Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 3-ի նիստում մերժել է «Հայաստան» խմբակցության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում էր փոփոխություն կատարել Քրեական օրենսգրքում՝ Հայոց ցեղասպանության ժխտման համար պատասխանատվություն սահմանող հոդվածում։ Ընդդիմադիրների կարծիքով՝ կարգավորումները հստակեցման կարիք ունեն, մինչդեռ իշխանական մեծամասնությունը և կառավարությունը գտնում են, որ գործող օրենքը լիովին բավարար է։
ԱԺ-ից հայտնում են, որ նախագիծը ներկայացնող պատգամավոր Արծվիկ Մինասյանի խոսքով՝ իրենք առաջարկում են Քրեական օրենսգրքի 136-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ։
«Առաջարկվող փոփոխության տրամաբանությունն այն է, որ մենք պարտավոր ենք իրավունքներն առնվազն մեր օրենսդրության շրջանակում ավելի պաշտպանված դարձնել»,- ասել է հիմնական զեկուցող Արծվիկ Մինասյանը: Նա նշել է, որ բազմաթիվ են դեպքերը, երբ անձինք պարզապես հերքում են Հայոց ցեղասպանության փաստը:
Ի պատասխան՝ հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը նշել է, որ նախագիծն անհրաժեշտ չէ։
«Ոչ ոք Հայոց ցեղասպանությունը ՀՀ-ում չի հերքել, չի հերքում և չի էլ հերքելու։ Հայոց ցեղասպանությունը մեզանից յուրաքանչյուրի կոլեկտիվ հիշողության մասն է»,- ասել է նա։
Վարդանյանի համոզմամբ՝ Հայոց ցեղասպանության հերքումն արդեն իսկ քրեականացված է՝ Եվրոպական դատարանի չափանիշներին համապատասխան, և որևէ փոփոխություն կատարելու կարիք չկա։ Նա ընդգծել է, որ Հայաստանում Ցեղասպանության հերքման վտանգ չկա և չի լինելու։
Կառավարությունը ևս բացասական եզրակացություն է տվել նախաձեռնությանը։ Արդարադատության փոխնախարար Գևորգ Քոչարյանի խոսքով՝ առաջարկվող փոփոխությունների նպատակահարմարությունը բացակայում է։
Արդյունքում, օրենքի նախագիծը ստացել է բացասական եզրակացություն։
Civilnet











