ժպտում ես, բայց չես մոռացել. հարազատները սպասում են իրենց անհետ կորածներին

Քեթրին Օդոմ
Նաիրուհի Բայաթյանի ամուսինը՝ Արարատ Սականյանը, անհետ կորել է 2020-ի Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ: Նրա բացակայությունը հատկապես ծանր է անցնում երեխաների՝ 6-ամյա Մոնթեի և 15-ամյա Արփինեի համար:
Նաիրուհու խոսքով՝ Մոնթեն հաճախ է ասում, որ ինքը կգնար ծառայության հոր փոխարեն, եթե իմանար, որ հայրը տուն կգա:
Օգոստոսի 29-ին Գորիսում բացված «Բացակա, բայց ոչ մոռացված» ցուցահանդեսում ներկայացված էր մի լուսանկար, որտեղ Մոնթեն հոր հեռադիտակն է բռնել՝ կարծես հայացքով որոնելով նրա վերադարձը։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) է կազմակերպել այս ցուցահանդեսը՝ նշելու Անհետ կորածների միջազգային օրը (օգոստոսի 30) և հարգանքի տուրք մատուցելու նրանց ընտանիքներին:
Գորիսի պետական դրամատիկական թատրոնում ցուցադրվում էին անձանց և իրերի լուսանկարներ, որոնք կապված են արցախյան վերջին պատերազմի ժամանակ անհետ կորած անձանց հետ: ԿԽՄԿ-ն նմանատիպ ցուցահանդեսներ արդեն կազմակերպել է Արմավիրում և Վանաձորում:
Անհետ կորածների միջազգային հանձնաժողովի տվյալների համաձայն՝ Արցախյան առաջին պատերազմից (1988-1994) մոտ 800 հայ դեռ անհետ կորած է, իսկ 44-օրյա պատերազմի ժամանակ անհետ է կորել մոտ 200 մարդ:
«Այն ընտանիքի համար, որտեղ սիրելի մարդը անհետ կորել է, անհետ կորածների օրը ամեն օր է»,- ուրբաթ իր ելույթի ժամանակ ասաց Հայաստանում ԿԽՄԿ-ի պատվիրակության ղեկավար Դաֆնե Մարեն: Նա շնորհակալություն հայտնեց ընտանիքներին «անձնական ցավալի պատմությունը կիսելու քաջության» համար։
Բայաթյանն ասում է, որ սիրելի մարդու անհետ կորելու ցավն անհնար է հասկանալ՝ առանց այն ապրելու: Բայց, չնայած ցավին, նա փորձում է պահպանել հույսը և ուժը՝ իր և երեխաների համար։ Նա Մոնթեին պատմություններ է պատմում հոր մասին, որին տղան չի տեսել մեկ տարեկանից հետո:
Ռոզա Հայրապետյանը, որի որդին անհետ կորել է 44-օրյայի ժամանակ՝ 2020-ի հոկտեմբերին, ասում է, որ վստահ է՝ Աստված նրան տուն կբերի: Նրա խոսքով՝ որդու վերջին խոսքերն էին. «Մամա, ես վերադառնալու եմ»:
Ռոզայի որդին մինչ ծառայության գնալը տանձի ծառ էր տնկել, որն այժմ ինքն է խնամում՝ սպասելով նրա վերադարձին: Ծառի լուսանկարը ներառված էր ցուցահանդեսում:
«Ես միշտ հիշում եմ նրա վերջին խոսքերը, և համոզված եմ, որ նա կվերադառնա, և սպասում եմ,- ասում է Ռոզան և հավելում, որ ինքը հավատում է հրաշքներին:
Լուսինե Սարգսյանն ամուսնու հետ կապը կորցրել է 2020-ի հոկտեմբերին: Վերջին խոսակցության ժամանակ ամուսինը երաշխավորել է, որ «ամեն ինչ լավ կլինի»: Նա շարունակում է հավատալ, որ իր ամուսինը անվտանգ կվերադառնա տուն, քանի որ «բացասական որևէ բան չի լսել»:
Սարգսյանը ամուսնու՝ 2020-ի սեպտեմբերին ծառայության մեկնելուց ի վեր նրա մի քանի հագուստներ պահում է տան մի աթոռի վրա։ Այդ աթոռի լուսանկարն էլ ներկայացված էր ցուցահանդեսում։

Լուսանկարում պատկերվեած է աթոռը, որտեղ Լուսինե Սարգսյանը թողել է անհետ կորած ամուսնու հագուստը: Գորիս, օգոստոսի 29: (ԼՈՒՍԱՆԿԱՐ՝ CivilNet/Քեթրին Օդոմ)
Սա հատկապես զգայուն ժամանակ է Հայաստանում անհետ կորածների ընտանիքների համար: ԿԽՄԿ-ն այս շաբաթ փակելու է իր պատվիրակությունը Բաքվում՝ ադրբեջանական իշխանությունների պահանջով: Սա մտահոգություն է առաջացնում որոշ ընտանիքների մոտ, որ ապագայում չի մնա երրորդ կողմի կազմակերպություն, որը կօգնի նրանց պարզել իրենց սիրելիների ճակատագիրը:
Անհետ կորածներից բացի՝ անհայտ թվով հայ բնակիչներ 2020-ից ի վեր գերեվարվել են Ադրբեջանի կողմից: Բաքուն պաշտոնապես ընդունել է, որ 23 հայ պատանդ կա, այդ թվում՝ Արցախի նախկին ութ ղեկավար: Բանտարկյալները զրկվում են ընտանիքի հետ կանոնավոր հաղորդակցությունից և չունեն արդար դատաքննության հասանելիություն:
ԿԽՄԿ-ն միակ կազմակերպությունն էր, որը տեսակցում էր Ադրբեջանում պահվող հայ գերիներին՝ ընտանիքներին տրամադրելով լուրեր նրանց մասին: Մարեն ասել է, որ ԿԽՄԿ-ն «կշարունակի պնդել», որ պահպանի այդ կապը, բայց դեռ համաձայնության չի հասել Ադրբեջանի իշխանությունների հետ:
«Մենք չենք կարծում, որ դա մեր գործունեության հնարավորության վերջը կլինի»,- ասել է Մարեն՝ հավելելով, որ «անցած տարիների և տասնամյակների ընթացքում կատարված ամբողջ աշխատանքը ամբողջությամբ չի ոչնչացվի կամ մոռացվի»:
Մարեն ավելացրել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից անցած ամիս նախաստորագրված խաղաղության համաձայնագրում նշվում է, որ երկու կողմերը կշարունակեն զբաղվել պատերազմի ժամանակ անհետ կորածների հարցով:
Այս ամենի ֆոնին անհետ կորածների ընտանիքները շարունակում են հույսով սպասել։ Նրանց համար այդ տանջալից անորոշությունը դարձել է առօրյայի մաս։
«Ամեն օր դու ապրում ես դրա հետ,- ասում է Նաիրուհին՝ շեշտելով։- Երբ ժպտում ես, դա չի նշանակում, որ մոռացել ես»:
Տեղադրություն
Civilnet










