Քննչական կոմիտեն հայտարարությամբ է հանդես եկել՝ մեղադրելով «Սրբազան պայքար» շարժման գործով մեղադրյալների պաշտպաններին դատավարությունը հանրային հարթակներտեղափոխելու և ապացույցները միակողմանի ներկայացնելու միջոցով հանրությանըմոլորեցնելու փորձի մեջ։ Այս հայտարարությամբ իրավապահ մարմինն արձագանքում է շարժման փաստաբաններին, որոնք պնդում են, որ նախկինում հանրայնացվածձայնագրությունները կտրված են համատեքստից և չեն կարող քրեական հետապնդման հիմք հանդիսանալ:
Քննչական կոմիտեն հայտարարության մեջ նշում է, որ «Սրբազան պայքար» շարժման ղեկավարների գործով պաշտպանները, չսպասելով դատարանի կողմից ապացույցների հետազոտման կարգին, սկսել են հրապարակել քրեական վարույթի նյութերից հատվածական տեղեկություններ։ «Պաշտպանության կողմը հանրային հարթակները վերածել է «փոքր դատավարությունների», որտեղ իրենք են քննարկում և լուծում ապացույցների թույլատրելիության, արժանահավատության և վերաբերելիության հարցերը», - նշվում է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։
Շուրջ 1,5 ամիս առաջ Քննչական կոմիտեն հրապարակել էր ձայնագրություններ՝ հիմնավորելու համար, որ շարժման մասնակիցները ահաբեկչություն են նախապատրաստել։ Բագրատ Գալստանյանի պաշտպանները հայտարարել էին, որ դրանք մոնտաժված են և կտրված համատեքստից, ինչը ՔԿ-ն հերքում էր։ Օրերս շարժման ձերբակալված անդամների փաստաբանները հրապարակեցին ձայնագրություններից մեկի, իրենց պնդմամբ, ամբողջական տարբերակը, որտեղ, ըստ նրանց, «պատերի տակ գյուլլելու» մասին խոսակցությունը վերաբերում է այլ պետությունների մոդելներով դասալիքների դեմ պայքարին, այլ ոչ թե իշխանությունը յուրացնելուն։
Անդրադառնալով այս հանգամանքին՝ Քննչական կոմիտեն առանձնահատուկ ուշադրություն է հրավիրում պաշտպան Հովհաննես Խուդոյանի գործունեության վրա։ Ըստ ՔԿ-ի՝ պաշտպանը «համառորեն փորձում է գտնել Բագրատ Գալստանյանի հնչեցրած մտքի իրական թիրախներին՝ մի դեպքում դա վերագրելով «դասալիքներին», մյուս դեպքում՝ «թմրավաճառներին»»։
Քննչական կոմիտեն միաժամանակ ողջունելի է համարում այն, որ պաշտպանական կողմն ի վերջո ընդունել է՝ ձայնագրության մեջ խոսողը հենց Բագրատ Գալստանյանն է։ Սակայն, ըստ կոմիտեի, ցանկացած իրավապաշտ մարդու համար պետք է անընդունելի լինի զենքի գործադրմամբ մարդկանց կյանքից զրկելու մասին ցանկացած խոսք, հատկապես՝ հոգևորականի կողմից։ «Այս առումով պաշտպանության կողմը կարող է նույն ջանասիրությամբ և եռանդով շարունակել զենքի գործադրմամբ անձանց կյանքից զրկելու մասին Բագրատ Գալստանյանի մտադրության հետագա թիրախների փնտրտուքը, ինչն ամենևին չի նսեմացնում այդ փաստական տվյալների ապացուցողական նշանակությունը», - հայտնում են Քննչական կոմիտեից։
Իրավապահ մարմինը նաև մարտահրավեր է նետում պաշտպաններին՝ առաջարկելով նույն հետևողականությամբ վերլուծել նաև գործով առկա մյուս ապացույցները, որոնք, ըստ ՔԿ-ի, վերաբերում են «բնակչությանն ահաբեկելու, նրանց շրջանում անկառավարելի վիճակ ստեղծելու, քաղաքացիական անձանց կյանքից զրկելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու» նախապատրաստությանը։
Քննչական կոմիտեի գնահատմամբ՝ պաշտպանների գործելաոճի նպատակը հանրային տրամադրությունների վրա ազդելն է, որպեսզի նսեմացվի գործով ձեռք բերված «իր տեսակով եզակի և անփոխարինելի նշանակություն ունեցող ապացուցողական զանգվածը»։
Հայտարարության վերջում Քննչական կոմիտեն հիշեցնում է, որ բոլոր հարցերի պատասխանները կարող են տրվել բացառապես դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով, և հորդորում է պաշտպաններին «զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց ու գործել օրենքով սահմանված ընթացակարգերով»։
Հիշեցնենք, որ «Սրբազան պայքար» շարժման դեմ քրեական վարույթը նախաձեռնվել էր այնբանից հետո, երբ հունիսի 24-ին մերձիշխանական լրատվամիջոցներից մեկը հրապարակեց«հեղաշրջման պլան», որը հետագայում տարածվեց նաև բարձրաստիճան իշխանականպաշտոնյաների կողմից։
Արդյունքում շարժման 18 ղեկավարների ու մասնակիցների նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցվեց ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստության հոդվածներով։ Օգոստոսի 7-ին Քննչական կոմիտեն հայտարարեց, որ այս 18 անձի մասով նախաքննությունն ավարտվել է, և գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազություն՝ դատարան ուղարկելու համար։ Մեղադրյալներից 17-ը գտնվում են կալանքի տակ, մեկը` անձի նկատմամբ կիրառվել վարչական հսկողություն և բացակայելու արգելք:
Civilnet











