Գլխավոր Լրահոս

Ի՞նչն է խոչընդոտում Արցախից բռնի տեղահանված անձանց՝ օգտվելու բնակապահովման ծրագրից

Ի՞նչն է խոչընդոտում Արցախից բռնի տեղահանված անձանց՝ օգտվելու բնակապահովման ծրագրից

Անուշ Շահրամանյան, փաստաբան, իրավապաշտպան

Եթե Արցախից բռնի տեղահանված եք, մտադի՞ր եք օգտվել բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրից: Մասնակցե՛ք հարցմանը։

ՀՀ կառավարությունը 2024-ի մայիսի 16-ին հաստատել է Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը (Ծրագիր), իսկ նույն թվականի հունիսի 14-ին հաստատել դրա իրականացման կարգը: Ծրագիրը նախատեսվում է իրականացնել հինգ տարվա ընթացքում՝ 2024-2029-ին: Սակայն հավաստագիր ստանալու համար  գործող կարգով էլեկտրոնային դիմում պետք է ներկայացնել մինչև 2027-ի դեկտեմբերի 31-ը: Ծրագիրը ներառում է մի շարք այլ խնդրահարույց կետեր, որոնք սահմանափակում են շահառուների իրավունքները և իրավական մտահոգությունների տեղիք տալիս։

Ծրագրի համաձայն՝ ընտանիքը սահմանվում է որպես միավոր, որը պարտադիր ներառում է ամուսիններին (կամ միայնակ ծնողին) և 2023-իի սեպտեմբերի 19-ի դրությամբ 18 տարին չլրացած երեխաներին, նույնիսկ եթե դիմելու պահին նրանք արդեն չափահաս են (այսինքն՝ 18 տարեկան և ավելի): Այս անձինք պարտադիր ներառվում են ընտանիքի դիմում-հայտարարության մեջ, իսկ շահառու միավորի կազմը որոշվում է միայն համատեղ դիմումի հիման վրա, ինչը ենթադրում է, որ չի թույլատրվում չափահաս դարձած այդ անձանց դիմել առանձին կամ դուրս գալ ընտանիքի կազմից՝ առանց ազդելու ամբողջ ընտանիքի շահառու կարգավիճակի վրա: Փաստորեն, չափահաս տեղահանված անձինք, որոնք 2023-ի սեպտեմբերի 19-ին 18 տարեկան և բարձր են եղել, կարող են ընտրել՝ դիմել առանձին կամ չօգտվել ծրագրից՝ առանց ընտանիքի մյուս անդամներին խոչընդոտելու: Իսկ այն անձինք, որոնք 2023-ի սեպտեմբերի 19-ին անչափահաս են եղել (այժմ՝ 18-20 տարեկան), պարտադիր ներառվում են ընտանիքի կազմում, և նրանց առանձին դիմումը կամ ծրագրից հրաժարումը կարող է ազդել ընտանիքի ընդհանուր դիմումի վրա, քանի որ  պահանջվում են բոլոր անդամների տվյալները:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 24-րդ հոդվածը սահմանում է, որ քաղաքացիական գործունակությունը լրիվ ծավալով ծագում է 18 տարեկան դառնալու պահից: Այսինքն՝ չափահաս անձը կարող է ինքնուրույն ձեռք բերել և իրականացնել քաղաքացիական իրավունքներ, ստեղծել պարտականություններ: Ծրագիրը, սակայն, հաշվի չի առնում այս հանգամանքը՝ պարտադրելով ներառել այդ անձանց ընտանիքի կազմում, նույնիսկ եթե նրանք արդեն 18-ից բարձր են և կարող են անկախ որոշումներ կայացնել (օրինակ՝ չօգտվել ծրագրից կամ առանձին հավաստագիր ձեռք բերել): Արդյունքում, նրանց որոշումները (օրինակ՝ ՀՀ քաղաքացիություն չստանալը կամ ծրագրից հրաժարվելը) կարող են բացասաբար ազդել ընտանիքի մյուս անդամների իրավունքների վրա, ինչը ստեղծում է անհամապատասխանություն գործունակության սկզբունքի հետ և սահմանափակում է չափահասների ինքնուրույնությունը:  Բացի այդ, ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածն արգելում է խտրականությունը տարիքից կամ անձնական/սոցիալական հանգամանքներից կախված: Ծրագրի այս պայմանը, որը պարտադրում է 2023-ի սեպտեմբերի 19-ի դրությամբ անչափահասներին (այժմ չափահասներին) ներառել ընտանիքի կազմում, ստեղծում է տարիքային խտրականություն: Այս խմբի բռնի տեղահանված անձինք չեն կարող առանձին հավաստագիր ստանալ՝ ի տարբերություն այլ չափահաս անձանց, որոնք կարող են առանձին դիմել կամ առհասարակ չօգտվել ծրագրից: Արդյունքում, նրանք կախված են ընտանիքի որոշումներից, և նրանց անձնական ընտրությունը (օրինակ՝ ծրագրից չօգտվելը կամ քաղաքացիություն չստանալը) կարող է խոչընդոտել ընտանիքի մյուս անդամների սոցիալական աջակցության իրացմանը, ներառյալ սեփականության ձեռքբերմանը:

Այս խմբի անձինք, որոնք տեղահանվել են որպես անչափահասներ, բայց այժմ չափահաս են, զրկվում են անկախ շահառու դառնալու հնարավորությունից, ինչը չի կիրառվում այլ չափահաս տեղահանվածների նկատմամբ: Սա կարող է տարիքից կախված խտրականություն որակվել, քանի որ նրանց սոցիալական աջակցության իրավունքը կապված է անցյալի կարգավիճակի, այլ ոչ թե ներկայիս գործունակության հետ:

Ամփոփելով՝ ընդգծենք, որ այս կետը ստեղծում է իրավական անհամապատասխանություններ, որոնք կարող են հանգեցնել դատական վեճերի: Նպատակահարմար կլինի ծրագրի 6-րդ կետից հանել «2023-ի սեպտեմբերի 19-ի դրությամբ 18 տարին չլրացած երեխաներից» բառերը և հնարավորություն տալ ներկա դրությամբ չափահաս դարձած անձանց չընդգրկվել շահառու ընտանիքի կազմում կամ որպես առանձին շահառու ընտանիք դիմել՝ համապատասխանեցնելով նշված դրույթը գործունակության և խտրականության արգելքի սահմանադրական նորմերին:

Մեկ այլ խնդրահարույց հանգամանքի մասին: Թե Ծրագրում և թե իրականացման կարգում հղում է կատարվում «Օպերատիվ շտաբին», և եթե անձի տվյալները բացակայում են «Օպերատիվ շտաբի» տրամադրած ցուցակներում, ապա նա ծրագրի շահառու չէ:

Խնդիրն այն է, որ «Օպերատիվ շտաբ» անվանումից պարզ չէ, թե ինչ մարմնի մասին է խոսքը և ինչ է այն: Ավելին՝ հնարավոր չէ կապ հաստատել այդ մարմնի հետ և պարզել՝ արդյոք անձի տվյալները ներառվա՞ծ են ցանկերում, թե՞ ոչ: Եթե տվյալները ներառված չեն, ապա հստակ չէ, թե ինչ գործողություններ պետք է ձեռնարկել ներառելու համար: Նաև՝ եթե անձը ցանկանում է դատական կարգով ներառվել «Օպերատիվ շտաբի» ցանկերում, բայց այս մարմնի վերաբերյալ տեղեկությունները բացակայում են, ապա հնարավոր չէ նրան դատարանում որպես պատասխանող ներգրավել: Այսինքն, այն արցախցիները, որոնք ծրագրի շահառու են, սակայն նրանց տվյալներն առկա չեն վերը նշված «Օպերատիվ շտաբի» տրամադրած տվյալներում, փաստացի չեն ստանում իրենց հասանելիք աջակցությունը: Այդ դրույթը միջոցառման իրական շահառուներին ոչ իրավաչափորեն զրկում է իրենց հասանելիք աջակցությունից և կրկին կարող է դատական վեճերի պատճառ դառնալ:

Ծրագրի իրականացման գործող կարգով հավաստագիր ստանալու համար էլեկտրոնային տարբերակով պետք է դիմել ծառայությանը՝ մինչև 2027-ի դեկտեմբերի 31-ը: Ըստ այդմ՝ այն ընտանիքները, որոնք որոշել են օգտվել ծրագրից, պետք է չուշանան և սահմանված ժամկետներում հասցնեն ձեռք բերել քաղաքացիություն ընտանիքի բոլոր անդամների համար:

Հնարավոր է՝ դատական կարգով ծննդյան վկայականի վերականգնման անհրաժեշտություն առաջանա, ինչը կարող է տևել մինչև մեկ տարի: Ուստի անհրաժեշտ է հնարավորինս վաղ լուծել ծննդյան վկայականի վերականգնման և քաղաքացիություն ձեռք բերելու հարցերը՝ սահմանված ժամկետներում Ծրագրից օգտվելու համար:

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում