Գևորգ Թոսունյան
Օգոստոսի 15-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ, քննեց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի խափանման միջոցի հարցը։ Դատարանը որոշեց նրա կալանքը երկարաձգել ևս 10 օրով։
Շիրակի թեմի առաջնորդին մեղադրանք է առաջադրվել իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր անելու համար։ Ըստ մեղադրանքի՝ նա, համաձայն չլինելով ՀՀ կառավարության քաղաքականությանը, 2024 և 2025 թվականներին տված հարցազրույցներում օգտագործել է իր ազդեցությունը և լրատվամիջոցները՝ նման կոչեր հնչեցնելու նպատակով։
Դատական նիստի սկզբում Միքայել սրբազանը դատավորին խնդրեց իրեն չդիմել անձնագրային անունով՝ Գևորգ։ «Ես Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն եմ, Գևորգ Աջապահյանը չեմ։ Այո, անձնագրով իմ անունը Գևորգ է, բայց ես Միքայելն եմ, խնդրում եմ ինձ այդպես դիմել»,- ասաց նա։
Մեղադրող կողմը պնդեց, որ կալանքը պետք է շարունակվի, քանի որ առկա է մեղադրյալի կողմից նոր հանցանք կատարելու վտանգ։ «Հանցանքը շարունակաբար է կատարվել, բացի այդ, մեղադրյալը ԶԼՄ-ներով վերահաստատել է իր դիրքորոշումը։ Վտանգը մեծ է, որ ազատության մեջ հայտնվելով՝ նա կարող է նոր հանցանք կատարել»,- ասաց հանրային մեղադրողը։
Պաշտպանական կողմից Երեմ Սարգսյանը հայտարարեց, որ մեղադրանքի կողմը խաբել է դատարանին՝ գործի քննության ընթացքում ջանասիրություն չցուցաբերելով։ «Սահմանադրական դատարանի որոշման համաձայն՝ միայն այդ հանգամանքը անձին կալանքից ազատելու հիմք է»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ քննիչը տևական ժամանակ գործողություններ չի իրականացրել։ «Նրանք խաբել են, թե իբր պետք է ակտիվ գործողություններ անեին, որ սրբազանը չխոչընդոտեր, բայց նման բան չի եղել»,- հավելեց Սարգսյանը։
Փաստաբան Արա Զոհրաբյանն իր հերթին կալանքը գնահատեց որպես պատիժ՝ ազատ խոսքի դեմ։ «Պետությունը արքեպիսկոպոսին զրկել է հոգևոր ծեսեր իրականացնելու և իր հոտի հետ հաղորդակցվելու հնարավորությունից։ Միքայել սրբազանը հիսուն տարի ծառայել է, իսկ այսօր նրա կալանքի հիսուներորդ օրն է։ Նա ունի առողջական խնդիրներ, բայց խիզախորեն տանում է այս զրկանքները»,- ասաց Զոհրաբյանը՝ հավելելով, որ գործում կա քաղաքական պատվեր։
Ելույթ ունեցավ նաև Միքայել Աջապահյանը։ Նա շեշտեց, որ իրեն միշտ ցանկացել է կալանավորել խորհրդային իշխանությունը, սակայն այդ քայլին չի գնացել։ Սրբազանը հիշեց, որ 1990-ականներին իրեն պատանդառել էին ադրբեջանցիները, բայց իմանալով, որ գնացել էր թաղման արարողության, բաց էին թողել։
«Ինձ չկալանավորեցին ադրբեջանցիները, չկալանավորեց ՀՀՇ-ն, որին ես քննադատում էի, ինձ չկալանավորեցին Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի իշխանության ժամանակ, որոնց ևս քննադատում էի։ Ինձ կալանավորեց այս դեմոկրատ հռչակված իշխանությունը»,- ասաց Միքայել սրբազանը՝ հավելելով, որ կալանքն իրեն չի վախեցնում, և այս ամենը փորձառություն է։
Civilnet











