Գևորգ Թոսունյան
Օգոստոսի 19-ին Երևանի քրեական դատարանում մեկնարկեց Բագրատ արք․ Գալստանյանի և 17 այլ անձանց գործով դատավարությունը։
Նիստի ընթացքում դատարանը հասցրեց միայն մեղադրյալների ինքնությունը պարզել։ Այդ ընթացքում դատավոր Կարեն Ֆարխոյանը Բագրատ սրբազանին դիմեց աշխարհիկ անվամբ՝ Վազգեն, ինչին ի պատասխան արքեպիսկոպոսը պատասխանեց․
«Վազգեն Գալստանյանը 1995-ին մահացել է, ես Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն եմ։ Գիտեմ դատական կարգը, բայց իմ առաջարկն ու հորդորն է ինձ Վազգեն Գալստանյան չդիմել։ Հասկանում եմ, որ կարող եք պատճառաբանել, թե դա քաղաքացիական դիմում է, բայց ես 1995-ից Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն եմ»,- նշեց նա։
Երբ դատավորը հարցրեց՝ ամուսնացած է, Բագրատ սրբազանը պատասխանեց․ «Վստահաբար ոչ, երեխաներ էլ չունեմ»։
Հաշվի առնելով գործով անցնող անձանց և պաշտպանների մեծ թիվը՝ որոշում կայացվեց հաջորդ նիստն անցկացնել դատական նիստերի ավելի մեծ դահլիճում։ Ընդ որում, դատական նիստերը նշանակվել են նույն տրամաբանությամբ, ինչ օրինակ, Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ, կալանավորված Միքայել արք․ Աջապահյանի դեպքում՝ իրար հաջորդող օրերին։
Բագրատ արք. Գալստանյանը և մյուսները մեղադրվում են իշխանությունը յուրացնելու նախապատրաստության մեջ։
Ըստ մեղադրական եզրակացության՝ «Սրբազան պայքար» շարժման միջոցով սահմանադրական ճանապարհով իշխանության հասնելու նպատակն իրագործել չկարողանալուց հետո՝ 2024-ի նոյեմբերից Գալստանյանը շարժման մի շարք մասնակիցների հետ խմբի կազմում նախապատրաստվել է իշխանությունը զավթելուն։ Մեղադրանքի համաձայն՝ նրանք ձեռք են բերել «ահաբեկչություն կատարելու և իշխանությունը զավթելու համար անհրաժեշտ միջոցներ ու գործիքներ»։
Civilnet











