«Հայաստանն ու Ադրբեջանը արդեն հարմարվել են խաղաղ պայմաններում ապրելուն». հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 2-ին Եվրամիության Խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտայի ու Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հետ հանդիպմանը։
Ադրբեջանի նախագահի խոսքերով՝ խաղաղության օրակարգի շուրջ ձեռքբերումները այդ թվում՝ Հայաստանի ու Ադրբեջանի համար, «պատմական նշանակություն ունեն»։
«Մեր երկիրը շարունակելու է ջանքերը խաղաղության օրակարգն առաջ մղելու համար», - ասել է Ալիևը հանդիպմանը։
Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաները, նույնպես հղում անելով օգոստոսի 8-ի Վաշինգտոնի պայմանավորվածություններին, ողջունել են Երևանի ու Բաքվի միջև խաղաղության օրակարգը, ինչպես նաև կարևորել են տարածաշրջանի հաղորդակցային ուղիների բացումը։
Վերջերս Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը Բաքու կատարած այցի ընթացքում, ողջունելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգը, Ադրբեջանի նախագահի հետ քննարկել էր Ադրբեջանը Նախիջևանին կապող ենթակառուցվածքներում ներդրումների հեռանկարը։
Civilnet











