Թուրքիայից ապրանքների մուտքը սահմանի հնարավոր բացումից հետո չի հանգեցնի տնտեսական «կատաստրոֆայի», ասել է Հայաստանի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Հինգշաբթի երեկոյան Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Հովհաննիսյանը հերքել է մտավախությունները, թե թուրքական էժան ապրանքների հեղեղը կարող է կործանել տեղական գյուղատնտեսությունն ու արտադրությունը։
Նրա խոսքով՝ թուրքական ապրանքներն այսօր էլ հասնում են Հայաստան՝ Վրաստանի տարածքով․ «Մենք պետք է մեր քաղաքացիներին ասենք, որ այսօր էլ Թուրքիայից Հայաստան ապրանք է գալիս։ Այդ ապրանքը ուղղակի գալիս է Վրաստանի տարածքով։ Մի քիչ Վրաստանին փող ենք տալիս, նոր է գալիս։ Հիմա, կարելի է ասել, որ այդ ներմուծումը մի փոքր կէժանանա, բայց կէժանանա նաև մեր արտահանումը։ Այո՛, որոշակի տարբերություններ կլինեն, կլինեն ընկերություններ, որոնք դժվարություններ կունենան, բայց պետք է այդ մրցակցությանը դիմանալ։ Եվ ես կարծում եմ, որ փոփոխություններ լինելու են, բայց դա այդպես ցնցում չի, կատաստրոֆա չի»։
Նախարարը շեշտել է, որ սահմանի բացումը մեծ հնարավորություններ կստեղծի Հայաստանի համար՝ դառնալու տարանցիկ երկիր․ «Այստեղ մեծ հնարավորություններ կան, որոնցից պետք է օգտվենք»։
Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը ուրբաթ հատելով սահմանը՝ Ալիջան-Մարգարա հատվածով ժամանել է Հայաստան։
Հայաստանը և Թուրքիան 2022-ին պայմանավորվել էին սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների համար, սակայն պայմանավորվածությունը դեռ կյանքի չի կոչվել։
Civilnet











