Ազգային ժողովը սեպտեմբերի 8-ին առաջին ընթերցմամբ քննարկել է օրենսդրական փաթեթ, որով առաջարկվում է խստացնել պատիժները վարժական հավաքներից խուսափելու համար և ընդլայնել Ռազմական ոստիկանության (ՌՈ) լիազորությունների շրջանակը։ Նախագիծը ներկայացրել է պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։
Փոփոխությունների հիմնական նպատակներից է Քրեական օրենսգրքի 462-րդ հոդվածում հստակ սահմանել, թե ինչն է համարվում վարժական հավաքից խուսափել։ Ըստ նախագծի՝ խուսափում կդիտվի ոչ միայն զինկոմիսարիատ չներկայանալը, այլև բժշկական փորձաքննություն չանցնելը կամ հավաքին ներգրավվելուց որևէ այլ եղանակով հրաժարվելը։ Այս դեպքում նախատեսվելու է քրեական պատասխանատվություն տուգանքի տեսքով կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, ինչպես նաև ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով:
Բացի այդ, առաջարկվում է նաև խստացնել պատասխանատվությունը, եթե հանցանքը կատարվել է ծանրացնող հանգամանքներում։ Մասնավորապես, 2-ից 5 տարի ժամկետով ազատազրկում է սահմանվում, եթե քաղաքացին հավաքից խուսափել է՝ իրեն մարմնական վնասվածք պատճառելով, հիվանդություն ձևացնելով կամ փաստաթուղթ կեղծելով։
Միևնույն ժամանակ, նախագծով սահմանվում է խրախուսական նորմ․ քրեական պատասխանատվությունից կազատվի այն անձը, ով մինչև վարժական հավաքի ավարտը կամավոր կներկայանա և կմասնակցի դրան։
Ռազմական ոստիկանության նոր լիազորությունները
Փաթեթի երկրորդ մասով առաջարկվում է վերանայել Ռազմական ոստիկանության գործառույթները։ Եթե գործող օրենքով ՌՈ-ի խնդիրը հիմնականում հանցագործությունների կանխումն ու խափանումն է, ապա նոր կարգավորումներով նրանց կվերապահվի նաև հանցագործությունների հայտնաբերման և բացահայտման լիազորություն։
Բացի այդ, Ռազմական ոստիկանությունը կաջակցի զինվորական կոմիսարիատներին զորակոչի, զորահավաքի և վարժական հավաքների կազմակերպման գործընթացում։
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի ներկայացմամբ Ռազմական ոստիկանության իրավասություններում հստակեցվում է Ռազմական ոստիկանության գործունեությունը ոչ միայն հանցագործությունները կանխելիս եւ խափանելիս, այլեւ հայտնաբերելիս եւ բացահայտելիս: ՌՈ-ին իրավասություն է վերապահվում աջակցել զինվորական կոմիսարիատերին քաղաքացիների զինվորական հաշվառման, պարտադիր կամ զորահավաքային զորակոչի, պահեստազորային պատրաստության միջոցառումների կազմակերպման գործընթացում:
Civilnet











