Կառավարության որոշմամբ Արարատ լեռան պատկերը հանվելու է անձնագրերում մուտքի կամ ելքի սահմանահատման կնիքից։ Որոշումն ուժի մեջ է մտնելու նոյեմբերի 1-ից։
Այս նորությանը ուշադրությամբ հետևել են Թուրքիայում։
Թուրքական լրատվամիջոցները, որոշումը ողջունելով, այն ընդհանուր առմամբ պայմանավորել են Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացով։
Yeni Şafak-ը Արարատ լեռան հետ կապված որոշումը վերնագրել է այսպես՝ «Հայաստանը դադարում է համառել»։ Թերթը նաև նշել է, որ դրանով Թուրքիայի հետ սերտորեն առնչվող 100 տարվա խորհրդանիշը պատմություն է դառնում։
Իսկ CNN TURK-ն իր անդրադարձում նկատել է, որ Հայաստանի անձնագրերում և պաշտոնական փաստաթղթերում լեռան պատկերի օգտագործումը նախկինում Հայաստանի և Թուրքիայի միջև քննարկումների տեղիք է տվել։
Հայաստանի կառավարության որոշումը Երևանի «բարի կամքի նշան և իմաստալից քայլ» է անվանել թուրքական Hurriyet-ը, ըստ որի՝ Հայաստանը Թուրքիայի հետ կարգավորման ֆոնին հրաժարվում է «ծայրահեղ ազգայնական խոսույթից, որը ձևավորվել է հայկական Սփյուռքի ազդեցությամբ»։
Թերթը հիշեցրել է նաև Հայաստանի անկախության հռչակագրի մասին՝ մատնանշելով Փաշինյանի խոսքերը Ղարաբաղի և «Արևմտյան Հայաստան» ձևակերպման մասին։
Այս համատեքստում Թուրքիայում վերլուծում են նաև «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը։
Գեորգի Միրզաբեկյան
Civilnet











