Հայաստանի Գլխավոր դատախազությունը հայց է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ պահանջելով Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից և նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից բռնագանձել 670 մլն դրամ։ Տեղեկությունը հրապարակված է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում։
Հայցը վերաբերում է 2008-ի մարտի 1-2-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց պետության կողմից տրված աջակցության գումարին։ Դատախազությունը պահանջում է այդ գումարը հետ վերցնել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանից, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանից և ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովից։
Հայցադիմումը ներկայացվել է օգոստոսի 11-ին և մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Աշխեն Ղարսլյանին։
ՀՔԾ տվյալների համաձայն՝ 2008-ի մարտի 1-2-ը Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ զոհվել է 10 անձ, առողջությանը ծանր վնաս է հասցվել՝ 10 և միջին ծանրության վնաս՝ 54 անձի։
Civilnet











