Հայաստանի ժողովրդավարության մեծագույն խնդիրը դատական իշխանության և ժողովրդի միջև կապի բացակայությունն է, և այդ խնդիրը պետք է լուծվի նոր Սահմանադրության ընդունմամբ։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ժողովրդավարության հայկական ֆորումի շրջանակում տեղի ունեցած «Ժողովրդավարության որակը Հայաստանում. մարտահրավերներ և գնահատման ցուցիչներ» թեմայով պանելային քննարկման ժամանակ:
«Ես այսօր տեսնում եմ մի հատ լուրջ, լրջագույն համակարգային պրոբլեմ, որ Հայաստանի Հանրապետությունում դատական իշխանությունը չի բխում ժողովրդից։ Դատական իշխանությունը ոչ միայն չի բխում ժողովրդից, այլև ընդհանրապես կտրված է ժողովրդից և նրա հետ ոչ մի օրգանական կապ չունի», – նշել է Փաշինյանը։
Այս խնդրի լուծման ուղղությամբ, վարչապետի խոսքով, առաջարկներ են գեներացվում նոր Սահմանադրության համատեքստում, որոնցից մեկը քաղաքական թիմում քննարկվող «Հայաստանում երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրման մասին է»։
Վարչապետը նաև անդրադարձել է 2018-ի հեղափոխությունից հետո դատական համակարգում ստեղծված իրավիճակին։ Նա հայտարարել է, որ երբ գործադիր իշխանությունը հայտարարեց, որ գործ չունի դատական համակարգի հետ, այլ ուժեր սկսեցին միջամտել։
«Հայաստանում և Հայաստանի տարածքից դուրս բազմաթիվ ձեռքեր շփվել են, ասել են՝ այս ինչ լավ է, իշխանությունը գործ չունի դատական համակարգի հետ, հիմա մենք գործ ունենանք դատական համակարգի հետ։ Եվ ես ասում եմ՝ այո, բազմաթիվ որոշումներ թելադրվել են կոնկրետ շրջանակների կողմից, այդ թվում՝ Հայաստանից դուրս գտնվող», – ընդգծել է նա՝ սա որակելով հիբրիդային պայքարի մեթոդներից մեկը։
Փաշինյանը խնդիրը դիտարկել է ավելի լայն համատեքստում՝ նշելով, որ 1995 թվականից ի վեր անցկացված որևէ սահմանադրական հանրաքվեի ժամանակ ժողովրդի 50+1 տոկոսը չի քվեարկել Սահմանադրության օգտին։ Սա, ըստ նրա, նշանակում է, որ «Հայաստանում հաստատված իրավակարգը ժողովուրդը իրենը չի համարում»։
Նա զուգահեռ է անցկացրել պատմական իրողությունների հետ՝ պնդելով. «Այսօրվա Հայաստանի Սահմանադրությունը և իրավակարգը նույնքան ատելի է մեր ժողովրդի համար, ինչքան ատելի է եղել նախկիններում Խորհրդային Միության կողմից, դրանից առաջ ռուսական կայսրության կողմից, դրանից առաջ Օսմանյան կայսրության կողմից, դրանից առաջ պարսկական կայսրության կողմից իրեն պարտադրված օրակարգը»։
Վարչապետի համոզմամբ՝ ժողովուրդը համարում է, որ այս իրավակարգն իրեն պարտադրել է «ինչ-որ մարդկանց խումբ»։ Իսկ Սահմանադրությունը, ըստ նրա, պետք է լինի հանրային պայմանավորվածություն այն մասին, թե «մենք ոնց ենք իրար հետ ապրելու նույն երկրի ներսում»։
Civilnet











