«Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր, գործարար Սամվել Կարապետյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը սեպտեմբերի 8-ին մերժել է նրա պաշտպանների բողոքը՝ խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ։
Պաշտպանական կողմը վիճարկում էր առաջին ատյանի դատարանի որոշումը։
Բացի այդ, դատարանը նաև մերժել է Գլխավոր դատախազության բողոքը՝ փողերի լվացման հիմնավոր կասկածը հաստատելու հետ կապված։ Հուլիսին նրան նոր մեղադրանք էին առաջադրել՝ «մի քանի ընկերությունների գործունեության հետևանքով փողերի լվացման համար»:
Պաշտպանական կողմի արձագանքը
Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը հայտարարություն է տարածել՝ դատարանի որոշումը որակելով կանխատեսելի և քաղաքական հետապնդման մաս։
«Վերաքննիչ դատարանի այսօրվա որոշումը կանխատեսելի էր ու եկավ հաստատելու Հայաստանում դատական և իրավապահ համակարգի՝ քաղաքական հետապնդում իրականացնելու գործիք լինելու մասին կարծիքը։ Անհեթեթ մեղադրանքով ու նույնպիսի «հիմնավորումներով» ազգային բարերար և հայտնի գործարար Սամվել Կարապետյանին կալանավորելու որոշումները, որ կոչված են բավարարել փոքրիկ խմբակի ղեկավարի քմահաճույքները, ցավալիորեն զրկում են մեր երկիրը իրավական և ժողովրդավար պետության կարգավիճակից»,- ասված է հայտարարության մեջ։
Միևնույն ժամանակ, խորհուրդը նշել է, որ դատարանը մերժել է դատախազության բողոքը՝ անփոփոխ թողնելով առաջին ատյանի որոշումը, որով «հերքվել էր անգամ նվազագույն հիմնավոր կասկածի մակարդակում» Կարապետյանի առնչությունը փողերի լվացման մեղադրանքին։
«Մենք հետևողականորեն շարունակելու ենք պայքարը հանուն արդարության՝ մեր ձևով»,- եզրափակել են պաշտպանները։
***
Գործարարի կալանավորմանը նախորդել էր նրա և ՀՀ իշխանությունների հարաբերությունների կտրուկ սրումը։ Հունիսի 17-ին Սամվել Կարապետյանը հայտարարությամբ հանդես եկավ՝ քննադատելով իշխանություններին Ամենայն Հայոց կաթողիկոսի և հոգևորականության դեմ սկսված արշավի համար։
Այդ հայտարարությանը կոշտ արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Դրանից կարճ ժամանակ անց իրավապահ մարմինները «օպերատիվ գործողություններ» իրականացրին գործարարի երևանյան առանձնատանը, ինչից հետո նա ձերբակալվեց և ավելի ուշ՝ կալանավորվեց։
Civilnet











