Օգոստոսի 1-ի դրությամբ Հայաստանից հեռացել է 16,735 արցախցի

2025-ի օգոստոսի 1-ի դրությամբ Հայաստանից մեկնել է 42,096 բռնի տեղահանված արցախցի, վերադարձել՝ 25,361-ը: Այսինքն, 2023-ի սեպտեմբերի բռնի տեղահանությունից հետո այս տարվա օգոստոսի 1-ի դրությամբ Հայաստանից հեռացել և (դեռ) չի վերադարձել 16,735 արցախցի։ Տվյալները ՍիվիլՆեթին տրամադրել է Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ)։
Հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանից հեռացել և չի վերադարձել 15,522 արցախցի։ Օգոստոսի 1-ի դրությամբ չվերադարձողների թիվը մեկ ամսում աճել է ավելի քան 1,200-ով։ Իսկ հունիսի 1-ի դրությամբ չվերադարձածների թիվը եղել է 13,521, այսինքն՝ հունիսի և հուլիսի միջև աճը մոտ 2,000 է։
ՍիվիլՆեթը բռնի տեղահանված արցախցիների միգրացիային հետևում է 2023-ի դեկտեմբերից։ Դեկտեմբերից մինչև 2025-ի մայիսը միջին հաշվով ամեն ամիս Հայաստանից հեռանում և չի վերադառնում ավելի քան 300 արցախցի։
2024-ի հոկտեմբերից մինչև 2025-ի ապրիլ նկատվում էր վերադարձողների թվի փոքր, բայց կայուն աճ։
2023-ի հոկտեմբերի 26-ին ՀՀ կառավարությունն ընդունեց որոշում, որով արցախցիներին ժամանակավոր պաշտպանության տակ է վերցնում և նրանց օրենքի ուժով ճանաչում փախստական։
Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից հունվարին Ինֆոքոմին հայտնել էին, որ բռնի տեղահանվել է շուրջ 150,000 անձ և նշել էին, որ հստակ թիվ հայտնել հնարավոր չէ:
Տեղադրություն
Թեմա
Civilnet










