Գլխավոր Լրահոս

ՀՀ անձնագրերով արցախցիներն ի վերջո քաղաքացինե՞ր են, թե՞ ոչ․ պարզաբանում է Արա Ղազարյանը

ՀՀ անձնագրերով արցախցիներն ի վերջո քաղաքացինե՞ր են, թե՞ ոչ․ պարզաբանում է Արա Ղազարյանը

Հայկ Ղազարյան

Արցախցիները ՀՀ քաղաքացինե՞ր էին, թե ոչ։ Ո՞ր օրենքի հիման վրա են նրանց տրվել ՀՀ անձագրեր։ Արցախցիներին տրամադրված անձնագրերը եղել են զուտ ճամփորդական փաստաթղթե՞ր, թե՞ լիարժեք անձնագրեր։ Այս և այլ հարցերի շուրջ ՍիվիլՆեթի Հայկ Ղազարյանը զրուցել է իրավաբան Արա Ղազարյանի հետ։ 

Անձը քաղաքացիությունը ստանում է օրենքի, այլ ոչ թե անձնագրի ուժով

— Պարոն Ղազարյան, ո՞րն է այն հիմնական փաստաթուղթը, որը հստակ որոշում է՝ մարդը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, թե ոչ։ Հնարավո՞ր է ունենալ Հայաստանի Հանրապետության անձնագիր, բայց, միևնույն ժամանակ, չլինել Հայաստանի Հանրապետության քաղաքացի։

— Ըստ էության՝ ոչ։ Ստացվում է, եթե դա անձնագիր է, ոչ միայն անձը հաստատող փաստաթուղթ է, ոչ միայն ճամփորդական փաստաթուղթ է, այլև քաղաքացիության վերաբերյալ փաստաթուղթ է։

Հիմա անձը կարող է լինել քաղաքացի, բայց չունենալ փաստաթուղթ զուտ հանգամանքների բերումով՝ փաստաթուղթ չունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացի, իրավունքի ու օրենքի ուժով քաղաքացի, բայց փաստաթուղթ չունի։ Բայց հակառակը, որ ինքը ունենա փաստաթուղթ, որի վրա նշված է Հայաստանի Հանրապետության անձնագիր, բայց չհամարվի քաղաքացի, չկա նման կարգավորում։

— Իսկ բացի անձնագրից, ի՞նչ այլ փաստաթուղթեր կարող են հաստատել մարդու ՀՀ քաղաքացի լինելը։ Օրինակ, նույնականացման քարտը։

— Նույնականացման քարտը ձևական առումով ներքին անձնագիր է համարվում, բայց դա ճամփորդական փաստաթուղթ չէ։ Այսինքն՝ եթե այլ պետությունում է գտնվում և այնտեղ ցույց տա փաստաթուղթը, դա քաղաքացիության ապացույց չէ։ Անուղղակիորեն ասում են ներքին անձնագիր, բայց դա, ըստ էության, անձը հաստատող փաստաթուղթ է, ոչ թե քաղաքացիության ապացույց։

Քաղաքացիությունը Հայաստանում երկու ճանապարհով ենք ստանում՝ կա՛մ իրավունքի ուժով, ասենք՝ արյան սկզբունքով, այն է՝ եթե հայրը կամ մայրը էթնիկ ծագումով հայ են, ապա դա հիմք է քաղաքացիության համար, կա՛մ հպատակագրմամբ՝ նատուրալիզացիա, որը հստակ պայմաններ ունի. եթե որոշակի ժամանակահատված անձն ապրում է Հայաստանում, ստանում է քաղաքացիություն։

Անձնագիրն ուղղակի այն փաստաթուղթն է, որով հաստատվում է քաղաքացիությունը, բայց անձը քաղաքացիությունը ստանում է օրենքի ուժով, այլ ոչ թե անձնագրի ուժով։ Օրենքն էլ այդ երկու ճանապարհն է տալիս՝ անձի ծագմամբ կամ հպատակագրմամբ։

— Խոսենք օրենքից։ 1995 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիության մասին օրենքով ովքե՞ր էին ճանաչվում ՀՀ քաղաքացի, արցախցիները մտնո՞ւմ էին այդ խմբի մեջ։

— Պետք է քաղաքացիության մասին օրենքը նայել, ըստ էության՝ բոլոր արցախցիները ունեն Հայաստանի Հանրապետության անձնագրեր, որոնցով ճամփորդում են, ըստ էության, նրանք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են։ Դրա վերաբերյալ կա նաև միջազգային տրիբունալի՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) դատական ակտը, որտեղ նշված է այն հիմքը, որ Հայաստանը վերահսկում էր Արցախի տարածքը` իրավական, ռազմական և տարբեր կառույցների միջոցով կամ կարգավորումներով։ Դրանցից մեկը հենց այն էր, որ Արցախի բնակիչները ՀՀ քաղաքացիություն ունեին, որովհետև նրանք ունեին անձնագրեր, որոնցով ճամփորդում էին և դա, ըստ էության, քաղաքացիության փաստաթուղթ էր։

— 1995 թվականի նոյեմբերի 28-ին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիության մասին օրենքի 10-րդ հոդվածը սահմանում է ՀՀ քաղաքացի ճանաչվելու մի քանի հիմք, որոնց մեջ արցախցիները չէին մտնում:

— Արցախցիները Խորհրդային Ադրբեջանի քաղաքացիներ էին համարվում, բայց Հայաստանը նրանց անձնագիր է տվել՝ նշանակում է ստացել են քաղաքացիություն: Կարծում եմ՝ ծագման սկզբունքով, ոչ թե հպատակագրումով:

Բոլոր արցախցիներն էլ ունեին Հայաստանի քաղաքացիություն՝ ճամփորդելու համար: Դրա վերաբերյալ կա նաև միջազգային տրիբունալի՝ Մարդու իրավունքների դատարանի դատական ակտը, որտեղ որպես հիմք է ծառայում այն փաստը, որ Հայաստանը վերահսկում էր Արցախի տարածքը իր իրավական, ռազմական տարբեր կառույցների միջոցով։

Դրանցից մեկը հենց այն էր, որ Արցախի բնակիչները Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեին, որովհետև նրանք ունեին անձնագիր, որով ճամփորդում էին։

Արցախցիները ծագումով հայեր էին և ծագման ուժով կարող էին ստանալ քաղաքացիություն: Էթնիկ հայերը՝ անկախ բնակավայրից, կարող էին ստանալ քաղաքացիություն, դա չէր հակասի օրենքին:

— Պարոն Ղազարյան, թույլ տվեք կարդալ 1995 թվականի նոյեմբերին ուժի մեջ մտած քաղաքացիության մասին այդ օրենքի կետերը, որպեսզի մեր զրույցը ավելի բովանդակալից լինի։ ՀՀ քաղաքացիներ կարող էին լինել՝ ՀՀ մշտապես բնակվող նախկին Խորհրդային Հայաստանի քաղաքացիներ, ովքեր մինչև Սահմանադրության ուժի մեջ մտնելը ձեռք չեն բերել այլ պետության քաղաքացիություն կամ հրաժարվել են դրանից, վերջին երեք տարին Հայաստանում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձինք կամ օտարերկրյա քաղաքացի չհանդիսացող նախկին ԽՍՀՄ-ի քաղաքացիներ, ՀՀ-ից դուրս բնակվող ծագումով հայ նախկին Խորհրդային Հայաստանի այն քաղաքացիները, որոնք ձեռք չեն բերել այլ պետության քաղաքացիություն։ Սրանք այն անձանց հակափաստարկներն են, որ արցախցիներին օրենքի խախտմամբ են տվել ՀՀ անձնագրերը։

— Չէ, ոչ մի կետ չի մտնում։ Ուրեմն ստացվում է այստեղ մեկնաբանության ուժով կարող է լինել։ Քոչարյանը ո՞նց դարձավ նախագահ։ Քոչարյանը նախագահ դառնալիս չէր բավարարում «Հայաստանում մշտապես բնակվելու» պայմանը։ Վճռաբեկ դատարանը մեկնաբանեց՝ Սահմանադրության պրեամբուլայի ուժով Արցախը միշտ եղել է Հայաստանի կազմում, այսինքն՝ Արցախում բնակվող հայերը ավտոմատ համարվել են Հայաստանի քաղաքացիներ: Սա միակ «լազեյկան» («օրենսդրական սողանցք») է, որը բացատրում է Քոչարյանի ցենզի հաղթահարումը։ 

Պարզելու համար, թե իրականում ինչպես է դա աշխատում, պետք է վերցնեք մեկ գործ և տեսնեք, թե այդ մեկ գործի անձնագիրը որ կետի հիման վրա է տրված։

Հետո իշխանությունները մեկնաբանեցին, որ սա ժամանակավոր կարգավիճակ է, ոչ թե քաղաքացիություն։ Բայց արցախցիները միշտ ակնկալել են, որ իրենք Հայաստանի քաղաքացի են՝ անձնագիր ունենալու պատճառով։

Եթե անձնագիր ունես, ու այնտեղ գրված է ՀՀ քաղաքացի, վերջ, ուրեմն դու քաղաքացի ես

— Բայց տրամաբանությունն այսպես է, չէ՞. եթե ունես անձնագիր՝ քաղաքացի ես, չունես՝ քաղաքացի չես։

— Հա, դե այստեղ հակասություն կա։ Եթե անձնագիր ունես, ու այնտեղ գրված է Հայաստանի Հանրապետության քաղաքացի, վերջ, ուրեմն դու քաղաքացի ես։ Թե ինչ հիմքով ես ստացել քաղաքացիություն, ինձ թվում է միակ մեկնաբանությունը դա է, որ Արցախը ինքնին համարվել է Հայաստանի բաղկացուցիչ մաս, թեև ոչ միջազգային իրավունքով, ոչ էլ Հայաստանի ներքին օրենքներով: Ասենք, 90 թվականին լոզունգը «միացումն» էր, հետո երբ չստացվեց, նոր արդեն գնացին անկախության։ 

Իհարկե, օրենքի հետ կապված խնդիր կա, ուղղակի ուզում եմ ասել՝ դա կարող է միայն Ադրբեջանը հիշել ցույց տալու համար, որ Հայաստանը օկուպացրել է Ադրբեջանը: Հիմա սա արդեն ակտուալ թեմա չէ Հայաստանում։

— Խոսենք Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Չիրագովը և այլք ընդդեմ Հայաստանի» գործի մասին։

— Այն ադրբեջանցիների ամենամեծ հաղթանակն է միջազգային տրիբունալում, որով սահմանվեց, որ Հայաստանը վերահսկել է Արցախի տարածքը։ Հետևաբար այն, ինչ տեղի է ունեցել Արցախում, վերագրվում է Հայաստանին։ Այդպես էլ վճիռներ կայացվեցին, ասենք, օրինակ՝ Արցախում խոշտանգել են ինչ-որ մեկի, դա վերագրվում էր Հայաստանին, որովհետև Հայաստանն է սուբյեկտը այդ արարքի, խախտման։

— Ըստ իշխանությունների՝ Արցախի և Հայաստանի ներքին գործերի նախարարությունների միջև 99 թվականին կնքված համամաձայնագրով տրված անձնագրերը կարող էին օգտագործվել միայն ԼՂ և ՀՀ տարածքներից դուրս ճամփորդելու նպատակով և չէր ենթադրում քաղաքացիություն։

— Անձնագիրը MRP է՝ ավտոմատ եղանակով կարդացվող անձնագիր (Machine Readable Passport), որը կարող են ունենալ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։ Հետևաբար դա անձնագիր էր, հակառակ դեպքում նրանք չէին կարող ճամփորդել։

— Իսկ ընդհանրապես լսե՞լ եք նշված «անձնագրային համակարգի կազմակերպման» համաձայնագրի մասին՝ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև 1999-ի փետրվարի 24-ին կնքված։ Մենք հարցում ենք արել տարբեր գերատեսչություններ այն ստանալու նպատակով։ Եվ դրանից հետո պարզվել է, որ այդ փաստաթուղթը գաղտնագրվել է։ Դրա համար կասկած ունենք, որ այն միգուցե ընդհանրապես գոյություն չի ունեցել։

— Պետք է ստուգեք՝ արդյոք դա ենթակա՞ է գաղտանագրման թե ոչ։ Այսինքն՝ պետական ծառայողական գաղտնիքի մասին օրենքը մեխանիզմ է տալիս՝ գերատեսչական ցանկ, որտեղ նշված է այն տեղեկությունների ցանկը, որը կարող է համարվել գաղտնիք։ Մի ժամանակ նույնիսկ գերատեսչական ցանկերն էլ էին գաղտնագրված, հետո Սահմանադրական դատարանը ասաց, որ դա անիրավաչափ է։

Հայաստանը չէր կարող նման համաձայնագիր կնքել, ավելի շատ՝ հուշագիր է եղել, որովհետև Արցախը միջազգային իրավունքի սուբյեկտ չէ

— Պարզապես այդ համաձայնագրի մասին 2023-ի հոկտեմբերից ենք իմացել՝ տեղահանումից հետո։

— Դե Հայաստանը չէր կարող նման համաձայնագիր կնքել, ավելի շատ հուշագիր է եղել, որովհետև Արցախը միջազգային իրավունքի սուբյեկտ չէր։ Կամ պետք է Արցախի իշխանությունները Հայաստանի Սահմանադրությամբ ստեղծված մարմին լինեին, բայց իրենք այդպիսին չէին։

Հայաստանի պետական մարմինը չի կարող կնքել համաձայնագիր ինչ-որ մի մարմնի հետ, որը ոչ միջազգային իրավունքով, ոչ էլ մեր Սահմանադրությամբ ճանաչված չէ։ Հուշագիր պետք է լիներ։ Հուշագիրը չի կարող իրավական հետևանք առաջացնել։

— Ի՞նչ տարբերություն կա սովորական ՀՀ անձնագրի և այսպես կոչված ճամփորդական անձնագրի միջև։ Ի՞նչ է նշանակում ճամփորդական փաստաթուղթ, արդյոք բոլոր ՀՀ անձնագրերը ճամփորդական փաստաթղթեր չե՞ն։

— Չէ, ասենք, օրինակ փախստականները նույնպես ստանում են ճամփորդական փաստաթուղթ։ Երևի լսել եք՝ կամ փախստականի անձնագիր, որով կարող են ճամփորդել և այն միջազգայնորեն ճանաչված է։ Ես ունեցել եմ նման գործեր, այսինքն՝ անձը կարող է ունենալ ճամփորդական փաստաթուղթ, բայց չլինել Հայաստանի Հանրապետության քաղաքացի։

— Բայց ես արցախցի եմ և ունեմ ՀՀ կապույտ անձնագիր, դա ճամփորդական փաստաթո՞ւղթ է արտաքինով:

—  Ճամփորդական փաստաթուղթերը անձնագրից արտաքինով ոչնչով չեն տարբերվում։ Ես չեմ հիշում այնտեղ նշում կար, թե ոչ, բայց կարծեմ, որքան ես եմ առնչվել, բոլորի վրա գրված էր Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Իսկ եթե այնտեղ ինչ-որ շտամպ էր դրված, նշանակում է՝ քաղաքացի չեն, այլ ժամանակավոր կարգավիճակ ունեն։ Բայց արցախցիները այդ կարգավիճակը կարող էին ստանալ միայն 20 թվականից կամ 23 թվականից հետո, որովհետև ժամանակավոր պաշտպանության կարգավիճակը ունի իր բովանդակությունը. նշում է՝ սա այն անձն է, որը հարևան երկրից բռնի տեղահանված է և հայտնվել է Հայաստանի Հանրապետության տարածքում։ Մինչև 2020 թվականը նման բան չկար։

— Պարոն Ղազարյան, երբ իշխանությունները սկսեցին պնդել, որ սա ճամփորդական փաստաթուղթ է, ավելի շատ սա իրավակա՞ն, թե՞ քաղաքական նկատառումներից էր արվում։

— Այդ պահի դրությամբ, քանի որ ֆորսմաժոր էր, քաղաքական էր։ Բայց ասեմ՝ ընդամենը մեկ, երկու, երեք ամիս հետո արդեն շատ արագ արցախցիները կարող էին դիմել և 13-րդ հոդվածով ստանալ քաղաքացիություն։ Եթե հետ գնանք, ասենք, 1999 կամ 2001 թվականներ, դուք ասում եք, որ այն ժամանակ իրենք քաղաքացիություն են ստացել օրենքի խախտումով։ Եթե ճանաչման ռեժիմով նայենք՝ այո։ Բայց նրանք երևի դիմել ու ստացել են քաղաքացիություն, որովհետև ծագումով հայ են։ Այսինքն՝ հպատակագրումով։

Այդ կոդերը տալիս է անձնագրային սեղանի տարածքային ստորաբաժանումը։ Օրենքում չկա «070» կոդ հասկացությունը։ Ուղղակի Արցախը համարվել է Հայաստանի վարչատարածքային ստորաբաժանման միավորներից մեկը, որը մեծ հաշվով այդքան էլ օրինական չէր։

— Արդյոք կարո՞ղ են առաջանալ ռիսկեր, եթե արցախցիները համատարած ճանաչվեն ՀՀ քաղաքացի կամ այն ժամանակ ճանաչվեին որպես ՀՀ քաղաքացի։

— Մինչև «Չիրագովի» գործով վճիռը ռիսկը կար, որ Հայաստանին կմեղադրեին Արցախի նկատմամբ վերահսկողություն սահմանելու մեջ, այդ թվում՝ ռազմական։ Դրա համար Հայաստանը փորձում էր շատ չաղաղակել այդ փաստը, որ արցախցիներին Հայաստանի անձնագիր է տալիս։ Բայց այդ ռիսկը վաղուց վերացել է, որովհետև մենք Արցախը կորցրինք։

«Չիրագովի» գործը քննվում էր 2005 թվականից։ 2005-ից նաև ես, մասնագետները միշտ մտածում էին, թե ի վերջո այդ գործը կշահե՞նք, թե՞ ոչ։ Եվ Հայաստանը  պարտվեց։ Դա քաղաքական մեծ արձագանք առաջացրեց, ադրբեջանցիները լայնորեն ներկայացրին, որ տեսեք՝ միջազգային ատյանը ճանաչեց, որ Հայաստանը ագրեսոր է։ Թեև այնտեղ ագրեսիայի մասին խոսք չկար, ուղղակի որ Հայաստանը վերահսկում է Արցախի տարածքը։

— Վերջին հարցը։ Լրատվամիջոցներում այս հարցը շոշափվում է, որ մարդիկ գնում են, դիմում են ՀՀ անձնագիր են ստանում, և այնտեղ որպես ծննդավայր է նշվում Ադրբեջանը։ Դուք ծանո՞թ եք այդ խնդրին։

— Ծանոթ եմ։ Մենք հիմա բազմաթիվ դիմումներ ենք ստանում արցախցիներից Եվրադատարան ուղարկելու համար։ Շատերի մոտ, մանավանդ 90-91-ից առաջ ծնվածների անձնագրերում գրված է՝ Ադրբեջան։ Մենք մեր դիմումներում գրում ենք NKR, Nagorno-Karabakh։

Բայց նույնիսկ եթե գրեին Ադրբեջան, դա մեր դիմումների վրա չի ազդի, որովհետև մինչև Ադրբեջանի անկախությունը այդ մարդիկ իրապես ծնվել են Ադրբեջանում, և դրանում ոչ մի արատավոր բան չկա։

— Իսկ այն մարդիկ, որոնք ծնվել են 95 թվականին:

— Չեմ հիշում, Նաստյային հարցնեմ։ 

Արա Ղազարյանի աշխատակից Նաստյան բացատրում է, որ այս հարցում չկա միասնական մոտեցում. նոր ստացված անձնագրերում ծննդավայրը կարող է նշված լինել և՛ Ադրբեջան, և՛ Լեռնային Ղարաբաղ, և՛ Հայաստանի Հանրապետություն:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում