Գլխավոր Լրահոս

Որևէ փաստ չկա, որ «070» ծածկագրով անձնագիրը ՀՀ քաղաքացու անձնագիր չէ. Մարատ Եգանյան

Որևէ փաստ չկա, որ «070» ծածկագրով անձնագիրը ՀՀ քաղաքացու անձնագիր չէ. Մարատ Եգանյան

Հայկ Ղազարյան

Վարչական դատարանը քննում է Լեռնային Ղարաբաղից Մերի Ղարայանի հայցը, որով վերջինս պահանջում է Հայաստանի ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից իրեն վերցնել ժամանակավոր պաշտպանության տակ։ Հոկտեմբերի 1-ին տեղի ունեցավ այս գործով դատական ավարտական նիստը։ Գործի դատավարությունն արդեն տևում է շուրջ մեկ տարի։

Մերի Ղարայանի ներկայացուցիչ Մարատ Եգանյանը ՍիվիլՆեթին պատմեց, որ իր պաշտպանյալը ծնվել է Գորիսում, ամուսնացել և տեղափոխվել է Արցախ, երեխա է ունեցել, ընտանիք ստեղծել։ Արցախում ձեռք է բերել «070» ծածկագրով անձնագիր, մասնակցել է ընտրություններին։ «Հետո տեղափոխվել են Հայաստան, ամուսնուն փախստականի կարգավիճակ են տվել՝ պաշտպանության տակ վերցրել, կնոջը՝ չէ։ Ասել են՝ դու ՀՀ քաղաքացի ես, մերժման պատճառը դա էր»,- նշեց հայցվորի ներկայացուցիչը։

Եգանյանը պնդում է, որ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունն իրավունք չունի մերժել Մերի Ղարայանին այն հիմնավորմամբ, որ նա ՀՀ քաղաքացի է։ «Մնացածներն էլ են ՀՀ քաղաքացի, բայց նրանց տվել են կարգավիճակ։ Եթե դա հիմք լիներ մերժման, մնացածներինն էլ պիտի մերժեիք»,- ասաց նա։

Մարատ Եգանյանը հղում է կատարում 1989 թվականին Խորհրդային Հայաստանի և ԼՂԻՄ-ի միավորման մասին որոշմանը, որտեղ առկա է վարչատարածքային միավորումների և մարդու իրավունքների մասին կետ։ «Այսինքն՝ արցախցիներին տրվել է [Հայկական] ԽՍՀ քաղաքացու կարգավիճակ։ Մենք ասում ենք, որ տարածքների կարգավիճակը չենք դիտարկում, բայց մարդու իրավունքները չեն կարող արհամարհել, որովհետև դրանք առաջնահերթ են»,- նշեց նա։

Եգանյանը հավելեց, որ այդ ժամանակվանից սկսած՝ ղարաբաղցիները Հայաստանում մասնակցել են ընտրությունների, պատգամավորներ են եղել։ «100-ից ավել վճիռ կա, որտեղ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը պարտվել է դատարանում՝ պնդելով, որ «070» ծածկագրով անձնագրերը ՀՀ քաղաքացու անձնագրեր չեն, իսկ դատարանները ճանաչել են դրանք որպես ՀՀ քաղաքացու անձնագրեր և թույլ են տվել մասնակցել ընտրություններին։ Որևէ փաստ չկա, որ «070» ծածկագրով անձնագիրը ՀՀ քաղաքացու անձնագիր չէ»,- ասաց Եգանյանը։ Ըստ նրա՝ մյուս կողմը ոչ մի փաստ չունի, 2023-ի որոշում են ներկայացրել, որը չի կարող տարածվել մինչ այդ տրված անձնագրերի վրա։

Ըստ Datalex.am-ի՝ 2025-ի մարտի 26-ին Մերի Ղարայանը միջնորդություն էր ներկայացրել հայցի ապահովման մասին՝ խնդրելով պարտավորեցնել Միգրացիայի և քաղաքացիության ծառայությանն իրեն հաշվառել։ Հայցվորը նշել էր, որ չնայած Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը նրան համարում է ՀՀ քաղաքացի, հրաժարվում է հաշվառել՝ պահանջելով փոխել անձնագիրը, ինչի պատճառով նա չի կարող աշխատել և օգտվել սոցիալական երաշխիքներից։ Դատարանը մերժեց միջնորդությունը՝ նշելով, որ հաշվառումը չի բխում հայցապահանջից։

Այս վարչական գործով դատական ակտը կհրապարակվի հոկտեմբերի 22-ին։

Կարդացե՛ք նաև՝ «Արցախյան» անձնագիրը՝ ինքնության կիսատ հավաստում»

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում