«Թուրքական ավիաուղիները» (Turkish Airlines) կանոնավոր չվերթներ կիրականացնի Երևան, հաղորդում են թուրքական առաջատար լրատվամիջոցները։
Հաղորդվում է, որ թուրքական ավիաընկերությունը նոր չվերթ է նախաձեռնել ոչ միայն Երևան, այլև Ռումինիայի Տիմիշոարա քաղաք։ Թուրքական կողմը նոր ուղղությունների մեկնարկը բացատրել է «Թուրքական ավիաուղիների» ցանցի ընդլայնմամբ։
Երկու երկրների միջև հաղորդակցությունների խթանման թեման քննարկվել էր Հայաստան-Թուրքիա կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի ու Սերդար Քըլըչի վերջին՝ Երևանում սեպտեմբերի 12-ին տեղի ունեցած վեցերորդ հանդիպմանը։
Հատուկ ներկայացուցիչները հանդիպմանը ի թիվս այլ հարցերի համաձայնել էին իրականացնել «անհրաժեշտ աշխատանքներ՝ միտված այլ հետաքրքրված ընկերությունների կողմից 2026-ի ամռանից տարբեր ուղղություններով թռիչքներ իրականացնելուն»։
Ներկայում Երևան-Ստամբուլ և հակառակ ուղղությամբ չվերթներն իրականացնում են Flyone Armenia և թուրքական բյուջետային «Պեգասուս» ավիաընկերությունները։ Նրանք չվերթներն իրականացնում են 2022-ից ի վեր։
Civilnet










