Գլխավոր Լրահոս

Մայրը պահանջում է երեխաներին անհապաղ հանձնել իր խնամքին. տեղի է ունեցել առաջին նիստը

Մայրը պահանջում է երեխաներին անհապաղ հանձնել իր խնամքին. տեղի է ունեցել առաջին նիստը

Գևորգ Թոսունյան

Սեպտեմբերի 9-ին Գավառի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Վարսենիկ Սեդրակյանի հայցով դատական նիստը, որով նա պայքարում է իր երեք անչափահաս երեխաներին վերադարձնելու համար։ Դատարանը լսեց կողմերին և հեռացավ խորհրդակցական սենյակ. հայցվորի միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակի սեպտեմբերի 12-ին։

ՍիվիլՆեթը նախկինում անդրադարձել է Վարսենիկի պատմությանը՝ ներկայացնելով նրա նկատմամբ ընտանիքում գործադրված բռնությունը։ Ավելի վաղ դատարանը երեխաների բնակության վայր էր սահմանել հոր՝ Աբրահամ Մարգարյանի տունը, սակայն Վարսենիկը նոր հայցով փորձում է փոխել այդ որոշումը։

Հայցվոր կողմի դիրքորոշումը

Վարսենիկի ներկայացուցիչը՝ փաստաբան Շուշանիկ Արսենյանը

Դատական նիստին Վարսենիկ Սեդրակյանի ներկայացուցիչ, փաստաբան Շուշանիկ Արսենյանը ներկայացրել է հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդություն։ Դրանով նա պահանջել է պարտավորեցնել հորը՝ Աբրահամ Մարգարյանին, երեք անչափահաս երեխաներին հանձնել մոր՝ Վարսենիկ Սեդրակյանի խնամքին՝ մինչև գործով վերջնական վճռի օրինական ուժի մեջ մտնելը։

Բացի այդ, փաստաբանը դատարանում ներկայացրել է Գառնիի և Մարտունիի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների դիրքորոշումները, համաձայն որոնց՝ երեխաների լավագույն շահից է բխում նրանց բնակությունը մոր հետ։

«Մարտունիում, ի դեպ, հանձնաժողովն արձանագրել էր երեխաների անխնամ վիճակը, ինչպես նաև հոր ագրեսիվ պահվածքը»,- ասաց փաստաբանը։

Արսենյանը դատարանի ուշադրությունն է հրավիրել այն փաստին, որ երեխաների հայրը՝ Աբրահամ Մարգարյանը, դատավճռով մեղավոր է ճանաչվել իր եղբոր նկատմամբ բռնություն գործադրելու համար, ինչպես նաև ոստիկանությունում հաշվառված է որպես Վարսենիկի նկատմամբ բռնություն գործադրող անձ։ Նա նաև նշել է, որ հոր բնակության վայրին մոտ դպրոց չկա, ինչը խոչընդոտում է երեխաների կրթության իրավունքի իրացումը։

Պատասխանող կողմի դիրքորոշումը

Պատասխանող Աբրահամ Մարգարյանի ներկայացուցիչ Թամարա Գրիգորյանը

Պատասխանող Աբրահամ Մարգարյանի ներկայացուցիչ Թամարա Գրիգորյանը պնդում է, որ մոր ներկայացրած նոր հայցն անհիմն է, քանի որ երեխաների բնակության վայրը սահմանող նախորդ դատական ակտը ուժի մեջ է մտել ընդամենը ամիսներ առաջ։ 

«Ընդհանրապես սխալ էր նման հայցատեսակով դատարան մտնելը, որովհետև դատական ակտն ընդամենը մայիսի 5-ին է ուժի մեջ մտել, և այդ կարճ ժամանակահատվածում որևէ էական հանգամանք գործով չի փոփոխվել»,- ՍիվիլՆեթին ասաց փաստաբանը։

Ներկայացուցիչը խնամակալության հանձնաժողովների եզրակացությունները համարում է «ուղղված եզրակացություններ»՝ պնդելով, որ դրանք կողմնակալ են, քանի որ հանձնաժողովները երեխաներին չեն լսել, այլ հիմնվել են միայն ծնողների բացատրությունների վրա։ 

«Կողմերը երեխաներին, համենայնդեպս, չեն լսել»,- ասաց նա։ 

Թամարա Գրիգորյանի խոսքով՝ երեխաները գտնվում են «շատ լավ պայմաններում», հաճախում են մանկապարտեզ, իսկ հայրն աշխատում և հոգում է նրանց կարիքները։ Ավելին, հենց հայրն է դիմել դատարան՝ մորից ալիմենտ բռնագանձելու պահանջով, սակայն, ըստ Թամարա Գրիգորյանի, մայրը, «թեև նշել է, որ աշխատում է, բայց խուսափում է ալիմենտ վճարելուց» և մինչ օրս որևէ վճարում չի կատարել։

Ինչ վերաբերում է դպրոցին, ապա Գրիգորյանը հայտնեց, որ այն գործող է և լիցենզավորված, սակայն շենքային պայմանների պատճառով դասերը ժամանակավորապես անցկացվում են այլ հասցեում՝ դպրոցի համար հարմարեցված բնակարանում։ Նրա խոսքով՝ դպրոցն ապահովված է անհրաժեշտ գույքով՝ գրատախտակով և նստարաններով, և ինքն ունի համապատասխան լիցենզիայի պատճենը։

Հերքելով հոր դատվածության մասին պնդումները՝ փաստաբանը նշեց. «Հայրը դատապարտվել է, գործը գտնվում է նախաքննության փուլում։ Իրականում չի եղել բռնություն, այլ կողմը փորձել է իմ կողմին հրահրել ինչ-որ գործողություններ կատարելու»։

ՍիվիլՆեթը, սակայն, պարզեց, որ Գեղարքունիքի մարզի դատարանի 2024-ի օգոստոսի 7-ի դատավճռի համաձայն՝ Աբրահամ Մարգարյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված արարքում (մերձավոր ազգականի նկատմամբ բռնություն գործադրելը)։

Դատավճռի համաձայն՝ նա ծեծկռտուքի ժամանակ բազմաթիվ հարվածներ է հասցրել իր եղբորը՝ Արտյոմ Մարգարյանին։ Աբրահամ Մարգարյանը համաձայնել է մեղադրանքի հետ, և գործը քննվել է արագացված վարույթով։

Դատարանը, որպես մեղմացնող հանգամանք հաշվի առնելով Աբրահամ Մարգարյանի խնամքի տակ երեք անչափահաս երեխայի առկայությունը, նրա նկատմամբ որպես պատիժ է նշանակել 100 ժամ տևողությամբ հանրային աշխատանքներ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում