Կառավարությունը հոկտեմբերի 2-ին հավանություն տվեց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Թագուհի Ղազարյանի և Սիսակ Գաբրիելյանի օրենսդրական նախաձեռնությանը՝ հանրային հեռարձակողների նվազագույն թիվը երեքից երկու դարձնելու նախագծին։ Ըստ հիմնավորումների՝ նախագիծը նպատակ ունի բարձրացնել համակարգի արդյունավետությունը, սակայն այն քննարկվում է իշխանության և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջև սրված հարաբերությունների ֆոնին, որի կիզակետում Մայր Աթոռի հիմնադրած «Շողակաթ» հեռուստաընկերությունն է։
Օրենքի նախագծի հիմնավորման համաձայն՝ երեք հանրային հեռարձակողի (երկու ընդհանուր և մեկ կրթական-մշակութային ուղղվածության) գործունեությունն առաջացնում է որակական խնդիրներ։ Դրանց թվում են՝ ռեսուրսների դժվարին բաշխումը, բովանդակության կրկնությունը, կրթական-մշակութային ծրագրի համեմատաբար ցածր դիտելիությունը և գործառնական անարդյունավետությունը։
Առաջարկվող փոփոխության արդյունքում ակնկալվում է ապահովել բյուջետային միջոցների ավելի նպատակային օգտագործում, բարելավել ծրագրային բովանդակության որակը և օպտիմալացնել կառավարումը։
«Շողակաթ»-ը՝ քաղաքական քննարկումների կիզակետում
Նախորդ տարվանից իշխանական պատգամավորները պարբերաբար անդրադարձել են «Շողակաթ» հեռուստաընկերությանը պետական բյուջեից տրամադրվող ֆինանսավորման վերաբերյալ հարցին։ Օրինակ՝ 2024-ին նոյեմբերն ՔՊ-ական պատգամավոր, ներկայում ՀՀ աշխատանքի եվ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն առաջարկում էր դադարեցնել հեռուստաընկերության ֆինանսավորումը, իսկ պատգամավոր Ծովինար Վարդանյանը կասկածի տակ էր դրել հատկացումների արդյունավետությունը՝ նշելով, որ քչերն են միացնում «Շողակաթ»-ը՝ «կարևոր բան նայելու» համար։
Նախագծի հեղինակներից Թագուհի Ղազարյանն էլ պնդում էր, որ հանրային հեռարձակողի սլոթը չպետք է առանց մրցույթի տրամադրվի «կրոնական կազմակերպությանը»։
Civilnet











