրվեցին այն բանից հետո, երբ Կարապետյանը հունիսի 17-ին քննադատեց Հայաստանի իշխանություններին Ամենայն Հայոց կաթողիկոսի և հոգևորականության դեմ սկսած արշավի համար։
Հայտարարությանը կոշտ արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որից հետո Կարապետյանի երևանյան առանձնատանը իրավապահներն իրենց ձևակերպմամբ «օպերատիվ գործողություններ» սկսեցին:
Հունիսի 18-ին դատարանի որոշմամբ Սամվել Կարապետյանը երկու ամսով կալանավորվել է։
Civilnet











