Գլխավոր Լրահոս

«ՔՊ»-ի նիստը և բոյկոտող ընդդիմությունը. ԱԺ-ն քննարկում է Վաշինգտոնյան հռչակագիրը 

«ՔՊ»-ի նիստը և բոյկոտող ընդդիմությունը. ԱԺ-ն քննարկում է Վաշինգտոնյան հռչակագիրը 

Ազգային ժողովում հոկտեմբերի 2-ին սկսվեց «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման վերաբերյալ» հայտարարության նախագծի քննարկումը, որին, սակայն, մասնակցում էր միայն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը: Խորհրդարանական ընդդիմությունը՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները, բոյկոտել են նիստը՝ փաստաթուղթը որակելով որպես վտանգավոր և նվաստացուցիչ:

Հայտարարության տեքստում նշվում է, որ ԱԺ-ն աջակցում է 2025-ի օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման արդյունքում՝ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի համատեղ Հռչակագրին:

«Ազգային ժողովը կարևորում է ձեռք բերված համաձայնությունը առ այն, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունների բացումը տեղի կունենա պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման հիման վրա, տարածաշրջանում ու նրա հարևանությամբ խաղաղությունը, կայունությունն ու բարգավաճումը խթանելու նպատակով: Այս ջանքերը կներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչընդոտ հաղորդակցությունը, Հայաստանի Հանրապետության համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով»»,- ասված է տեքստում:

Առանցքային է համարվում նաև այն, որ Հայաստանն աշխատելու է ԱՄՆ-ի և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP)) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով:

Բացի այդ, ԱԺ-ն նաև շնորհակալություն է հայտնում Թրամփին, իսկ Հայաստանի և Ադրբեջանի հանրությանը կոչ անում նպաստել խաղաղության հաստատմանը:

Ընդդիմության գնահատականները. Նվաստացուցիչ և վտանգավոր համաձայնություններ

Ընդդիմադիր խմբակցությունները բոյկոտեցին նիստը, որպեսզի քվորումի գործընթացին էլ չմասնակցեն. նրանք 20 րոպե ընդմիջում խնդրեցին ու լքեցին Ազգային ժողովի դահլիճը:

«Հայաստան» խմբակցությունը հայտարարել է, որ հայտարարության նախագիծը ոչ միայն առնչություն չունի իրական խաղաղության հետ, որն այդքան անհրաժեշտ է մեր երկրին: Ըստ խմբակցության դիրքորոշման՝ այն չի համապատասխանում իրավական, քաղաքական և Հայաստանի և հայ ժողովրդի անվտանգ կենսագործունեության նվազագույն պահանջներին: «Սա հերթական նվաստացուցիչ հայտարարությունն է, որը նոր սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի և հայ ժողովրդի համար»»,- նշված է հայտարարության մեջ:

Իր հերթին, «Պատիվ ունեմ» խմբակցությունը նշել է, որ Փաշինյանի վարչակազմի կողմից հայ-ռուսական դաշնակցային կապերին միակողմանիորեն հասցված հարվածը՝ առանց իրատեսական այլընտրանքներ ապահովելու, խախտում է ռազմաքաղաքական հավասարակշռությունը, ինչը պետության համար հղի է նոր սպառնալիքներով ու մարտահրավերներով:

«Խիստ մտահոգված ենք Վաշինգտոնում ստորագրված եռակողմ հուշագրով՝ այն դիտարկելով որպես ադրբեջանական ագրեսիայի, միակողմանի պահանջների և աշխարհաքաղաքական գործընթացների ճնշման ներքո՝ Հայաստանի կառավարիչների կողմից ստորագրված հերթական վտանգավոր (կապիտուլյացիոն) փաստաթուղթ»»,- ասված է հայտարարության մեջ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում