Գևորգ Թոսունյան
Օգոստոսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Տիգրան Գրիգորյանի նախագահությամբ, շարունակեց Սիվիլիթաս հիմնադրամի (ՍիվիլՆեթ լրատվամիջոց) ընդդեմ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի գործով դատական նիստը։ Քննարկման առանցքում Տեղեկատվական վեճերի խորհրդի (ՏՎԽ) հօգուտ ՍիվիլՆեթի կայացրած եզրակացությունն էր։
Սիվիլիթաս հիմնադրամը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի դեմ դատական հայց է ներկայացրել՝ «մեդիան մեզ մոտ դարձել է մի մեծ աղբանոց» արտահայտության վերաբերյալ։ Ավինյանն այդ արտահայտությունն արել էր 2024-ի դեկտեմբերի 18-ին «Ֆակտոր» հեռուստաընկերության եթերում Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի հետ բանավեճի ընթացքում՝ արձագանքելով իրեն ուղղված մեղադրանքներին և իր ընտանիքի վերաբերյալ ՍիվիլՆեթի և Կազմակերպված կոռուպցիայի և հանցավորության լուսաբանման նախագծի (OCCRP)՝ «Ավինյանների բիզնեսը՝ պետական գումարների անուղղակի շահառու» հետաքննական հոդվածին։
Տեղեկատվական վեճերի խորհրդի կարծիքը՝ որպես ապացույց
ՍիվիլՆեթի ներկայացուցիչ Կարեն Տոնոյանը միջնորդեց գործին որպես ապացույց կցել խորհրդի մասնագիտական կարծիքը, որը, ըստ նրա, հաստատում է, որ Տիգրան Ավինյանի վիճահարույց արտահայտությունը թիրախավորել է հենց ՍիվիլՆեթին։
Տոնոյանը բացատրեց, որ ապացույցը ներկայացվում է ժամկետի ավարտից հետո, քանի որ այն հասանելի է դարձել միայն 2025-ի հունիսին։ Նա հղում կատարեց Քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան հոդվածին, որը թույլ է տալիս ապացույց ներկայացնել սահմանված ժամկետից հետո, եթե կողմը հիմնավորում է դրա անհնարինությունն իրենից անկախ պատճառներով։ Տվյալ դեպքում, ըստ փաստաբանի, ՏՎԽ-ն օբյեկտիվորեն ապացույց ներկայացնելու սահմանված ժամկետից ուշ է տվել իր կարծիքը, սակայն դիմումը եղել է ժամկետում։
Տոնոյանը նշեց, որ ՏՎԽ-ն գործում է որպես «Amicus curiae» («դատարանի ընկեր»), որի նպատակն է պաշտպանել խոսքի ազատությունը, տեղեկատվության մատչելիությունը և անձի արժանապատվությունը՝ տրամադրելով խորհրդատվական բնույթի մասնագիտական եզրակացություններ։
«Կան մի շարք դատական ակտեր, որ հենց դատարաններն էլ օգտագործել են ՏՎԽ-ի կարծիքները, նաև Եվրոպական դատարանի վճիռներում կա մեկ-երկու գործ, որտեղ մեջբերվել են նույն խորհրդի կարծիքները»,- ասաց Տոնոյանը։
ՏՎԽ-ն իր կարծիքում եզրահանգել է, որ առկա են հանգամանքներ, որոնք հիմնավորում են՝ Տիգրան Ավինյանի արտահայտությունն ուղղված է եղել ՍիվիլՆեթին։
«Քաղաքապետի սուր խոսքի առիթ է հանդիսացել այն, որ «Ֆակտոր ԹիՎի»-ի տաղավարում կայացած բանավեճում Հայկ Մարությանը վկայակոչել է Տիգրան Ավինյանի մասին ՍիվիլՆեթում հրապարակված մի քննադատական հոդված»,- նշված է եզրակացության մեջ։
Ըստ ՏՎԽ-ի՝ դրան հետևել է Ավինյանի քննադատությունը լրատվամիջոցի հասցեին, որից հետո նա արել է վիճահարույց հայտարարությունը։ Խորհուրդը նաև փաստել է, որ բանավեճի վարողի՝ ՍիվիլՆեթի գործընկերներին չքննադատելու հորդորին, Ավինյանը հակադարձել է, թե շարունակելու է թիրախավորել՝ կրկին վկայակոչելով ՍիվիլՆեթը։
Պատասխանող կողմի առարկությունները
Տիգրան Ավինյանի ներկայացուցիչ Վահագն Գասպարյանն առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ ապացույց ներկայացնելու ժամկետի բացթողումը հարգելի չէ։ Նրա խոսքով՝ ՍիվիլՆեթի ներկայացուցիչը, ակնկալելով ստանալ նման եզրակացություն, պետք է դիմեր դատարանին՝ ապացույցներ ներկայացնելու ժամկետը երկարաձգելու խնդրանքով։
«Գործելով անբարեխիղճ՝ նախ չի տեղեկացրել դատարանին ժամկետների խնդրի մասին, դրանից հետո նոր կողմը միջնորդում է, որ այլ ռեժիմով ընդունվի մի ապացույցը։ Այսկերպ խախտվում է կողմերի մրցակցային դատավարության կարգը»,- նշեց Գասպարյանը։
Նա նաև կասկածի տակ դրեց ՏՎԽ-ին դիմելու ձևը՝ նշելով, որ դիմումն ուղարկվել է ոչ թե կազմակերպության պաշտոնական էլեկտրոնային հասցեին, այլ Խորհրդի անդամներից մեկին՝ Աշոտ Մելիքյանին։ Ըստ Գասպարյանի՝ ներկայացված չէ ապացույց, որ Մելիքյանն իսկապես Խորհրդի անդամ է, և արդյոք նշված էլեկտրոնային հասցեն գոյություն ունի։
Դատարանի դիրքորոշումը և նիստի հետաձգումը
Դատավոր Տիգրան Գրիգորյանը, լսելով կողմերին, նշեց, որ օրենքը կոնկրետ ժամկետ չի սահմանում բաց թողնված ժամկետը հարգելի համարելու միջնորդություն ներկայացնելու համար։ Եթե կողմը հիմնավորում է, որ ապացույցն իրենից անկախ պատճառներով է ուշ ներկայացել, դատարանը կարող է այն ընդունել։ Դատավորի խոսքով՝ մյուս կողմի իրավունքները չեն խախտվում, քանի որ նրանց ժամանակ կտրամադրվի նոր ապացույցին ծանոթանալու և դիրքորոշում հայտնելու համար։
Ինչ վերաբերում է դիմումի հասցեատիրոջը, դատարանը գտավ, որ ՏՎԽ-ի պատասխանից պարզ է դառնում՝ կառույցը դիմումն ընկալել է որպես իրեն ուղղված և տրամադրել է պատասխան։
Ավինյանի ներկայացուցիչը հայտարարեց, որ պատասխանող կողմը վիճարկում է ներկայացված ապացույցի իսկությունը։
Հաշվի առնելով նոր հանգամանքները՝ դատարանը որոշեց նիստը հետաձգել՝ պատասխանող կողմին հնարավորություն տալով ծանոթանալու ՏՎԽ եզրակացությանը և դրա վերաբերյալ դիրքորոշում ու միջնորդություններ ներկայացնելու համար։
Դատական հաջորդ նիստը նշանակվեց հոկտեմբերի 14-ին։
Հայցերն ու պահանջները
ՍիվիլՆեթն այս գործով դատարանին խնդրում է Տիգրան Ավինյանին պարտավորեցնել «Ֆակտորի» ուղիղ եթերում հրապարակայնորեն ներողություն խնդրել վերոնշյալ արտահայտության համար և հեռուստաընկերության կայքում հրապարակել դատարանի վճռի եզրափակիչ մասը։
Քաղաքացիական այս հայցով Սիվիլիթաս հիմնադրամը Ավինյանից դրամական փոխհատուցում չի պահանջում։
ՍիվիլՆեթի հետաքննական հոդվածի համար էլ Տիգրան Ավինյանը դատական հայցով պահանջում է հերքում և 3 մլն դրամ։ Ավինյանի հայցը Սիվիլիթասի դեմ նախորդել է Սիվիլիթասի հայցին նրա դեմ։
ՍիվիլՆեթի լրագրողներ Մկրտիչ Կարապետյանի և Անի Գրիգորյանի հետաքննությունը բացահայտել էր, որ 2018-2021 թթ., երբ փոխվարչապետի պաշտոնում Ավինյանը համակարգում էր նաև գյուղատնտեսության ոլորտը, գյուղատնտեսական մի ծրագրի ինը շահառու ենթապայմանագրային աշխատանք են տվել ծրագիրը վերահսկող պաշտոնյայի՝ Տիգրան Ավինյանի ընտանիքին պատկանող «Իրիգեյթ» ընկերությանը:
Այդ շահառուներից հինգը ստացել է մոտ 620,000 դոլարի ուղղակի վճարումներ՝ ինտենսիվ այգիներ հիմնելու համար: Այգիների հիմնումն իրականացրել է Ավինյանների ընտանիքին պատկանող «Իրիգեյթ» ՍՊԸ-ն։ Հետաքննության պատրաստման ընթացքում ՍիվիլՆեթը բազմիցս փորձել է կապ հաստատել Ավինյանի և նրա ընտանիքի անդամների, ինչպես նաև քաղաքապետարանի խոսնակի հետ՝ մեկնաբանություն ստանալու նպատակով։ Ավինյանները չեն արձագանքել հարցումներին և չեն օգտվել հերքման իրավունքից։
Civilnet











