Թուրքիան ազդարարել է Կարսը Նախիջևանին կապող երկաթուղու շինարարության մեկնարկը։ Օգոստոսի 22-ին Իգդիրում պաշտոնական արարողությանը Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուքադիր Ուրաօղլուն հայտարարել է, թե «նախագիծը Զանգեզուրի միջանցքն իրականացնելուն միտված ամենագործնական քայլերից է»։
«Այս նախագիծը Զանգեզուրի միջանցքն իրականացնելուն միտված ամենագործնական քայլերից է, որը ոչ միայն կարևոր է Թուրքիայի, այլ նաև Հարավային Կովկասի և Եվրասիայի համար»,- հայտարարել է Ուրաօղլուն։
Ըստ նրա՝ Հայաստանով նախատեսված ճանապարհը կնպաստի Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև տնտեսական կապերի զարգացմանն ու տարածաշջանային խաղաղությանը։
«Զանգեզուրի միջանցքը Կովկասը Կենտրոնական Ասիային կապող աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական նշանակություն ունեցող ճանապարհ է»,- շեշտել է Ուրաօղլուն։
Թուրք նախարարը ծրագիրը կապելով Միջին միջանցքի հետ, նշել է, որ այն բացի Հարավային Կովկասում տնտեսական համագործակցությունից, տեղում կնպաստի նաև սահմանների բացմանն ու կարագացնի դիվանագիտական՝ կարգավորման գործընթացները։
Թուրքիան պատրաստվում է կառուցել Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու 224 կմ-ոց երկաթուղին, որը կապվելու է Նախիջևանին, այնուհետև Հայաստանի հարավային տարածքով՝ Մեղրիի հատվածով, միանա Ադրբեջանի հիմնական մասին, որից հետո՝ Կենտրոնական Ասիային ու Չինաստանին։
Ըստ թուրքական պաշտոնական տեղեկությունների՝ նախագիծը տևելու է շուրջ չորս տարի, աշխատանքների վրա նախատեսվում է ծախսել 2,4 մլրդ եվրո։ Այն տարեկան կարող է սպասարկել մոտ 5,5 մլն քաղաքացու, ինչպես նաև ունի 15 մլն տոննա բեռների թողունակութուն։
Civilnet











