Հանրային մեղադրողը սեպտեմբերի 29-ին միջնորդեց Միքայել արք. Աջապահյանին դատապարտել 2 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման՝ հաշվանցելով մեղադրյալի՝ մինչ օրս արգելանքի տակ գտնվելու ժամանակահատվածը։ Մեղադրողը նշեց, որ որպես մեղմացուցիչ հանգամանք հիմք է ընդունվել այն, որ արքեպիսկոպոսը մինչ այս դատապարտված չի եղել։
Պաշտպանական կողմը վստահություն հայտնեց, որ դատավորը ազատազրկում է նշանակելու։
«Փորձը ցույց է տվել, որ դատարանը մեղադրանքի կողմի հետ սինքրոն է աշխատում»,- հայտարարեց փաստաբան Երեմ Սարգսյանը։ Նրա խոսքով՝ դատավոր Արմինե Մելիքսեթյանը դիտավորյալ անօրինական գործողություններ է իրականացնում։
Երեմ Սարգսյանը նշեց, որ հոդվածը, որով մեղադրվում է Միքայել սրբազանը, նախատեսում է տուգանքից մինչև հանրային աշխատանքներ, սակայն դատախազությունն առաջարկում է ընտրել ամենածանրը՝ ազատազրկում, ինչի համար որևէ հիմնավորում չի բերել։
«Ինչպե՞ս հիմնավորվեց 2.5 տարվա ազատազրկումը։ Որևէ պատճառաբանություն չկա, թե ինչու պատժի մյուս միջոցները չեն ընտրվել։ Եթե դատարանը որոշի ազատազրկում տալ, ապա պետք է հիմնավորի, թե ինչու մյուս պատժատեսակները հնարավոր չեն եղել»,- ասաց փաստաբանը։
Երեմ Սարգսյանը նշեց, որ նմանաբնույթ մեղադրանք նախկինում եղել է ընդդիմադիր գործիչ Վազգեն Մանուկյանի նկատմամբ։ Նրա նկատմամբ որպես պատիժ է նշանակվել տուգանք՝ 400,000 դրամի չափով։ Փաստաբանը հիշատակեց նաև այլ մեղադրանքներ, որոնք ընդհանրություններ ունեն այս քրեական վարույթի հետ՝ արձանագրելով, որ որպես կանոն ընդունվել է ավելի մեղմ պատիժ, քա ազատազրկումն է։
Դատավոր Արմինե Մելիքսեթյանը, լսելով կողմերի ելույթները, հեռացավ խորհրդակցական սենյակ։ Միքայել արք. Աջապահյանի գործով պատժաչափի մասին վճիռը կհրապարակվի հոկտեմբերի 3-ին։
Դատական նիստից հետո Միքայել սրբազանը նշեց, որ իր տրամադրությունը շատ լավ է։ «Դուք իրենց մասին մտածեք, մեր մասին մի մտածեք»,- ասաց Շիրակի թեմի առաջնորդը՝ ցույց տալով դատավորի և դատախազի ուղղությամբ։
Դատավորին բացարկ հայտնելու միջնորդությունը մերժվեց
Այսօր՝ սեպտեմբերի 29-ի դատական նիստին, պաշտպանական կողմը՝ փաստաբան Արա Զոհրաբյանի գլխավորությամբ, բացարկ հայտնեց նախագահող դատավոր Արմինե Մելիքսեթյանին։ Ըստ փաստաբանի՝ սեպտեմբերի 24-ին մեղադրական վերդիկտից հետո դատավորը կողմերին չի պարզաբանել մինչև հաջորդ նիստը միջնորդություններ ներկայացնելու իրավունքի մասին, ինչը օրենքի խախտում է։
«Մեր համոզմամբ՝ այս խախտումը կարող է դրսևորվել երկու դեպքում՝ եթե դատավորը կոմպետենտ չէ ու ունի խտրական վերաբերմունք։ Մենք հակված ենք ենթադրելու, որ դատավորն ունի խտրական վերաբերմունք Միքայել սրբազանի նկատմամբ»,- հայտարարեց փաստաբանը։
Դատախազը առարկեց միջնորդությանը՝ նշելով, որ խախտում չի եղել։ Դատավոր Մելիքսեթյանը մերժեց բացարկի միջնորդությունը՝ գտնելով, որ դատավարության պրոֆեսիոնալ մասնակցին իրավունքների մասին չպարզաբանելը բացարկի հիմք չէ։
Գործի նախապատմությունը
Ավելի վաղ՝ սեպտեմբերի 24-ին, դատավոր Արմինե Մելիքսեթյանի վերդիկտով Միքայել սրբազանը մեղավոր էր ճանաչվել առաջադրված մեղադրանքում։
Միքայել սրբազանն իրեն մեղավոր չի ճանաչում և մեղադրանքում քաղաքական ենթատեքստ է տեսնում։ Ըստ սրբազանի՝ մեղադրող կողմն այդպես էլ չի պատասխանել իր բարձրացրած տասնյակ հարցադրումներին՝ փոխարենը կենտրոնանալով միայն 2022 թվականին իր կողմից «հեղաշրջում» բառի օգտագործման վրա։ Նա նախորդ նիստերից մեկին հարց էր բարձրացրել. «2020 թվին ինչու՞ չեմ մեղադրվել, 2021-ին ինչու՞ չեմ մեղադրվել, 2022-ին ինչու՞ չեմ մեղադրվել, 2023-ին ինչու՞ չեմ մեղադրվել»։
Նա նաև շեշտել է, որ ներկա պայմաններում մեղադրյալի աթոռին լինելը համարում է ամենաշահեկան դիրքը. «Այս իշխանության պայմաններում մեղադրյալ լինելը միայն պատիվ է, ուրախություն է և երջանկություն»։
Գևորգ (Միքայել) Արտաշեսի Աջապահյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, լինելով ՀԱՍԵ Շիրակի թեմի առաջնորդ, 2024 թվականի փետրվարի 3-ին և 2025 թվականի հունիսի 21-ին զանգվածային լրատվության միջոցներին տված հարցազրույցների ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր։
Պաշտպանական կողմը պնդում է, որ դատական գործընթացն անցկացվել է «ամենապրիմիտիվ և ամենակոպիտ խախտումներով»։
Civilnet











