Գլխավոր Լրահոս

Բռնության ենթարկված լրագրողի գործով քրեական վարույթ է նախաձեռնվել

Բռնության ենթարկված լրագրողի գործով քրեական վարույթ է նախաձեռնվել

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի խոսնակ, լրագրող Հակոբ Կարապետյանի նկատմամբ բռնության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ և իրականացվում է նախաքննություն: Այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից։

Մարդու իրավունքների պաշտպանն առանցքային է համարում նմանատիպ դեպքերով արագ, օբյեկտիվ ու բազմակողմանի քննության իրականացումն ու հանրությանը այդ առնչությամբ թույլատրելի ծավալի տեղեկատվության ներկայացումը:

«Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը բազմիցս է ընդգծել, որ բռնության ցանկացած դրսևորում խստորեն անընդունելի և դատապարտելի է։ Յուրաքանչյուր դեպք պետք է արժանանա պատշաճ իրավական գնահատականի, իսկ մեղավորները ենթարկվեն պատասխանատվության։ Պետությունն այս առումով ունի հստակ իրավական պարտավորություններ։ Հատկապես կարևոր է մասնագիտական, այդ թվում` լրագրողական գործունեություն իրականացնող անձանց անխոչընդոտ, էթիկայի չափանիշներին համապատասխանող գործունեությունը ու դրա երաշխավորումը»‎,- ասված է ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:

Պաշտպանի գրասենյակից հայտնում են, որ նմանատիպ բոլոր դեպքերը գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո, Պաշտպանի իրավասության շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր:

***

Լրագրող Հակոբ Կարապետյանը սեպտեմբերի 15-ին հայտարարություն էր տարածել՝ պնդելով, որ ենթարկվել է ֆիզիկական հարձակման։ Նա այն կապում է Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ավետիք Բաբայանի հետ։ Ըստ լրագրողի՝ միջադեպը հետևանք է քաղաքապետարանի աշխատանքի վերաբերյալ իր քննադատական գրառման։ 

Ըստ Հակոբ Կարապետյանի՝ ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ ինքը ֆեյսբուքյան գրառում էր արել քաղաքապետարանի տեսուչների կողմից մի կնոջ սխալ տուգանելու դեպքի վերաբերյալ՝ քննադատելով կառույցի աշխատանքը։ Գրառումից հետո, նրա խոսքով, իրեն գրել է Ավետիք Բաբայան անունով օգտատերը և «կեղտոտ ու անհարգալից բառապաշարով» սպառնալիքներ և հայհոյանքներ հնչեցրել իր, ընտանիքի անդամների, գործընկերների ու Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի հասցեին։

Լրագրողը նշում է, որ պարզելով, որ իրեն սպառնացողը քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյա է, այդ մասին տեղեկացրել է քաղաքապետարանի երկու այլ պաշտոնյաների, սակայն որևէ արձագանք չի եղել։ Երկու օր անց Կարապետյանը կապվել է Բաբայանի հետ, որը, ըստ լրագրողի, կրկին սպառնացել է՝ ասելով. «տեղդ ասա, գամ ոտերդ ջարդեմ»։

Երկու շաբաթ անց, ինչպես նկարագրում է Կարապետյանը, աշխատավայրի մոտ դիմակավորված անձը հարձակվել և հարվածներ է հասցրել իրեն։ Լրագրողը համոզված է, որ հարձակումն ուղիղ կապ ունի նախորդող սպառնալիքների հետ։ Նա դիմել է իրավապահ մարմիններին՝ տրամադրելով իր մոտ եղած ապացույցները՝ ներառյալ սպառնալիքների փաստագրումները։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում