Անհետ կորած զինծառայող Սարգիս Ղուկասյանի հորեղբորը՝ Արսեն Ղուկասյանին, մեկ ամսով կալանավորել են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է անհայտ կորած անձանց հարազատների փաստաբան Տաթևիկ Սողոյանը։
Գործը քննվել է Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան նստավայրում` դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ:
Հոկտեմբերի 6-ին Սողոյանը հայտնել էր, որ սեպտեմբերի 29-ին ՊՆ շենքի մոտ տեղի ունեցած քաշքշուկի առթիվ ՊՆ և ՌՈ ծառայողների հաղորդման հիման վրա նախաձեռնված վարութի շրջանակներում ձերբակալվել են անհայտ կորած անձանց հարազատներ Արսեն Ղուկասյանը և Ապիջան Սարգսյանը:
Քննչական կոմիտեից էլ հայտնել էին, որ նրանց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածներով։
***
44-օրյա պատերազմի ընթացքում անհետ կորած զինծառայողների ծնողները սեպտեմբերի 29-ին հավաքվել էին Հայաստանի պաշտպանության նախարարության շենքի դիմաց՝ իրենց պահանջը բավարելու ակնկալիքով։ Նրանք պահանջում էին հանդիպում Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդուարդ Ասրյանի և Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, ներկայումս ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի խորհրդական Կամո Վարդանյանի հետ։
Ակցիայի ընթացքում ծեծկռտուք էր տեղի ունեցել ծնողների և ռազմական ոստիկանության ծառայողների միջև։
Civilnet











