Հայաստանի վճռաբեկ դատարանը սեպտեմբերի 26-ին մերժել է Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, մեղադրյալ Ջալալ Հարությունյանի և նրա պաշտպանի վճռաբեկ բողոքները։ Դատարանը որոշել է բողոքները վարույթ չընդունել՝ ուժի մեջ թողնելով վերաքննիչ քրեական դատարանի հունիսի 18-ի որոշումը։ Սրա մասին հոկտեմբերի 1-ին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է զոհված զինծառայողների իրավահաջորդների ներկայացուցիչ Լիպարիտ Սիմոնյանը։
2025-ի հունիսի 18-ին Վերաքննիչ դատարանը անփոփոխ էր թողել Ջալալ Հարությունյանի 5,5 տարվա ազատազրկման դատավճիռը։
Ջալալ Հարությունյանի փաստաբան Աշոտ Ապրեսյանը ՍիվիլՆեթին ասաց, որ կարդացել է Լիպարիտ Սիմոնյանի ֆեյսբուքյան գրառումը, սակայն դեռ չի ստացել դատարանի որոշումը և հետևաբար չի կարող ասել, թե որ բողոքներն են մերժվել։ Նրա խոսքով՝ երեք բողոք է ներկայացվել, սակայն այդ գրառման մեջ անդրադարձ կա միայն հիվանդության և իր միջնորդության մասով բողոքներին։ Փաստաբանի գնահատմամբ՝ հստակ չէ, արդյոք դատարանը քննության է առել նաև այն բողոքը, որը վերաբերում է մեղադրանքի հիմնավորվածությանը։
«Որոշման մեջ անդրադարձ կա հիվանդության մասին բողոքին, ինչպես նաև իմ միջնորդության մասով բողոքին։ Սակայն չի երևում որևէ հիշատակում այն բողոքի մասին, որն առնչվում է մեղադրանքի հիմնավորվածությանը կամ դրա անհիմն լինելուն։ Չեմ կարող ասել՝ դատարանը դա էլ է նկատի ունեցել, երբ գրել է «բողոքները», թե խոսքը վերաբերում է միայն իմ ու Ջալալ Հարությունյանի մեկական բողոքներին։ Հստակ կասեմ միայն այն ժամանակ, երբ որոշումը ստանամ»,- ասա Ապրեսյանը։
***
Ջալալ Հարությունյանը մեղադրվում է «ռազմական դրության, պատերազմի ժամանակ զինվորական ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար, որն առաջացրել է ծանր հետևանք» հոդվածով (ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մաս):
Ըստ դատարանի՝ բանակի հրամանատարի ճակատագրական սխալի հետևանքով «Դ-20» հրետանային դիվիզիոնի դիրքերը ենթարկվել են հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբի հարձակմանը, ինչի արդյունքում զոհվել է 20 զինծառայող, իսկ մեկ զինծառայող մինչ օրս համարվում է անհետ կորած։ 2020-ի հոկտեմբերի 12-ին, երբ հակառակորդը մոտենում էր հայկական դիրքերին, ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանը «Դ-20» դիվիզիոնի ղեկավարության հարցմանը ի պատասխան հայտնել է, որ մոտեցողները յուրայիններ են։ Այդ սխալ գնահատականը, ըստ դատարանի, դարձել է ողբերգական հետևանքի պատճառ։
Պաշտպանական կողմը պնդում է, որ Հարությունյանի արտահայտությունը կարող է խեղաթյուրվել հաղորդակցության շղթայում։ Ըստ նրանց՝ «հնարավոր է՝ մերոնք են» արտահայտությունից հասցեատիրոջը հասել է միայն «մերոնք են»։ Ջալալ Հարությունյանը դիմելու է Վճռաբեկ դատարան՝ Վերաքննիչ դատարանի վճիռը բողոքարկելու նպատակով։
Կարդացեք նաև՝
Civilnet











