Վարչապետն ու ԵԽԽՎ նախագահը տարածաշրջանային հարցեր են քննարկել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստրասբուրգում` Եվրոպայի պալատում, հանդիպել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի հետ։ Այս մասին հայտնում են Կառավարությունից։
Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպայի խորհրդի համագործակցության օրակարգը՝ ընդգծելով ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ իրականացվող բարեփոխումները։ Վարչապետ Փաշինյանն ընդգծել է Հայաստանի Կառավարության պատրաստակամությունը՝ շարունակելու արդյունավետ փոխգործակցությունը ԵԽ կառույցների հետ։
Կողմերն անդրադարձել են նաև ԵԽԽՎ-ի հետ ձևավորված աշխատակարգային կապերին, ինչպես նաև մոնիթորինգի ձևաչափերում համագործակցությանը։ Զրուցակիցները ընդգծել են, որ Հայաստան–Եվրոպայի խորհուրդ գործընկերության խորացումը կարևոր է ինչպես ինստիտուցիոնալ դիմակայունության, այնպես էլ եվրոպական իրավական տարածքի հետ ինտեգրացիոն գործընթացների համար։
Կողմերը վերահաստատել են երկխոսության շարունակականության և գործնական համագործակցության ընդլայնման պատրաստակամությունը։
Վարչապետը և ԵԽԽՎ նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ։
Զրուցակիցներն ընդգծել են Հայաստանի և Ադրբեջանի միջև օգոստոսի 8-ին Վաշինգտոնում խաղաղության համաձայնագրի նախաստորագրումն ու վստահություն հայտնել, որ խաղաղության հաստատումը նոր և նշանակալի ազդակ կհաղորդի տարածաշրջանում համագործակցության զարգացմանն ու կայունության ապահովմանը:
Civilnet










