Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը սեպտեմբերի 12-ին որոշում է կայացրել երեք անչափահաս երեխաների խնամքի հետ կապված գործով։ Դատավոր Սյուզաննա Պողոսյանը մերժել է մոր՝ Վարսենիկ Սեդրակյանի միջնորդությունը՝ մինչև գործով վերջնական վճռի կայացումը երեխաներին իր խնամքին հանձնելու մասին։ Միևնույն ժամանակ, դատարանն իր նախաձեռնությամբ կիրառել է հայցի ապահովման այլ միջոց՝ սահմանելով երեխաների և մոր տեսակցության հստակ կարգ, ավելի երկար, քան նախկինում էր։
Որոշման մանրամասները
Դատարանը, մերժելով մոր ներկայացուցչի միջնորդությունը, հիմք է ընդունել այն հանգամանքը, որ արդեն իսկ առկա է օրինական ուժի մեջ մտած դատական վճիռ (05.05.2025-ին), որով երեխաների բնակության վայր սահմանվել է հոր՝ Աբրահամ Մարգարյանի հասցեն։ Դատարանը գտել է, որ մոր ներկայացրած նոր հիմնավորումները (դպրոցի անբավարար պայմաններ, հոր կողմից մոր նկատմամբ նախկինում կիրառված բռնություն, տանը արձանագրված թափթփվածություն) բավարար չեն՝ փոփոխելու համար օրինական ուժի մեջ մտած դատական ակտը։ Ըստ դատավորի՝ հոր կողմից երեխաների նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ ապացույց չի ներկայացվել։
Այդուհանդերձ, ելնելով երեխաների լավագույն շահից և ընտանեկան վեճերի առանձնահատկություններից, դատարանը որոշել է իր նախաձեռնությամբ կարգավորել մոր և երեխաների շփումը՝ վեճի քննության ընթացքում։ Որոշման համաձայն՝ հայրը՝ Աբրահամ Մարգարյանը, պարտավորվում է չխոչընդոտել Վարսենիկ Սեդրակյանի տեսակցությանը երեխաների հետ և ապահովել ավելի լայն գրաֆիկ, քան նախկինում էր՝ յուրաքանչյուր շաբաթվա ուրբաթ օրը՝ ժամը 16:00-ից, մինչև կիրակի օրը՝ ժամը 14:00-ն, գիշերակացով՝ մոր բնակության վայրում։ Նախկինում գիշերակացով չէր, իսկ Վարսենիկը ամեն անգամ Գողթից հասնում էր Գավառ, որ մի քանի ժամով հանդիպեր իր երեխաներին։
Նախապատմություն և կողմերի դիրքորոշումներ
Սեպտեմբերի 9-ին կայացած դատական նիստին մոր ներկայացուցիչը պնդել էր, որ երեխաների շահերից է բխում նրանց բնակությունը մոր հետ՝ վկայակոչելով խնամակալության հանձնաժողովների դրական եզրակացությունները, երեխաների անխնամ վիճակը և հոր բռնարար պահվածքը։ Ըստ փաստաբանի՝ հայրը դատապարտվել է եղբոր նկատմամբ բռնության համար և հաշվառված է ոստիկանությունում՝ կնոջ նկատմամբ բռնության համար։
Հոր ներկայացուցիչն իր հերթին պնդել էր, որ հայցն անհիմն է, քանի որ նախորդ վճիռը կայացվել է ամիսներ առաջ, և էական փոփոխություններ տեղի չեն ունեցել։ Նա խնամակալության մարմինների եզրակացությունները համարել էր կողմնակալ, իսկ դպրոցի հետ կապված խնդիրը՝ ժամանակավոր։ Փաստաբանը նաև հերքել էր հոր դատվածության մասին պնդումը՝ նշելով, թե գործը նախաքննության փուլում է։
Սակայն, ինչպես պարզել էր Սիվիլնեթը, Գեղարքունիքի մարզի դատարանի 2024-ի օգոստոսի 7-ի դատավճռով Աբրահամ Մարգարյանը մեղավոր է ճանաչվել եղբորը ծեծի ենթարկելու համար և դատապարտվել 100 ժամվա հանրային աշխատանքների։
Civilnet











