Այթան Ֆարհադովա, հոդվածը թարգմանվել է OC Media-ի հետ գործընկերության շրջանակում
Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը՝ SOCAR-ը գնել է Italiana Petroli (IP) ընկերությունը, որը համարվում է Իտալիայի խոշորագույն վառելիքի լցակայանների ցանցերից մեկը։
Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ նշելով, որ գործարքի ֆինանսական պայմանները չեն բացահայտվել։
«IP-ն ունի մոտավորապես 200,000 բարել օրական վերամշակման հզորություն և ավելի քան 4,500 վառելիքի լցակայանների ցանց։ Ընկերությունն Իտալիայի տարածքում նաև տիրապետում է կարևոր պահեստավորման և տրանսպորտային ենթակառուցվածքի, այդ թվում՝ ավիավառելիքի համար նախատեսված հզորությունների»,– գրել է Reuters-ը։
Caliber պարբերականի տվյալներով՝ 2025-ի հունվարից մինչև օգոստոս, Ադրբեջանի հում նավթի արտահանումը կազմել է գրեթե 15,9 մլն տոննա, որի ընդհանուր արժեքը մոտ 8,4 մլրդ դոլար է։ Ըստ Պետական վիճակագրական կոմիտեի՝ 2024-ին Ադրբեջանի արտահանումը դեպի Իտալիա կազմել է 10,8 մլրդ դոլար։
Իտալական կողմը նույնպես անդրադարձել է երկու երկրների առևտրատնտեսական հարաբերություններին։
2024-ի սեպտեմբերին ադրբեջանցի պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ Իտալիայի արդյունաբերության ընդհանուր կոնֆեդերացիայի՝ Confindustria-ի, արտահանման և ներդրումների խթանման գծով փոխնախագահ Բարբարա Չիմմինոն նշել է, որ վերջին հինգ տարիների ընթացքում Իտալիայի և Ադրբեջանի միջև առևտուրը կրկնապատկվել է։
Նա ընդգծել է, որ այս աճը հիմնականում պայմանավորված է էներգակիրների ներմուծման աճով, ինչը «Իտալիան դարձրել է Ադրբեջանի գլխավոր առևտրային գործընկերը»։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր հերթին նույնպես կարևորել է ադրբեջանա–իտալական հարաբերությունները՝ նույն հանդիպման ժամանակ նշելով, որ նավթի և գազի ոլորտը «մեր համագործակցության կարևոր ուղղություն է»։
Ըստ հոդվածի՝ 2024-ին Italiana Petroli-ն հաշվետու ժամանակահատվածում ունեցել է մոտ 500 մլն եվրո (590 մլն դոլար) ճշգրտված հիմնական շահույթ։
Reuters-ը նաև հայտնել է, որ IP-ն Իտալիայում տիրապետում է երկու նավթավերամշակող գործարանի՝ Ադրիատիկ ծովի ափին գտնվող Անկոնա քաղաքում և երկրի հյուսիսում գտնվող SARPOM գործարանում, ինչպես նաև ունի Alma նավթավերամշակման գործարանի (Ռավեննա) համագործակցային պայմանագիր։
Ադրբեջան–Իտալիա առևտրային հարաբերություններ
Պատմականորեն, Իտալիան հանդիսանում է ադրբեջանական նավթի խոշորագույն գնորդը։
«Հունվարից օգոստոս ամիսներին Ադրբեջանը Իտալիա է արտահանել մոտ 9,2 մլն տոննա հում նավթ, որի ընդհանուր արժեքը կազմել է 4,8 մլրդ դոլար», – հայտնում է Caliber-ը։
Civilnet











