Հայաստանն ու ԱՄՆ-ն Խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի օգտագործման ոլորտում համագործակցություն են սկսել։ Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից։
«123 համաձայնագրի» բանակցությունների մեկնարկին նվիրված տեսահանդիպմանը Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյան վերահաստատել է, որ խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի ապահով և անվտանգ օգտագործումը Հայաստանի առաջնահերթություններից է, և որ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ չտարածման միջազգային ռեժիմի սկզբունքներին:
Կողմերը գոհունակությամբ արձանագրել են, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև փոխըմբռնման հուշագրերի ստորագրման համատեքստում անցում է կատարվում գործնական քայլերի իրականացմանը:
«123 համաձայնագրի» կնքումը կստեղծի իրավական հիմք՝ խաղաղ նպատակներով միջուկային տեխնոլոգիաների, տվյալների և գիտելիքի փոխանակման համար` հիմնված չտարածման բարձր չափանիշների վրա:
Civilnet











