Հայկ Հովհաննիսյան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը Ազգային ժողովի սեպտեմբերի 8-ի նիստին, անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորների ելույթներին, հայտարարեց, թե «Սրբազան շարժման» անդամները մեղադրվում են «ավտոբուսներ այրելու» և «զինված հեղաշրջման հրապարակային կոչեր» անելու համար։
«Այն մարդիկ, ում մասին խոսում էին մեր գործընկերները, մեղադրվում են ահաբեկչություն կազմակերպելու մեջ, մեղադրվում են Հայաստանում զինված հեղաշրջման հրապարակային կոչերում, [...] մեղադրվում են Հայաստանում սահմանադրական կարգի տապալման՝ չգիտեմ ավտոբուսներ այրելու, քաոս ստեղծելու, քաղաքացիների կյանքին վտանգ սպառնալու մեջ…»,- ասել է Կոնջորյանը։
Կոնջորյանն այսպես արձագանքել էր «Հայաստան» խմբակցության պատգամավորների ելույթներին, որոնք իշխանությանը մեղադրում էին ընդդիմադիր գործիչներին քաղաքական դրդապատճառներով հետապնդելու մեջ։
Մեղադրանքի բովանդակությունը
2025-ի մարտին Քննչական կոմիտեում քրեական վարույթ էր նախաձեռնվել, իսկ հունիսին «Սրբազան պայքար» շարժման մի շարք անդամներ, այդ թվում՝ Բագրատ արք. Գալստանյանը և ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը, ձերբակալվեցին և այնուհետև կալանավորվեցին։ Նրանց մեղադրանք առաջադրվեց «իշխանության յուրացման նախապատրաստության» և «ահաբեկչության նախապատրաստության» համար։ Առանձին գործով՝ իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար կալանավորվեց նաև Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արք. Աջապահյանը։
Կոնջորյանի հայտարարության համաձայն՝ ընդդիմադիր գործիչները մեղադրվում են ավտոբուսների հրկիզման նախապատրաստման մեջ։ Մինչդեռ հուլիսի 7-ին Ազգային ժողով ներկայացված գլխավոր դատախազի միջնորդագրի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նման դրվագ կամ մեղադրանք չկա։ Նշենք, որ 77-էջանոց միջնորդագրում ներկայացված են մեղադրանքներն ու դրանք հիմնավորող նյութերը, մեծամասամբ՝ մեղադրանքին վերաբերող ձայնագրություններ։
Պաշտոնական փաստաթղթում նշվում է, որ մասնակիցները մտադիր էին «պայթյուն, հրկիզում կամ այլ հանրավտանգ արարք» իրականացնել։ Ամբողջ միջնորդագրում միայն 2025-ի մայիսի 2-ի գաղտնալսման ձայնագրության մեջ է առկա ավտոմեքենա այրելու վերաբերյալ հիշատակում (միջնորդագրում՝ սկսած 36-րդ էջից)։
Գործողությունների պլանավորման քննարկման ընթացքում Բագրատ Գալստանյանը, ի պատասխան դիտարկմանը, թե ինչ անել, եթե ոստիկանական ուժերը կենտրոնանան մեկ վայրում և փակեն ցուցարարների ճանապարհը, առաջարկում է ոստիկանությանը հակազդելու մարտավարություն։ Նկարագրելով այդ իրավիճակի հնարավոր զարգացումները՝ Գալստանյանը, ըստ սղագրության, ասում է. «Քաո՞ս ա, քաոսի մեջը մեկը ավտո կվառի, մեկը՝ խանութ կջարդի, մեկը եսիմ ինչ կանի ... իրանք են սարքել, հիմա իրանք պիտի էտի կոնտրոլ անեն չէ՞, չեն կարա 15 ժամ թողնեն, որ ավտոները վառեն...»։

Նույն օրվա սղագրության մեջ խոսվում է յուղով ավտոբուսների ապակիներին տալու (էջ՝ 47) և «սամակատներով» փողոցի մեջտեղով յուղ ու ներկ շփելու մասին (էջ՝ 49)։
#CivilNetCheck-ի հետ զրույցում գործով պաշտպան Հովհաննես Խուդոյանը հաստատեց, որ դատախազության ներկայացրած սղագրության կոնկրետ այդ հատվածը համապատասխանում է գործում առկա գաղտնալսումների ձայնագրություններին։

Ըստ Խուդոյանի՝ իշխանական պատգամավորները միավորել են երկու առանձին քննարկում՝ «ավտոբուսների վրա ներկ լցնելու» և «ավտոմեքենաներ այրելու» դրվագները՝ ստեղծելով «այրվող ավտոբուսների» կեղծ թեզ։ Ըստ նրա՝ ավտոմեքենաներ այրելը քննարկվել է ոչ թե որպես կոնկրետ հրահանգ, այլ որպես իրավապահների հնարավոր բռնությունների հետևանքով առաջացող քաոսի տեսական հետևանք։
«Մինչդեռ ավտոբուսների դեպքում այրելու մասին քննարկում ընդհանրապես չի եղել։ Ավելին՝ խուզարկությունների արդյունքում հրդեհիչ նյութեր կամ սարքեր չեն հայտնաբերվել. առգրավվել են միայն ծուխ առաջացնող միջոցներ և փոքրիկ ճայթռուկներ»,- նշեց Խուդոյանը։
Ուշագրավ է, որ «հասարակական տրանսպորտ այրելու» մասին պնդումը ավելի վաղ՝ հունիսի 26-ին, հնչեցրել էր նաև ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում, որը արտատպել էին մի շարք իշխանամերձ լրատվական կայքեր։
Զինված հեղաշրջման հրապակային կոչե՞ր
Ըստ Հայկ Կոնջորյանի՝ ընդդիմադիր գործիչները մեղադրվում են նաև Հայաստանում զինված հեղաշրջման հրապարակային կոչեր անելու համար։
Նշենք, որ «Սրբազան պայքարի» շարժման մասնակիցներին նման մեղադրանք չի առաջադրվել։ Գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդագրի համաձայն՝ նրանք մեղադրվում են «ահաբեկչության նախապատրաստման» և «իշխանության յուրացման նախապատրաստման» հոդվածներով։ Միջնորդագրում որևէ տեղ խոսք չկա «զինված հեղաշրջման» մասին։ Ավելին՝ գործում բացակայում է պնդումը, թե շարժման անդամները նախատեսել են զենք կիրառել։
Պատգամավոր Կոնջորյանը, ենթադրաբար, նկատի ունի Միքայել արք. Աջապահյանին քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքը, այն է՝ «զանգվածային լրատվամիջոցների, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ, իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը»։
Սակայն նույնիսկ այդ գործով մեղադրանքը չի պարունակում «զինված» բառը։ Վերջին տարիներին արքեպիսկոպոս Աջապահյանը տարբեր լրատվամիջոցներին տված հարցազրույցերում պարբերաբար կարծիք է հայտնել, որ երկրում «պետք է ռազմական հեղաշրջում» կատարվի՝ խոսքն ուղղելով ուժայիններին և բարձրաստիճան զինվորականներին։ Ընդ որում, իրավապահները սկզբնական շրջանում այդ հայտարարություններում հանցակազմ չէին գտել։
Քաոս և վտանգ քաղաքացիների համար
Պատգամավոր Հայկ Կոնջորյանի մյուս պնդումը, թե ընդդիմադիր գործիչները մեղադրվում են «քաոս ստեղծելու» և «քաղաքացիների կյանքին վտանգ սպառնալու» մեջ, մեծամասամբ համապատասխանում է իրավապահների ներկայացրած նյութերին։
Մեղադրանքում նշված է, որ շարժման անդամները նախապատրաստվել են իրականացնել «պայթյուն, հրկիզում կամ այլ հանրավտանգ արարք», որի նպատակն է եղել «բնակչությանը ահաբեկելը», «հանրային իշխանության մարմինների գործունեությունը կազմալուծելը» և քաղաքում «անկառավարելի վիճակ» ստեղծելը։
Որպես կոնկրետ գործողություններ նշվում են ճանապարհների փակումը, հոսանքազրկումների իրականացումը, տրոլեյբուսի գծերի վնասումը, ինտերնետ կապի խափանումը և այլն։

Մեղադրանքի առանցքային դրվագներից է նաև «փողոցներում ավտոմեքենաների անիվները վնասող աստղիկներ շաղ տալուն» նախապատրաստվելը, ինչը, ըստ մեղադրող կողմի, ուղղակի կարող էր վտանգ ստեղծել քաղաքացիների համար, քանի որ կարող էր հանգեցնել ավտովթարների։
Փաստաբան Հովհաննես Խուդոյանը #CivilNetCheck-ի հետ զրույցում նշեց, որ գաղտնալսված նյութերում առկա է չհրապարակված ձայնագրություն, որտեղ շարժման անդամները հրաժարվում են այդ մտքից՝ փոխարենը քննարկում անվադողերից օդը բաց թողնելը։
Ամփոփելով՝ կարելի է փաստել, որ պատգամավոր Հայկ Կոնջորյանի ելույթը պարունակում է մի շարք անճշտություններ։ Թեև ընդդիմադիր գործիչներին առաջադրված մեղադրանքները ծանր են, սակայն զինված հեղաշրջման կոչերի և ավտոբուսներ այրելու մասին պնդումները չեն հիմնավորվում առկա պաշտոնական փաստաթղթերով։
CivilNetCheck











