Գլխավոր Լրահոս

«Երեխաները մի կերպ պոկվեցին մորից, լացում էին». մանրամասներ Վարսենիկ Սեդրակյանի պայքարից

«Երեխաները մի կերպ պոկվեցին մորից, լացում էին». մանրամասներ Վարսենիկ Սեդրակյանի պայքարից

Գևորգ Թոսունյան

Երեք անչափահաս երեխաների ճակատագիրը դատարանում է․ մայրը պահանջում է փոխել երեխաների բնակության վայրը՝ պնդելով, որ հայրը բռնարար է։

Դատարանը սեպտեմբերին կսկսի քննել մի հայցադիմում, որով մայրը՝ Վարսենիկ Սեդրակյանը, պահանջում է վերադարձնել երեք անչափահաս երեխաներին։ Նրանք հիմա հոր՝ Աբրահամ Մարգարյանի տանն են։ Վարսենիկի ներկայացուցիչը՝ փաստաբան Շուշանիկ Արսենյանը, ՍիվիլՆեթին հայտնեց, որ հայրը ոստիկանությունում հաշվառված է որպես բռնություն գործադրող անձ։

Այս գործին ՍիվիլՆեթն ավելի վաղ անդրադարձել էր՝ ներկայացնելով ընտանիքում կատարված դաժանության դեպքերն ու Վարսենիկի ճակատագիրը:

Փաստաբան Շուշանիկ Արսենյանի խոսքով՝ այն բանից հետո, երբ դատարանը նախկինում երեխաների բնակության վայր էր սահմանել հոր տունը, հանգամանքներն էականորեն փոխվել են։ 

«Հայրը, որը ստանձնել է երեխաների խնամքը, ոստիկանությունում հաշվառվել է որպես բռնարար, ընտանիքում բռնություն գործադրող անձ։ Ես կարծում եմ, որ բռնարար հոր մոտ երեխաներ թողնելը կարելի է ասել, հանցագործություն է, որովհետև եթե անձը ընտանիքում բռնություն է գործադրում, չի բացառվում, որ մի օր նաև իր երեխաների նկատմամբ այդ նույն բռնությունը կիրականացնի»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ բռնության դեպքը տեղի է ունեցել երեխաների աչքի առաջ։

Լարված իրավիճակ խնամակալության հանձնաժողովի նիստին 

Վարսենիկի ներկայացուցիչը՝ փաստաբան Շուշանիկ Արսենյանը

Փաստաբանը պատմեց նաև օգոստոսի 14-ին Մարտունիում կայացած՝ խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի նիստից մանրամասներ։ Նրա խոսքով՝ Աբրահամ Մարգարյանը նիստի ընթացքում իրեն պահել է ագրեսիվ և անադեկվատ, անգամ գոռացել է։ Երեխաները հանդիպմանը ներկա են եղել մոր հետ և շատ ծանր են տարել բաժանումը։ 

«Արձանագրվեց նաև այն փաստը, որ երեխաները մի կերպ պոկվեցին մորից, լացելով գնացին»,- ասաց Արսենյանը։ Նա նկատեց նաև, որ հայրը հոգեբանական ճնշում է գործադրել մեծ դստեր վրա, որպեսզի նա մոտենա իրեն։

Փաստաբանի դիտարկմամբ՝ երեխաները եղել են անխնամ վիճակում։ 

«Երեխաները կեղտոտ էին, երևի մի երեք-չորս օր լողացած չէին, աչքերը ճպրոտ էին, աղջկա մազերը խնամված չէին»,- նշեց նա։ Ըստ փաստաբանի՝ այս հանգամանքները հաստատել են նաև հանձնաժողովի անդամները, որոնք ավելի վաղ այցելել էին հոր տուն և արձանագրել, որ այն շատ կեղտոտ է եղել։

Նիստի ընթացքում բացահայտվել է նաև, որ Աբրահամ Մարգարյանը ստել է հանձնաժողովին՝ ասելով, թե իր եղբայրը Երևանում աշխատում է, մինչդեռ վերջինս այդ պահին գտնվել է քրեակատարողական հիմնարկում։

Փաստաբանը հավելեց, որ, ի տարբերություն հոր, մայրն ունի կրթություն, աշխատում է, իսկ նրա ընտանիքի անդամները մանկավարժներ են, և երեխաների զարգացման համար անհամեմատ ավելի լավ պայմաններ կստեղծվեն մոր մոտ։

Հանձնաժողովի եզրակացությունը դեռևս պատրաստ չէ, վերջնական որոշումն էլ պետք է կայացնի դատարանը, իսկ դատական առաջին նիստը նշանակված է սեպտեմբերին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում