«Սրբազան պայքարի» գործով կալանավորված միակ կին մեղադրյալի՝ Լիդիա Մանթաշյանի խափանման միջոցը չի փոխվի։ Դատավոր Կարեն Ֆարխոյանի օգոստոսի 20-ի որոշմամբ՝ Մանթաշյանը կմնա կալանքի տակ ևս երեք ամիս։
Դատավորը գտել է, որ այլընտրանքային խափանման միջոցի պարագայում դեռևս առկա է մտավախություն, որ Լիդիա Մանթաշյանը կարող է խոչընդոտել գործի քննությանը։
Կալանքի ժամկետը երեք ամսով երկարաձգելու միջնորդությունը ներկայացրել էր մեղադրող դատախազը՝ պնդելով, որ դրա համար կան բոլոր հիմքերը։
Լիդիա Մանթաշյանի պաշտպան Տաթևիկ Սողոյանը դատարանին միջնորդել էր փոխել խափանման միջոցը և իր պաշտպանյալին ազատ արձակել 2 մլն դրամ գրավի դիմաց։ Ի պաշտպանություն Մանթաշյանի՝ դատարանին էին ներկայացվել նաև Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Էլինար Վարդանյանի, Ագնեսա Խամոյանի, Ասպրամ Կրպեյանի, Լիլիթ Գալստյանի և Քրիստինե Վարդանյանի անձնական երաշխավորագրերը։
Դատարանում իր խոսքում Լիդիա Մանթաշյանը հայտարարել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում և առաջադրված մեղադրանքն ամբողջությամբ հերքում է։
***
Հունիսի 24-ին մերձիշխանական լրատվամիջոցներից մեկը հրապարակել էր «հեղաշրջման պլան», որը, ըստ լրատվամիջոցի, ներկայացնում է գործողությունների փուլային ծրագիր, ռեսուրսների և գործող անձանց հաշվագրում։ Այդ պլանը սկսեցին տարածել վարչապետը, վարչապետի տիկինը և իշխանական պատգամավորներ, ինչից հետո այն ուղարկվեց Քննչական կոմիտե:
Քննչական կոմիտեն հայտարարություն էր տարածել, որ «Սրբազան պայքար» շարժման ղեկավարներն ու մասնակիցները պլանավորել էին Հայաստանում իրականացնել ահաբեկչական գործողություններ՝ միտված իշխանության բռնի զավթմանը։
Քննչական գործողությունների շրջանակում ձերբակալվել է 14 անձ, հանրային քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ։
Civilnet











