ԱՄՆ ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը սեպտեմբերի 18-ին մի շարք փոփոխություններ է հաստատել 2026-ի Պետդեպարտամենտի լիազորությունների օրինագծում՝ Պետդեպարտամենտին կոչ անելով նպաստել հայ ռազմագերիների ազատմանը, պաշտպանել հայկական կրոնական և մշակութային ժառանգությունը, ինչպես նաև աջակցել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի՝ իրենց տներ անվտանգ վերադարձին։ Փոփոխությունները, որոնք ընդունվել են երկկուսակցական աջակցությամբ, ներառում են նաև պահանջներ՝ վերանայել ԱՄՆ քաղաքականությունը Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ։ Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։
Ներկայացուցիչ Գեյբ Ամոյի (դեմոկրատ, Ռոդ Այլենդից) առաջարկած փոփոխությունը, որն ընդունվել է մի քանի այլ նախաձեռնությունների հետ միասին, ընդգծում է, որ հայկական կրոնական և պատմական վայրերը շարունակվում են ոչնչացվել, հայ ռազմագերիները դեռ պահվում են Ադրբեջանում, իսկ ավելի քան 120,000 տեղահանված հայեր չեն կարողանում վերադառնալ Լեռնային Ղարաբաղ։
«Իմ փոփոխությունը կապահովի, որ մենք շարունակենք խաղաղության ճանապարհով ընթանալ Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ ուղղորդելով Պետքարտուղարին պաշտպանել հայկական ժառանգությունն ու կրոնական վայրերը, աջակցել ռազմագերիների ազատմանը և փախստականների՝ իրենց տները անվտանգ վերադարձին»,- հանձնաժողովում ունեցած ելույթում ասել է Ամոն։
Հանձնաժողովում քննարկվել են նաև երկու հայանպաստ փոփոխություններ, որոնք ներկայացրել է Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Բրեդ Շերմանը (դեմոկրատ, Կալիֆորնիայից)։
Առաջին փոփոխությունը՝ թիվ 97, առաջարկում էր չեղարկել նախագահին տրված լիազորությունը՝ շրջանցելու «Ազատության աջակցության մասին» օրենքի 907-րդ հոդվածը, որն արգելում է ԱՄՆ ռազմական օգնությունը Ադրբեջանին։ Փոփոխությունն ընդունվեց հանձնաժողովի բոլոր դեմոկրատների կողմից, սակայն վերջնական քվեարկությամբ մերժվեց՝ 26 դեմ, 24 կողմ։ Հանրապետական անդամներ Մայքլ Լոլերը (Նյու Յորք) և Քրիս Սմիթը (Նյու Ջերսի) կողմ քվեարկեցին՝ շեղվելով կուսակցական դիրքորոշումից։
Շերմանի երկրորդ փոփոխությունը նախատեսում էր արգելել ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսավորման կորպորացիային ֆինանսավորել նախագծեր Թուրքիայում՝ մինչև այդ երկիրը չվերացնի Հայաստանի շրջափակումը, և Ադրբեջանում՝ մինչև վերջինս չազատի բոլոր հայ ռազմագերիներին։ Այս առաջարկը նույնպես մերժվեց, սակայն մի շարք հանձնաժողովի անդամներ՝ այդ թվում հանրապետականներ Լոլերն ու Քիթ Սելֆը (Տեխաս), կոչ արեցին վարչակազմին ուշադրություն դարձնել այս հարցերին։
Հանձնաժողովը հաստատեց նաև Ներկայացուցիչ Դինա Տայթուսի (դեմոկրատ, Նևադայից) ներկայացրած փոփոխությունը, որը պարտավորեցնում է Պետդեպարտամենտին զեկույց ներկայացնել Թուրքիայի կողմից ռուսական S-400 հակաօդային պաշտպանության համակարգերի շարունակական օգտագործման վերաբերյալ։
Ներկայացուցիչ Բրեդ Շնայդերը (դեմոկրատ, Իլինոյսից) հայտարարել է, որ այդ համակարգի շահագործումը ՆԱՏՕ-ի տարածքում կարող է վտանգի տակ դնել դաշինքի օդային ուժերի՝ այդ թվում F-35 կործանիչների, տեխնոլոգիական գաղտնիությունը։ «S-400 համակարգը տեղ չունի ՆԱՏՕ-ի տարածքում։ Եթե Թուրքիան ցանկանում է ապացուցել, որ հուսալի դաշնակից է, ապա պետք է սկսի այդ համակարգը հեռացնելուց»,- ասել է նա։
Փոփոխություններով օրինագծերը այժմ պատրաստ են ներկայացվել Ներկայացուցիչների պալատի քննարկմանը։
Civilnet











