Նեյթ Օստիլլեր, հոդվածը թարգմանվել է OC Media-ի հետ գործընկերության շրջանակում
Ասիֆ Մամադովը՝ Ադրբեջանի սփյուռքի ղեկավարներից մեկը, Ռուսաստանի Իվանովո քաղաքում ստիպված է եղել դուրս գալ առաջիկա տեղական ընտրություններից՝ չնայած նրան, որ առաջադրվել էր Ռուսաստանի իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության կողմից։
Մամադովի թեկնածությունը հայտնվել էր կրեմլամետ բլոգերների և մեկնաբանների ուշադրության կենտրոնում։ Շատերը դժգոհում էին, որ Մամադովը հանդես է գալիս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի աջակցության դիրքերից այն պահին, երբ Մոսկվայի և Բաքվի հարաբերությունները պատմական նվազագույնի վրա են։ Բացի այդ, Մամադովին մեղադրում էին ռուսերեն «վատ» խոսելու մեջ, ինչպես նաև ենթադրյալ հանցավոր սխեմաների և կոռուպցիոն գործերի մեջ ներգրավված լինելու համար։

Հանրաճանաչ բլոգեր Յուրի Պոդոլյական, որի տելեգրամյան ալիքն ունի ավելի քան 3 միլիոն հետևորդ, բազմիցս քննադատել էր Մամադովին։ Նա տարածել էր Մամադովի ելույթի տեսանյութը, որտեղ վերջինս ռուսերեն խոսելիս արտասանության ակնհայտ սխալներ է անում։ Պոդոլյական գրել էր, որ Մամադովը «նույնիսկ չի փորձում լեզուն սովորել»։
«Ո՞վ կհավատա, որ լեզվի և, հետևաբար, ռուսական մշակույթի հանդեպ նման «հարգանքով» այս մարդը պատրաստվում է հոգ տանել շրջանի բնակիչների մասին»։
Մյուս գրառման մեջ Պոդոլյական պնդել էր, թե Մամադովը «իր հայրենիք է համարում Ադրբեջանը, ոչ թե Ռուսաստանը»։ Նա նաև Մամադովի թեկնածության վտանգավորությունն ուղղակիորեն կապել էր Ադրբեջանի «հակառուսական դիրքորոշման» հետ, ընդգծելով նախագահ Ալիևի անձնական վերաբերմունքը Ռուսաստանի հանդեպ և Բաքվում ռուսաստանցիների կալանավորման հարցը։ Խոսքը մի շարք ռուսների մասին էր, այդ թվում՝ պետական «Սպուտնիկ Ադրբեջան» լրատվամիջոցի ներկայացուցիչների, որոնց ձերբակալումը Մոսկվայի պաշտոնյաները համարում են երկու երկրների հարաբերությունների կարգավորման լուրջ խոչընդոտ։
Մամադովի դեմ քննադատությունները չէին սահմանափակվում միայն բլոգերներով։ Ռուսական պետական քարոզչության հայտնի դեմք, հեռուստահաղորդավար Սերգեյ Մարդանը նրան մի ամբողջ հաղորդում էր նվիրել՝ մշտապես շեշտելով Մամադովի ադրբեջանցի լինելը։ Նա նշել էր, որ եթե Մամադովի թեկնածությունը պահպանվեր, նա «գրեթե հաստատ» կհաղթեր, և կոչ էր արել «Եդինայա Ռոսիա»-ի ղեկավարությանը «լուրջ մտածել» ընտրություններից առաջ։
Սկանդալից հետո Իվանովոյի տեղական ընտրական հանձնաժողովը չեղարկել է Մամադովի գրանցումը, թեև հայտնի չէ՝ արդյոք որոշման մեջ կոնկրետ հիշատակվել են Պոդոլյակայի, Մարդանի կամ այլոց հարձակումները։
Ադրբեջանի իշխանամետ Caliber պորտալը արձագանքել է կոշտ հոդվածով՝ պնդելով, որ «Ռուսաստանում ադրբեջանատյացության մակարդակը աննախադեպ բարձրության է հասնում»։ Պարբերականը Մարդանի հռետորաբանությունը որակել էր «մաքուր նացիզմ՝ զրկված ցանկացած քողի ներքո թաքնվելու փորձից», և ընդգծել, որ «այսօրվա Ռուսաստանում ադրբեջանցիները կարող են բախվել այնպիսի վերաբերմունքի, ինչպիսին հրեաներն էին ենթարկվում նացիստական Գերմանիայում»։
Մամադովի շուրջ սկանդալը համընկել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների վատթարագույն շրջանին, որոնք սրվել են 2024-ի դեկտեմբերից ադրբեջանական AZAL ավիաընկերության ինքնաթիռի կործանումից հետո, որի խոցումը Բաքուն վերագրում է ռուսական հակաօդային պաշտպանությանը։ Դրան գումարվել է 2025-ի հունիսին Եկատերինբուրգում ոստիկանության գործողության ժամանակ երկու ադրբեջանցիների մահը։
Civilnet











