Գլխավոր Լրահոս

Վարչապետի կայքից հեռացվե՞լ են Փաշինյանի՝ Արցախում արած հայտարարությունները

Վարչապետի կայքից հեռացվե՞լ են Փաշինյանի՝ Արցախում արած հայտարարությունները

Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում սեպտեմբերի 23-ին գրել էր, թե ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից հեռացվել են Փաշինյանի՝ Արցախում արած մի շարք հայտարարություններ։

«… Ի՞նչ իրավական ակտով են ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից հեռացվել 2019թ. մարտին Ստեփանակերտում Բակո Սահակյանի հետ հանդիպման ժամանակ, 2019թ օգոստոսին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում և 2020թ. մայիսին Շուշիում Արցախի նախագահի երդմնակալության ժամանակ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած պաշտոնական հայտարարությունները»,- գրել է Զաքարյանը:

ՀՀԿ ներկայացուցիչն այս պնդումն արել էր՝ անդրադառնալով նույն օրը Նիկոլ Փաշինյանի բարձրացրած հարցին, թե ի՞նչ իրավական ակտով էր թույլ տրվել Ալմա Աթայի հռչակագրի ընդունումից և վավերացումից հետո ՀՀ 18 տարեկան զինվորներին տեղակայել ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս՝ նկատի ունենալով Լեռնային Ղարաբաղում ծառայությունը։ 

Էկրանապատկերը՝ Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից

Գրառումն արտատպել են մի շարք լրատվամիջոցներ, այդ թվում՝ aysor.am, aravot.am, pastinfo.am, newspress.am, blognews.am, mamul.am,168.am և այլն։

Զաքարյանի նշած հայտարարություններն իսկապե՞ս հեռացվել են

2020-ի 44-օրյա պատերազմից հետո պետական մի շարք կայքերից հեռացվել էին Լեռնային Ղարաբաղին վերաբերող բաժիններ ու տեղեկություններ։ Սակայն primeminister.am կայքում Զաքարյանի նշած՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները դեռևս առկա են։ 

Վարչապետի պաշտոնական` primeminister.am կայքի «Այցեր» բաժնում մինչ օրս գործում է «Լեռնային Ղարաբաղ» ենթաբաժինը (արխ․)։ 

Էկրանապատկերը՝ primeminister.am-ից
Էկրանապատկերը՝ primeminister.am-ից

Օրինակ՝ 2019-ի մարտին Ստեփանակերտում Նիկոլ Փաշինյանի և Բակո Սահակյանի հանդիպման վերաբերյալ հրապարակումը և տեսագրությունը (արխ․), որը հեռացնելու մասին գրել էր Զաքարյանը, մինչ օրս առկա է վարչապետի պաշտոնական կայքում։ 

Փաշինյանը 2019-ի օգոստոսին մասնակցել է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կազմակերպված հանրահավաքին, որի ժամանակ հնչեցրել է իր հայտնի՝ «Արցախը Հայաստան է և վերջ» արտահայտությունը։ Այս պահին կայքում հասանելի է (արխ․) նաև 2019-ի օգոստոսին Փաշինյանի ելույթի ամբողջական տեքստը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից, որն ըստ Զաքարյանի, ևս հեռացվել էր։

Էկրանապատկերը՝ primeminister.am-ից
Էկրանապատկերը՝ primeminister.am-ից

Նիկոլ Փաշինյանը 2020-ի մայիսին ներկա է գտնվել Արցախի նախագահ ընտրված Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությանը Շուշիում։ 

Արտակ Զաքարյանի գրառման համաձայն՝ այս հանդիպմանը հնչեցրած հայտարարությունները նույնպես հեռացվել են կայքից։ Սակայն այս պահին ինչպես մասնակցության վերաբերյալ հրապարակումը, այնպես էլ ելույթն ու տեսագրությունը հասանելի են պաշտոնական կայքում (արխ․)։

Պետական կայքերը, որտեղից հեռացվել են Արցախի հետ կապված բաժինները

Օրինակ, առնվազն 2021-ից Պաշտպանության նախարարության կայքից հեռացվել է «Արցախյան տարեգրություն» և «Պատմություն» բաժինները, որտեղ մանրամասն ներկայացված էր Արցախյան ազատամարտը (կայքի արխիվային տարբերակը)։

Էկրանապատկերը՝ mil.am-ի արխիվային տարբերակից

ՊՆ նախարարի տեղակալ Արման Սարգսյանը դեռևս 2022-ի մարտին հայտնել էր, թե խնդիրը կապված է կայքի վերափոխման հետ, որը կարգավորվելու է։

«Որևէ մեկը չի ուզում և իրավունք էլ չունի պատմության այդ փառավոր էջն անուշադրության մատնել։ Խնդիրը կարգավորվելու է։ Կայքի վերափոխման ուղղությամբ շատ մեծ աշխատանք է արվում հիմա, այլ բան մի փնտրեք», - ասել է Արման Սարգսյանը։

Տարիներ անց, սակայն, այդ բաժինը չի վերականգնվել։ 

Նույն կերպ 2024-ի պարզվեց, որ  ՀՀ նախագահի պաշտոնական կայքից (president.am) հեռացվել է «Արցախ» բաժինը, որում ներկայացված էր Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը։ Ներկայում «Այցեր» բաժնում առկա է «Արցախ» ենթաբաժինը (արխ.), որտեղ ներկայացված են ՀՀ նախագահների այցերը Լեռնային Ղարաբաղ։   

Էկրանապատկերը՝ president.am կայքի արխիվային և գործող տարբերակներից

2024-ի փետրվարին հայտնի դարձավ, որ Արտաքին գործերի նախարարության կայքից անհետացել է «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր» ենթաբաժինը (արխ.)։ Դրանից հետո ԱԳՆ-ից լրատվամիջոցներին պարբերաբար հայտնել են, թե հակամարտության վերաբերյալ բաժինը կայքէջից չի հեռացվել, իսկ բովանդակությունն արտացոլված կլինի «պատշաճ ժամկետներում»՝ չհստակեցնելով ժամկետները։ Այս դեպքում ևս բաժինը մինչ օրս վերականգնված չէ։

Այսպիսով, Արտակ Զաքարյանի պնդումը, թե վարչապետի պաշտոնական կայքից հեռացվել են Փաշինյանի՝ Արցախի այցերի մասին հայտարարությունները, սխալ է։ Նշված տեղեկությունները այս պահին կայքում հասանելի են։

Միևնույն ժամանակ Արցախի վերաբերյալ բաժիններն իսկապես հանվել են այլ պետական կայքերից։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում