«Մենք երբեք չենք հանդուրժի մեր նկատմամբ ագրեսիայի կամ անհարգալից վերաբերմունքի որևէ նշան կամ դրսևորում»։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն առաջին անգամ մեկնաբանել է Եկատերինբուրգում Ռուսաստանի անվտանգության ուժերի կողմից իրականացված օպերատիվ գործողությունները, որոնց հետևանքով մահացել են Սաֆարով եղբայրները: Այս մասին Ալիևը խոսել է Ալ- Արաբիային տված հարցազրույցի ընթացքում։
«Երկու մարդ խոշտանգվել և սպանվել է: Եվ ավելի ուշ եկած պաշտոնական տեղեկատվությունը հայտնել է, որ նրանք մահացել են սրտի կաթվածից», - ասել է նա:
Ադրբեջանի նախագահը միջադեպն անվանել է «աննախադեպ գործողություն» ադրբեջանական ժողովրդի դեմ.
«Նույնիսկ եթե նրանք 20 տարի առաջ հանցագործություն են կատարել, ինչպես ասում են, նրանք մարդիկ են: Դուք չեք կարող այդպես վարվել նրանց հետ: Ի՞նչ վերաբերմունք է սա: Նրանց թվում էին Ադրբեջանի և Ռուսաստանի քաղաքացիներ՝ ադրբեջանական ծագմամբ:
Մենք պատասխանատու չենք հարաբերությունների վատթարացման համար: Մենք արձագանքում ենք կառուցողական և օրինական, բայց երբեք չենք հանդուրժի մեր նկատմամբ ագրեսիայի կամ անհարգալից վերաբերմունքի որևէ նշան կամ դրսևորում», - ասել է Ալիևը:
Նրա խոսքով՝ Մոսկվայի հետ հարաբերությունների վատթարացումը սկսվել է «Ադրբեջանական ավիաուղիներ» ընկերության ինքնաթիռի կործանումից, որի համար Ալիևը նախկինում մեղադրել էր Ռուսաստանին: Նա ասել է, որ այդ պահին Ադրբեջանն «զայրացած, վրդովված և հիասթափված էր», և մարդիկ սպասում էին արդար հետաքննության: Սակայն, փոխարենը, սկսվել են «անհիմն հարձակումներ Ռուսաստանում գտնվող ադրբեջանցիների վրա»:
«Ռուսական ուժերի կողմից ադրբեջանական քաղաքացիական ինքնաթիռի խոցումը և ռուս պաշտոնյաների արձագանքը միջադեպին մեծ հիասթափություն և դժգոհություն են առաջացրել Ադրբեջանում»,- ասել է Ալիևը։
2025-ի հունիսին Եկատերինբուրգում անվտանգության ուժերի կողմից իրականացված օպերատիվ գործողությունների արդյունքում ձերբակալվել են տասնյակ էթնիկ ադրբեջանցիներ, որոնք կասկածվում էին 2001-2011-ին կատարված սպանությունների մեջ: Ձերբակալության ժամանակ մահացել է երկու ադրբեջանցի: Հուլիսին լրատվամիջոցները հայտնել են, որ Ադրբեջանը Ռուսաստանի Դաշնությանը փոխանցել է ադրբեջանցիների «խոշտանգումների և սպանության» ապացույցներ:
Civilnet











