Արցախցիների ընտրական մասնակցությունը՝ ինտեգրման և Հայաստանում մնալու կարևոր պայման

Գայանե Զաքարյան
Հայաստանի իշխանությունները շարունակում են բռնատեղահանված արցախցիներին դիտարկել որպես հնարավոր բողոքական ընտրազանգված և ՀՀ նախորդ երկու՝ ծագումով արցախցի նախագահների (Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի) քաղաքական համակիրներ: Այս մտավախությամբ էլ պայմանավորված է իշխանությունների, մեղմ ասած, զգուշավոր և կասկածամիտ վերաբերմունքը նրանց նկատմամբ: Իշխանական և մերձիշխանական շրջանակներում, ըստ այդմ, լուրջ վտանգ են տեսնում բռնատեղահանվածների քաղաքականացման մեջ և մերժում են նրանց այդ իրավունքը՝ հընթացս արցախցիներին մեղադրելով անշնորհակալ լինելու մեջ: Ավելին՝ ուղղակի կամ անուղղակի խրախուսում են արցախցիների նկատմամբ ատելության խոսքը հանրային հարթակներում: Բայց արդյոք հիմնավո՞ր են իշխանությունների կասկածները, և արդյոք բռնատեղահանվածները չպե՞տք է զբաղվեն քաղաքականությամբ: Ու ի՞նչ ենք հասկանում դրա տակ:
«Ստեփանակերտ» մեդիա ակումբի նախագահ Գեղամ Բաղդասարյանը, օրինակ, հիշեցնում է, որ Լեռնային Ղարաբաղից բռնատեղահանվածներն ունեն մարդու հիմնարար բոլոր իրավունքները, այդ թվում՝ քաղաքական իրավունքները, ներառյալ հավաքական քաղաքական իրավունքները, որոնցից ամենակարևորը վերադարձի իրավունքն է: Այնպես որ, ըստ նրա, քաղաքականությամբ զբաղվելու, սեփական խնդիրները քաղաքականացնելու և դրանք քաղաքական հեռանկարների համապատկերում դիտարկելու, քաղաքական օրակարգեր ձևավորելու մեջ ոչ մի վատ կամ ապօրինի բան չկա, դա բռնատեղահանվածների իրավունքն է, և ոչ ոք չի կարող դրանից զրկել նրանց:
Խնդիրը, ըստ Բաղդասարյանի, այլ է. «Արցախյան խիստ քաղաքականացված որոշակի շրջանակներ, ՀՀ ներքաղաքական զարգացումներին սերտորեն առնչված, պարբերաբար փորձում են բռնատեղահանվածների սոցիալական խնդիրներն օգտագործել իրենց քաղաքական-ներքաղաքական օրակարգերն առաջ տանելու համար: Ցավոք, շարունակվում է Արցախի ու արցախցիների խնդիրների դիտարկումը հայաստանյան ներքաղաքական պայքարի տրամաբանությամբ: Անձնական-խմբային-կլանային օրակարգերը որպես հանրային օրակարգ ներկայացնելը հակառակ էֆեկտն է ունենում՝ խանգարում է արցախցիների անհատական և հավաքական իրավունքների շուրջ հանրային կոնսենսուսի ձեռքբերմանը»:
Վերջերս, «Ստեփանակերտ» մեդիա ակումբի կազմակերպած մի քննարկմանը արցախյան և հայաստանյան հանրային մի շարք առաջնորդներ նշեցին ՀՀ առաջիկա ՏԻՄ և 2026-ի հունիսի համապետական ընտրություններին բռնատեղահանվածների մասնակցության խիստ կարևորությունը և այն դիտարկեցին ՀՀ հանրությանը ինտեգրվելու տեսանկյունից: Արցախցի հանրային գործիչներն ավելի են կոնկրետացնում խնդիրը՝ ընտրություններին մասնակցությունը դիտարկելով Լեռնային Ղարաբաղից բռնատեղահանվածներին Հայաստանում պարզապես պահելու տեսանկյունից՝ գտնելով, որ պատմական այս բարդ փուլում սա, թերևս, ամենակարևորն է: Գաղտնիք չէ, որ գնալով մեծանում է Հայաստանից հեռացող արցախցիների թիվը, ինչի պատճառները բազմազան են (ըստ վերջին տվյալների՝ ՀՀ-ն լքել է շուրջ 17,000 բռնատեղահանվածներ): Իսկ ՀՀ-ում մնալու համար, ըստ արցախցի հանրային գործիչների, անչափ կարևոր է հենց այստեղ հեռանկար տեսնելը, այստեղի հանրային կյանքին մասնակցության և ինքնադրսևորման հնարավորությունը: Ու դրա լավագույն առիթներից մեկը ՏԻՄ և համապետական ընտրություններին մասնակցությունն է:
Քննարկմանը Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը դիպուկ համարեց «ընտրական իրավունքի իրացման միջոցով ինտեգրում» ձևակերպումը, ինչին նա լիովին համաձայն է: Ընդսմին, նա ընդգծեց, որ ՏԻՄ ընտրություններում ինտեգրվելու շատ ավելի մեծ ռեսուրս կա, քանի որ համայնքային մակարդակում որոշումների վրա ազդելու հնարավորություններն ավելի մեծ են: Ու ամենակարևորը՝ ՏԻՄ ընտրությունների մասնակցության համար, ի տարբերություն, օրինակ, խորհրդարանական ընտրությունների, քաղաքացիության պահանջ չկա, ուստի բռնատեղահանվածների համար այս ընտրություններն ինտեգրման ավելի մեծ ռեսուրս ունեն:
Այս առնչությամբ քննարկվեցին ընտրական գործընթացին առնչվող մի շարք էական հարցեր, մասնավորապես՝ քաղաքացիություն չունեցողների ինչ քվոտա է թույլատրվում կուսակցական ընտրացուցակներում, քանի որ կուսակցության անդամ կարող են լինել միայն ՀՀ քաղաքացիները (հայտնի է, որ կուսակցական ցուցակում ոչ կուսակցականների քվոտան 30 տոկոս է): Խոսվեց դիտորդական առաքելություններում բռնատեղահանվածներին ներգրավելու մասին, ինչպես նաև ընտրատեղամասային հանձնաժողովներում բռնատեղահանվածներին ընդգրկելու մասին՝ պոզիտիվ խտրականությամբ:
Իսկ արդյոք ԿԸՀ-ն ունի՞ ՏԻՄ և համապետական ընտրություններին բռնատեղահանվածներին ներգրավելու ու նրանց մասնակցության հետ կապված դժվարությունները հաշվի առնելու հայեցակարգ կամ մարտավարություն: Մյուս կողմից էլ, կա կարծիք, որ պետք չէ բռնատեղահանվածներին դիտարկել որպես ընտրազանգվածի առանձին թիրախային խումբ, քանի որ դա կարող է, մեղմ ասած, չնպաստել նրանց ինտեգրմանը, և որ շատ ավելի նպատակահարմար կլինի լայնածավալ ու հանրամատչելի իրազեկման արշավ անցկացնել բոլոր ընտրողների համար:
Կա նաև մտահոգություն, որ ՏԻՄ և համապետական առաջիկա ընտրություններում քաղաքական ուժերը շահարկելու են Արցախի թեման և անիրականալի խոստումներով փորձելու են շահել բռնատեղահանվածների համակրանքը՝ խաղալով նրանց զգացմունքների վրա և արդյունքում ևս մի հոգեբանական տրավմա պատճառելով: Այս առումով կարևոր համարվեց արցախյան քաղաքացիական հասարակության առաքելությունը բռնատեղահանվածների շրջանում, քաղաքական ուժերի գործունեության անաչառ լուսաբանումը նրանց համար, ինչպես նաև սեփական նախաձեռնությամբ կուսակցությունների ծրագրերի քննարկումների կազմակերպումն այն համայնքներում, որոնցում արցախցիները համեմատաբար մեծաթիվ են: Սա կարևոր է նաև այն առումով, որ բռնատեղահանվածները կարող են քաղաքական ուժերի կողմից ընտրակաշառքների թիրախ դառնալ:
Այսպես թե այնպես, ՀՀ-ում առաջիկա ընտրությունները կարևոր դեր են խաղալու արցախցիների ճակատագրում: «Ստեփանակերտ» մեդիա ակումբի նախագահ Գեղամ Բաղդասարյանը վստահ է, որ շատ կարևոր է արցախցիների լիիրավ մասնակցությունը ՀՀ հասարակական-քաղաքական կյանքին: «Սա մեզ կօգնի դուրս գալ հոգեբանական մեկուսացվածությունից ու հաղթահարել շրջակա միջավայրը միայնումիայն սեփական խնդիրների տեսանկյունից դիտարկելու բարդույթը: Մարդիկ կարող են ներգրավված լինել հայաստանյան տարբեր քաղաքական ուժերում, մասնակցել ՏԻՄ և համապետական ընտրություններին, դրանց արդյունքում ներգրավված լինել տարբեր ատյաններում ու հարթակներում և, ըստ այդմ էլ, ավելի մեծ հնարավորություններ ունենալ նաև սեփական խնդիրների լուծումն առաջ մղելու համար: Սա էլ, իր հերթին, կնպաստի հավաքական արցախահայությանը այս կամ այն քաղաքական շրջանակի հետ առնչելու մասին անիմաստ խոսույթների չեզոքացմանը»,- ասում է նա:
Տեղադրություն
Civilnet










