Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառված կալանքն իրավաչափ է։ Այս մասին ՍիվիլՆեթին հայտնեցին Գլխավոր դատախազությունից։
Օգոստոսի 11-ին «Սամվել Կարապետյանի պաշտպանական խորհուրդ» ֆեյսբուքյան էջը հայտնել էր, որ Վերաքննիչ քրեական դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Կարապետյանի ձերբակալումը:
Դատախազությունից հայտնում են, որ դատական ակտը ստանալուց հետո, վճռաբեկ բողոք կներկայացնեն դրա դեմ:
«Վերաքննիչ քրեական դատարանի կողմից Սամվել Կարապետյանի ձերբակալումը ոչ իրավաչափ գնահատելու փաստը որևէ առնչություն չունի Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին դատական ակտի օրինականության և հիմնավորվածության հետ: Մասնավորապես՝ Սամվել Կարապետյանը վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ նշված ձերբակալումից ազատ է արձակվել, հետագայում նա ձերբակալվել է այլ հիմքով, ինչը կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին դատարանի որոշմամբ, ինչպես նաև դրա բողոքարկման արդյունքում կայացված դատական ակտով ճանաչվել է իրավաչափ»,- հայտնեցին Գլխավոր դատախազությունից:
***
Հայաստանի կառավարության և «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր, գործարար Սամվել Կարապետյանի հարաբերությունները կտրուկ լարվել են: Հակասությունները սրվեցին այն բանից հետո, երբ Կարապետյանը հունիսի 17-ին քննադատեց Հայաստանի իշխանություններին Ամենայն Հայոց կաթողիկոսի և հոգևորականության դեմ սկսած արշավի համար։
Հայտարարությանը կոշտ արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որից հետո Կարապետյանի երևանյան առանձնատանը իրավապահներն իրենց ձևակերպմամբ «օպերատիվ գործողություններ» սկսեցին:
Հունիսի 18-ին դատարանի որոշմամբ Սամվել Կարապետյանը երկու ամսով կալանավորվել է։
Civilnet











