Գլխավոր Լրահոս

Իտալիայի նախագահը Բաքվում մասնակցել է «Իտալիա-Ադրբեջան համալսարանի» բացմանը

Իտալիայի նախագահը Բաքվում մասնակցել է «Իտալիա-Ադրբեջան համալսարանի» բացմանը

Այհան Ֆարհադովա

Հոդվածը հրապարակվում է OC Media-ի հետ գործընկերության շրջանակում

Մեկօրյա այցով Ադրբեջան էր այցելել Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան՝ հանդիպելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և մասնակցելու Բաքվում Իտալիա-Ադրբեջան համալսարանի բացմանը։

Ըստ Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի՝ հանդիպման ընթացքում Ալիևը հայտարարել է, որ Իտալիան միշտ աջակցել է Եվրոպական միության հետ Ադրբեջանի հարաբերությունների զարգացմանը։

«Մեր հարաբերություններն ունեն նաև կարևոր նշանակություն այն տարածաշրջանի զարգացման համար, որտեղ մենք գտնվում ենք, և դրական ազդեցություն են ունենում մեր հարաբերությունների վրա ԵՄ-ի հետ։ Իտալիան միշտ աջակցել է մեր ջանքերին՝ ԵՄ-ի հետ ավելի սերտ հարաբերություններ կառուցելու ուղղությամբ, և մենք երախտապարտ ենք ձեզ դրա համար»,- ասել է Ալիևը։

Ալիևը խոսել է Իտալիայի և ԵՄ-ի հետ էներգետիկ նոր նախագծերի իրականացման կարևորության մասին և նշել, որ իրենք «հաջողությամբ աշխատում են այս ուղղությամբ»։

Ի պատասխան՝ Մատարելլան հիշեցրել է իր առաջին այցը Ադրբեջան 2018-ին, որի ընթացքում քննարկվել էր Տրանսադրիատիկ գազատարի (TAP) հարցը։ TAP-ը Հարավային գազային միջանցքի մի մասն է, որը բնական գազ է տեղափոխում Եվրոպա՝ Ադրբեջանի «Շահ Դենիզ 2» հանքավայրից։

Չորեքշաբթի նախագահները, ինչպես նաև առաջին տիկին ու փոխնախագահ Մեհրիբան Ալիևան մասնակցել են Բաքվում Իտալիա–Ադրբեջան համալսարանի առաջին ակադեմիական շենքերի բացմանը։ Իտալական համալսարանը բացվել է Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայի տարածքում, որը հիմնադրել է Ալիևայի հորեղբայրը՝ Հաֆիզ Փաշաևը։

Ալիևը նշել է TAP նախագծի կարևորությունը և շնորհակալություն հայտնել Մատարելլային՝ «անձնական ներգրավվածության և աջակցության» համար։ «Եթե այդ հարցը այն ժամանակ չլուծվեր, ապա մենք այսօր չէինք կարողանա այդքան բնական պաշարներ արտահանել Եվրոպա։ Մենք կտուժեինք դրանից, և կտուժեր նաև Եվրոպան»,- ընդգծել է Ալիևը։

Պատմականորեն Իտալիան եղել է ադրբեջանական նավթի խոշորագույն գնորդը։

Ադրբեջանի իշխանամերձ Caliber լրատվամիջոցը հայտնել է, որ 2025-ի առաջին ութ ամիսների ընթացքում Ադրբեջանը Իտալիա է արտահանել մոտ 9,2 մլն տոննա հում նավթ՝ ընդհանուր 4,8 մլրդ դոլար արժողությամբ։ Ադրբեջանի Պետական վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2024-ին Ադրբեջանի արտահանումը Իտալիա կազմել է 10,8 մլրդ դոլար։

«Իմ երկիրը լիովին աջակցում է Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությանը»,- հայտարարել է Մատարելլան՝ հավելելով, որ երկու երկրների միջև գործընկերությունը սահմանափակված չէ միայն տնտեսությամբ կամ «միայն կենսական նշանակություն ունեցող էներգետիկ և արդյունաբերական ոլորտներով»։

Մատարելլան արժևորել է Ալիևի հետ համագործակցությունը՝ ընդգծելով. «Երբ խոսքը ձեր համագործակցության մասին է ԵՄ-ի հետ, Իտալիան իր կողմից քայլեր կձեռնարկի»։

Իտալիայի նախագահը շեշտել է, որ իրենց հարաբերությունները ներառում են նաև մշակույթը և կրթությունը։

Ալիևն իր հերթին Իտալական համալսարանը անվանել է «բարեկամության նախագիծ»՝ նշելով, որ այն սկսել է իրականացվել 2022-ին՝ իր հանձնարարությամբ։

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում