Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հայտարարել է, որ մոտ օրերս պատրաստվում է դատի տալ Հայաստանի կառավարությանը։ Լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ դատական հայցի պատճառը քաղաքին պետական բյուջեից հատկացվող ֆինանսական միջոցների անբավարար չափն է։
Ըստ քաղաքապետի՝ Գյումրիից պետական բյուջե է փոխանցվում 85 միլիարդ դրամ, սակայն համայնքին հետ է վերադարձվում ընդամենը 4 միլիարդը։
«Նրանք պետք է մեր քաղաքին 27-ից մինչև 30 մլրդ դրամ բյուջե հատկացնեն, բայց այդ գումարը չեն տալիս։ Դրա համար դատի եմ տալու կառավարությանը»,- ասել է Ղուկասյանը։
Նա նաև ընդգծել է, որ սա նախադեպային դեպք է լինելու։ «Անկախությունից հետո նման քաղաքապետ չի եղել այս երկրում, ով դատի կտար կառավարությանը»,- հավելել է Գյումրու ղեկավարը։
Քաղաքապետը նշել է, որ դատի տալու այլ պատճառներ ևս կան՝ կապված քաղաքի զարգացմանը խոչընդոտելու հետ։
«Պետք է դատի տամ նաև նրա համար, որ քաղաքի հատակագիծը հաստատված է, բայց 13 տեղ պտտվում է։ Չեն թողնում, որ երկրում զարգանա փոքր և միջին բիզնեսը, մեծ գործարաններ չեն կառուցում։ Այսինքն՝ մեր պետությունը բռնանում է երկրի բնականոն զարգացմանը։ Դուք հասկանու՞մ եք՝ սա ինչ է նշանակում, սա միայն թուրքական պատվեր կարող է լինել»,- ասել է Ղուկասյանը։
Civilnet











