Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը վարչապետի որոշմամբ ազատվել է պաշտոնից:
Օգոստոսի 28-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր․ «Ով Կառավարության անունից դիրքորոշում է հայտնել, որ ՀԷՑ-ի գործով Արբիտրաժային դատարանի որոշումը պարտադիր կատարելի է՝ թող դիմում գրի ու գնա: Էդպիսի դիրքորոշում չի կարող լինել»:
Դեռևս հուլիսին Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակը դիրքորոշում էր հայտնել, որ «Ստոկհոլմի արտակարգ արբիտրի վճիռները ենթակա են պարտադիր կատարման»։
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը ևս ազատվել է պաշտոնից՝ սեփական դիմումի համաձայն։
«Ի տարբերություն Լիպարիտ Դրմեյանի, որին ազատել են ՀՀ Միջազգային իրավական հարցերով գրասենյակի ղեկավարի պաշտոնից ոչ սեփական դիմումի համաձայն, ես դադարեցնում եմ գործունեությունս իմ սեփական դիմումի համաձայն»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Սամվելյանը:
***
2025-ի օգոստոսի 4-ին Ստոկհոլմի առևտրային պալատի Արտակարգ արբիտրի կողմից կայացված որոշման շուրջ ՀՀ կառավարությունն ու Սամվել Կարապետյանի ընտանիքը տրամագծորեն հակառակ մեկնաբանություններ են տալիս։ Կառավարությունը հայտարարում է, որ ՀԷՑ-ի բաժնետերերի նոր միջնորդությունները մերժվել են, մինչդեռ Կարապետյանների ճամբարը շեշտում է, որ Արտակարգ արբիտրը հերթական անգամ հաստատել է հուլիսի 22-ի որոշման պարտադիր կատարելի լինելը։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության (ՀԷՑ) բաժնետերերը՝ Կարապետյանները և Liormand Holdings Limited-ը հուլիսի 29-ին կրկին դիմել էին Արտակարգ արբիտրաժին՝ պահանջելով հստակեցնել ՀՀ կառավարության պարտավորությունները հուլիսի 22-ի որոշման կատարման առումով, վերականգնել ընկերության բաժնետերերի դիմումի պահին գործող ստատուս քվոն և պարտադրել հաշվետվություն ներկայացնել իրականացված քայլերի վերաբերյալ։
Օգոստոսի 21-ին Կառավարության որոշմամբ «ՀԷՑ»-ի գործով միջազգային արբիտրաժում ՀՀ շահերի պաշտպանության համար 1 մլն դոլար է հատկացվել:
Civilnet











