Գլխավոր Լրահոս

Խաղաղությունն այժմ հաստատված է. Միրզոյան

Խաղաղությունն այժմ հաստատված է. Միրզոյան

ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է Մեծ քսանյակի նախարարական հանդիպմանը:  Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Նախարարն իր ելույթում արձանագրել է, որ այսօր հակամարտությունները և աշխարհաքաղաքական լարվածությունը, որոնք ուղեկցվում են տնտեսական անկայունությամբ, մարդու իրավունքների շարունակական խախտումներով, շրջակա միջավայրի վատթարացմամբ և խորացող անհավասարությամբ, վտանգում են համագործակցությունը և 2030-ի օրակարգի իրագործման համար դժվարությամբ ձեռք բերված առաջընթացը: 

«Զարգացող, հատկապես հատուկ իրավիճակներում գտնվող  երկրները, միջին եկամուտ ունեցող պետությունները, ինչպես նաև հակամարտությունների մեջ կամ հետհակամարտային փուլում գտնվող երկրները, անհամաչափ բեռ են կրում համաշխարհային ճգնաժամերին արձագանքելու և իրենց զարգացման ձգտումները իրականացնելու գործում: Այս մարտահրավերներն ավելի են սրվում աճող պարտքի ճնշման և երկարաժամկետ արտոնյալ ռեսուրսների սահմանափակ հասանելիության պատճառով»,- նշել է Միրզոյանը:

Նախարարի համոզմամբ, այդ իսկ պատճառով հրամայական է արագացնել միջազգային ֆինանսական կառուցվածքի բարեփոխումները՝ այն դարձնելով ավելի ներառական, ներկայացուցչական և զարգացող երկրների կարիքներին արձագանքող։ Այս առումով «Սևիլյան փոխզիջումն» ապահովում է գործողությունների ամուր շրջանակ, և մենք կոչ ենք անում անդամ բոլոր երկրներին ապահովել դրա արդյունավետ իրականացումը:

«Կայուն զարգացումը հնարավոր չէ առանց խաղաղության: Անցյալ տարի հենց այս նույն դահլիճում իմ ելույթում ես ընդգծեցի Հայաստանի անսասան հանձնառությունը՝ նպաստելու մեր տարածաշրջանում խաղաղությանը։ Այսօր՝ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած եռակողմ հաջող հանդիպումից և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրման միջոցով ձեռք բերված պատմական հանգրվանից հետո, ես հայտարարում եմ, որ խաղաղությունն այժմ հաստատված է»,-ասել է նա։

Արարատ Միրզոյանն անդրադարձել է  «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը, ընդգծելով, որ այն ուղղված է Հայաստանի, նրա հարևան երկրների, ինչպես նաև շատ ավելի լայն աշխարհագրությամբ փոխկապվածության զարգացմանը: Նախարարը խոսել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության պայմանագրի մասին:

«Այս տարի, ԱՄՆ-ի, Հայաստանի և Ադրբեջանի կողմից Համատեղ հռչակագրի ստորագրմամբ, մենք համաձայնության ենք եկել հիմնարար սկզբունքների շուրջ՝ պետությունների ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն, սահմանների անձեռնմխելիություն և իրավազորություն, և այժմ աշխատում ենք այդ սկզբունքների ներքո գործարկվելիք տեխնիկական լուծումների շուրջ: Մենք վստահ ենք, որ տրանսպորտային հաղորդակցությունների լիարժեք բացումը և տարածաշրջանի տարանցիկ ու առևտրային ներուժի իրացումը շրջադարձային կլինի: «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության իրականացումը՝ ներառյալ դրա անբաժանելի մաս կազմող TRIPP փոխկապակցվածության ծրագիրը, կստեղծի տնտեսական աճի, երկխոսության և ժողովուրդների միջև շփումների նոր հնարավորություններ՝ այդպիսով նպաստելով ավելի լայն կայունությանն ու բարգավաճմանը: Մենք շնորհակալություն ենք հայտնում գործընկեր երկրներին, որոնք արդեն ողջունել են այս նախաձեռնությունը, և հույս ենք դնում բոլոր միջազգային գործընկերների՝ ներառյալ G20-ի աջակցության վրա՝ այս տեսլականն առաջ մղելու գործում։

Եզրափակելով՝ Հայաստանը վերահաստատում է իր հավատարմությունը նորացված բազմակողմ համակարգին, որի առանցքում ՄԱԿ-ն է՝ ունակ ապահովելու խաղաղության, զարգացման և մարդու իրավունքների պաշտպանության փոխլրացնող հիմնասյուները»,- ասել է Արարատ Միրզոյանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում