Հայկ Ղազարյան
«Առավոտյան ժամը 7-ին ոստիկանությունը գալիս է՝ առանց որևէ բացատրության։ Հարևան սենյակում երեխաներն էին, մյուսում՝ մենք։ Ութ հոգանոց խումբ էր, քաղաքի ամենահզոր, հաղթանդամ ոստիկանները, զինված, զրահաբաճկոններով, ռացիաներով։ Կարծես, հանցագործ բռնելու են եկել»,- արտասվելով պատմում է Ֆրանսիայից օրեր առաջ արտաքսված Նունե Գաբուլյանը։
Նունեն ամուսնու ու իրենց երկվորյակ դուստրերի հետ 2023-ի ապրիլին արտագաղթել էր Ֆրանսիա։ Նրանք բնակվում էին Շուշիում և 2020-ի պատերազմից հետո տեղահանվել էին Հայաստան և ապրում էին Հրազդան քաղաքում։ Նունեն մեկ անգամ ևս բռնագաղթել էր մանուկ հասակում՝ Շահումյանից, երբ ադրբեջանցիները գրավել էին շրջանը։
2023-ի ապրիլին ամուսինը Արցախից տեղափոխվեց Հայաստան, և նրանք որոշեցին նոր կյանքն սկսել Ֆրանսիայում։
«2023-ի ապրիլին տուրիստական վիզայով տեղափոխվեցինք Ֆրանսիա, և ներկայացանք Մարսել քաղաքում՝ ապաստան հայցողի կարգավիճակով։ Այնտեղից ուղղորդել են Գապ քաղաք, որտեղ էլ մենք տեղավորվել ենք։ Երեխաները սկսել են դպրոց հաճախել, բնակարան են տրամադրել»,- ասում է Նունեն։
Նունեի խոսքով, իրենք բնակության իրավունք չեն ստացել, և հարցը կարգավորելու համար ֆրանսիացի փաստաբան են վարձել։
«Գործընթացը երկար է տևել, բայց մեզ ոչ մի ձևով չեն նեղել, որովհետև մենք օրենքի սահմաններից դուրս ոչինչ չենք արել․ աշխատում էինք ֆրանսիացի մարդկանց տներում, և այս ամենը փաստաթղթավորված էր։ Ու վայելում էինք ֆրանսիացիների վստահությունը։ Երկու տարվա մեջ ոչ մի հանցանք չենք կատարել, ամբողջ քաղաքում ոտից գլուխ ճանաչում են մեզ, 40 ,000 բնակչություն ունեցող քաղաք է»,- ասում է Նունեն։
Դրանից հետո Մարսելի հյուպատոսարանը հարցում է արել Հայաստանի արտաքին գործերի նախարարություն՝ այդ անձանց մասին։

«Ամուսնուս «թուղթը» ուղարկում են, որ ինքը ՀՀ քաղաքացի չէ, քաղաքացիություն ընդհանրապես չունի և հայ չէ։ Տասը օրվա տարբերությամբ ես եմ դիմում, և հոկտեմբերի 2-ին Մարսելի հյուպատոսարանից զանգում են, թե ձեր «թուղթը» եկել է, կարող եք վերցնել։ Բայց ասում են, որ իմ ու ամուսնուս փաստաթղթերը տարբերվում են։ Այդ փաստաթուղթը ես պիտի վերցնեի, սակայն առավոտյան ոստիկանությունը գալիս է իմ հետևից»,- պատմում է Նունեն։
Նունեի հարցման պատասխանում, ի տարբերություն ամուսնու պատասխանի, նշված է, որ ինքը ևս ՀՀ քաղաքացի չէ և երբեք չի դիմել քաղաքացիության համար, սակայն Հայաստանի պաշտպանության տակ վերցված անձ է։ Սա, իր կարծիքով, տարօրինակ է ու անտրամաբանական։
Ֆրանսիայից արտաքսված կինը ասում է, իրենց անձնագրերը նույնիսկ «070» ծածկագրով չեն, Արցախից դուրս գալուց առաջ անձնագրեր էին ստացել Հրազդանից։
Նրանք 2,5 տարի բնակվել են Ֆրանսիայի հարավարևելյան մասում գտնվող Գապ փոքրիկ քաղաքում։
Նունեն պատմում է, որ ոստիկանները շատ անմարդկայնորեն են իրեն վերաբերվել։ Երեխաների աչքի առաջ ձերբակալել են ու տեղափոխել Մարսել, որից հետո Փարիս և ոչ մի իր ու գումար չեն թույլատրել հետը վերցնի։ Եվ այդ ընթացքում ոստիկանները նրան ծաղրել են։
«Ճանապարհին մի տասը կետում ինձ ստուգել են։ Իմ պայուսակի մեջ ես ի՞նչ պիտի տեղափոխեի (Հ.Ղ.-ցույց է տալիս փոքրիկ պայուսակը): Կապկպած, բռնության ենթարկելով, մարմնիս վրա մինչև այժմ այտուցներ կան՝ ձեռքերիս, ոտքերիս, գլխիս էլ ինչ-որ բանով են հարվածել։ Իմ առջև սրսկիչներ, թմրանյութեր ու դեղեր են փռել, թե կարո՞ղ ես օգտվել, ասացի՝ ընդամենը գլուխս է ցավում, պարզապես ինձ ցավազրկող տվեք։ Ինձ մտցրել էին մի սենյակ, որտեղ թմրամոլներ էին ու շղթայված մարդիկ։ Ինձ գոնե չեն շղթայել, դրա համար փառք եմ տալիս Աստծուն»,- պատմում է Նունեն։
Նունեին հոկտեմբերի 2-ին են արտաքսել Ֆրանսիայից և նա մինչ օրս հոգեբանական ծանր վիճակում է գտնվում։ Բարեբախտաբար, Հայաստանում իր ընկերները ժամանակավորապես բնակվելու տեղ են տվել և շորեր են տրամադրել։
2023-ի էթնիկ զտումից հետո արցախցիները արտագաղթում են նաև Ֆրանսիա։ Այդ տեղափոխության համար մեծ գումարներ են ծախսում, արագ կերպով տուրիստական վիզա ստանալը արժենում է մի քանի հազար եվրո։
Այլ ղարաբաղցիների հետ նման պատմություններ եղե՞լ են Ֆրանսիայում։
«Եղել է, որ տներից հանել են։ Կան մարդիկ, որ մեզ նման կարգավիճակում են, էլի մերժումներ են ստացել։ Նրանք անընդհատ քաղաքն են փոխում, որպեսզի խուսափեն ոստիկանությունից»,- ասում է Նունեն։
Նունեն այժմ հույս ունի, որ հարցը կլուծվի և նա Ֆրանսիայում կմիանա ընտանքին։ Նա դիմել է Հայաստանի արտաքին գործերի նախարարություն։
«Ես Հայաստանում եմ դռներ ծեծում, որովհետև այդ թուղթը այստեղից է եկել՝ հարցմանը պատասխանել են Հայաստանի ԱԳՆ-ից և ուղարկել Մարսել»,- ասում է Նունեն։
Նունեի ամուսինը, նրանց երկվորյակ 12-ամյա աղջիկները սպասում են կնոջը ու մորը։ Երեխաները դպրոց են հաճախում և արդեն լեզվի B-1 մակարդակի իմացություն ունեն։
2023-ի հոկտեմբերի 26-ին Հայաստանի կառավարությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց տրամադրել է ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ։ Նախագծով ժամանակավոր պաշտպանության տակ է վերցրել ԼՂ ռեգիստրում հաշվառված անձանց։
ՍիվիլՆեթը հարցում է ուղարկել Հայաստանի ազգային անվտանգության ծառայություն՝ պարզելու, թե քանի արցախցի է արտագաղթել Ֆրանսիա։ Խնդրի վերաբերյալ հարցումներ կանենք նաև այլ կառույցների։
2023-ի սեպտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանից հեռացել է 16,000 արցախցի։
Կարդացե՛ք նաև՝ «Արցախյան» անձնագիրը՝ ինքնության կիսատ հավաստում»
Civilnet











