Գլխավոր Լրահոս

Ավինյանն ընդդեմ ՍիվիլՆեթի. դատարանն ավարտեց ապացույցների հետազոտումը

Ավինյանն ընդդեմ ՍիվիլՆեթի. դատարանն ավարտեց ապացույցների հետազոտումը

Գևորգ Թոսունյան

Հոկտեմբերի 10-ին Երևանի քաղաքացիական դատարանում շարունակվեց Տիգրան Ավինյանի՝ ընդդեմ ՍիվիլՆեթի դատական նիստը։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ՍիվիլՆեթին դատի է տվել «Ավինյանների բիզնեսը՝ պետական գումարների անուղղակի շահառու» հետաքննական հոդվածի համար՝ պահանջելով հերքում և 3 մլն դրամ։

Այս նիստին ավարտվեց դատաքննության փուլը՝ գործում առկա գրավոր ապացույցների հետազոտմամբ։ Դատավոր Տաթևիկ Ստեփանյանը նիստի մեկնարկին սկսեց հրապարակել վեճի առարկա հոդվածը։

«Ո՞ր էջում են տեղ գտել այդ արտահայտությունները, ասացե՛ք՝ այդ հատվածը հրապարակեմ»,- հայցվոր կողմին դիմելով՝ ասաց դատավորը։ Ի պատասխան՝ Ավինյանի ներկայացուցիչ Վահագն Գասպարյանը նշեց, որ «սկսած լուսանկարից՝ հոդվածը պատրաստված է այնպես, որ փորձ է արվում զրպարտել քաղաքապետին»։

«Ի՞նչ կապ ունի Տիգրան Ավինյանի՝ այգում որոշակի աշխատանք անելը  Տիգրան Ավինյանի ընտանիքին պատկանող «Իրիգեյթ» ընկերության կողմից ենթադրյալ հատուցում ստանալու հետ։ Ակնհայտ է հոդվածագրի անբարեխղճությունը, որով փորձ է արվում զրպարտության միջոցով թիրախավորել Ավինյանին»,- ասաց փաստաբանը՝ պնդելով, որ հոդվածում նշվածը «բացարձակ աղերս չունի իրականության հետ»։ Նա այդպես էլ չնշեց, թե հոդվածի կոնկրետ որ հատվածն է խնդրահարույց։

Ըստ հայցվոր կողմի՝ ներկայացված ապացույցներով «Իրիգեյթը» վիճելի մասով կապալառու չի եղել։

«Բացի այդ, «Իրիգեյթի» հարկերի ավելացում եղել է նաև մինչև 2018-ը։ Անգամ պատասխանողի ներկայացրած ապացույցներով հիմնավորվում են մեր պնդումները, որ նյութը հիմնված է ոչ փաստական հանգամանքների վրա։ Պատասխանող կողմը չկարողացավ ապացուցել, որ որևէ կապ կա Ավինյանի պաշտոնավարման հետ»,- պնդեց փաստաբանը։

ՍիվիլՆեթի ներկայացուցիչ Կարեն Տոնոյանն անդրադարձավ լուսանկարի հանգամանքին՝ նշելով, որ լուսանկարում Ավինյանը գյուղատնտեսական աշխատանք է իրականացնում, ինչը նրան անպարկեշտ չի ներկայացնում․ «Այն որևէ կերպ չի կարող ներկայացվել որպես քաղաքապետի թիրախավորում ու անպարկեշտ մոտեցում»,- ասաց փաստաբանը։

Նա նաև անդրադարձավ ապացույցներին․ «Գործընկերս ասաց, որ «Իրիգեյթը» չի հանդիսացել կապալառու։ «Կապալառու» ասվածը վերաբերում է այն դեպքերին, երբ անձինք կամ կազմակերպությունները մասնակցել են ծրագրին, շահել դրամաշնորհ և աշխատանքներ կատարել։ Այս մասով «Իրիգեյթի»՝ կապալառու հանդիսանալը ապացուցված է։ Որպես կապալառու՝ «Իրիգեյթը» դրամաշնորհներիի շրջանակում աշխատանք է կատարել։ Էկոնոմիկայի նախարարության տեղեկանքով էլ դա ապացուցվում է։ Հարցման պատասխաններով առնվազն ինը դեպքով «Իրիգեյթը» հանդիսացել է կապալառու»,- շեշտեց ՍիվիլՆեթի ներկայացուցիչը։

Ինչ վերաբերում է մինչև 2018-ը և դրանից հետո վճարված հարկերին, ըստ ՍիվիլՆեթի ներկայացուցչի՝ հոդվածում ՍիվիլՆեթը բարեխղճորեն անդրադարձ է կատարել դրան․ «ՍիվիլՆեթը նաև շեշտադրել է, թե 2011-2018 թվականներին որքան հարկ է վճարվել, և ընդգծել է նաև հարկերի աճը դրանից հետո ընկած ժամանակահատվածում»,- ասաց Տոնոյանը։

Նա նաև շեշտեց, որ «Իրիգեյթ» ՍՊԸ-ն որպես կապալառու իրականացրել է աշխատանքներ․ «Հենց Էկոնոմիկայի նախարարությունն է պնդում, որ «Իրիգեյթը» որպես կապալառու է հանդես եկել։ Բացի այդ, նշվում է, որ «Իրիգեյթի» կողմից հիմնվել է 27,3 հա ինտենսիվ այգի։ Այսինքն՝ Էկոնոմիկայի նախարարությունը նաև քանակ է նշում։ Հաջորդ էջում նաև նշվում է, որ «Իրիգեյթը» եղել է կապալառուների ցանկում ներառված ընկերություն»,- ասաց փաստաբանը։

Նա նաև Էկոնոմիկայի նախարարության մեկ այլ պատասխան ներկայացրեց առ այն, որ Ավինյանը, որպես փոխվարչապետ, համակարգել է նաև գյուղատնտեսության ոլորտը։ Ըստ փաստաբանի՝ էկոնոմիկայի նախարարության պատասխանը հենց դա էլ ապացուցում է, այսինքն՝ հոդվածում խեղաթյուրում չի եղել։

Այնուհետև ՍիվիլՆեթի ներկայացուցիչը ներկայացրեց ՊԵԿ-ի գրությունը, թե որքան հարկ է վճարել «Իրիգեյթ» ընկերությունը։ Փաստաբանը դատարանում հրապարակեց այդ տվյալները՝ նշելով, որ ողջ տեղեկությունը ՍիվիլՆեթը բարեխղճորեն ներկայացրել է։

«Այսինքն՝ պետական մարմիններին հարցումներ են արվել, ստացվել են պատասխաններ, և դրանց հիման վրա կատարվել են վերլուծություններ։ Այս ապացույցները եղել են այն փաստական տվյալները, որոնց հիման վրա էլ կատարվել է հոդվածում առկա գնահատողական դատողությունը»,- ամփոփեց փաստաբանը։

Բացի այդ, նա շեշտեց, որ ՍիվիլՆեթը չի փորձել հոդվածը միակողմանի ներկայացնել և հարցումներ է ուղարկել Տիգրան Ավինյանին ու նրա հորը՝ Արմեն Ավինյանին, որպեսզի նրանք ներկայացնեն իրենց դիրքորոշումը, սակայն պատասխաններ չի ստացել։

Այնուհետև նա անդրադարձավ հայցապահանջին՝ ասելով, որ հայցվորը խնդրահարույց է համարել «Ավինյանների բիզնեսը՝ պետական գումարների անուղղակի շահառու» վերնագիրը։ Փաստաբանի խոսքով՝ անհասկանալի է, թե ինչն է անհանգստացրել հայցվորին։ «Եթե առաջին հայացքից հոդվածի ընթերցողը տեսնի վերնագիրն առանց «անուղղակի» բառի, այլ բան, բայց տվյալ դեպքում այդ բառը հենց հոդվածի բովանդակությունն է ներկայացնում»,- շեշտեց փաստաբանը։

«Ըստ էության, զրպարտության համար Վճռաբեկ դատարանը սահմանել է չափանիշներ, թե որ դեպքերը կարող են այդպիսին դիտարկվել։ Հիմնական շեշտադրումը կատարվում է անձին հակաիրավական արարքի մեջ մեղադրելու վրա։ Հոդվածի բովանդակությունը որևէ մեղադրանք Ավինյանի ու Ավինյանների բիզնեսի նկատմամբ չունի, որևէ կերպ ներկայացված չէ, որ Ավինյանները հակաօրինական գործողության արդյունքում են ստացել այդ գումարները»,- ասաց նա։

Անդրադառնալով մյուս վիճարկվող նախադասությանը, ըստ որի՝ «Նրա (Տիգրան Ավինյանի) քաղաքական կարիերայի աճն ուղեկցվում էր ընտանիքի հետ կապված բիզնեսի բարգավաճմամբ, այդ թվում՝ պետական ծրագրերից անուղղակի օգուտներ ստանալու միջոցով», փաստաբանը հիշատակեց, որ Ավինյանը 2018-ի հեղափոխությունից հետո է պաշտոն ստանձնել, և ընտանիքի բիզնեսը սկսել է բարգավաճել այդ շրջանից հետո։

«Այս գնահատականը փաստացի տվյալ է, որը բխում է ՊԵԿ-ի տրամադրած տվյալներից։ Հիմնականում այդ հարկերի ավելացումը եղել է «Իրիգեյթի» ստացած պետական դրամաշնորհների արդյունքում։ Այս ամբողջության մեջ մենք գտնում ենք, որ այստեղ զրպարտող որևէ տվյալ չկա»,- ամփոփեց ՍիվիլՆեթի ներկայացուցիչը։

Նա նաև հիշեցրեց, որ նույն արտահայտությունը միաժամանակ չի կարող լինել և՛ վիրավորանք, և՛ զրպարտություն, ինչպես պնդել է հայցվորը։ Ըստ փաստաբանի՝ իրավական առումով նման հայցն ինքնին սխալ է։

Ավինյանի ներկայացուցիչ Վահագն Գասպարյանն էլ շարունակեց պնդել, թե հոդվածի միտքն այն է եղել, որ քաղաքապետը զբաղվում է բիզնեսով։ Ըստ նրա՝ բացի «Իրիգեյթից», պետական այդ դրամաշնորհներին այլ ընկերություններ ևս մասնակցել են, բայց դրանց անդրադարձ չի կատարվել։ ՍիվիլՆեթի փաստաբանը պատասխանեց, որ հոդվածում որևէ ենթատեքստ չի եղել, թե քաղաքապետն անձամբ է զբաղվում բիզնեսով, իսկ մյուս ընկերությունների մասով էլ ասաց, որ դրանք մեծամասամբ չեն հետաքրքրում հանրությանը․ «Հանրությանը հետաքրքրում է քաղաքական գործչի ընտանիքի հետ կապված բիզնեսը»,- ամփոփեց Տոնոյանը։

Այսքանով դատավոր Տաթևիկ Ստեփանյանն ավարտեց դատաքննությունը։ Դատարանի վճիռը կհրապարակվի հոկտեմբերի 31-ին՝ Դատալեքս տեղեկատվական հարթակում։

***

Երևանի քաղաքապետը դատի է տվել Սիվիլիթաս հիմնադրամին (ՍիվիլՆեթի մայր կազմակերպությանը)՝ լրագրողներ Մկրտիչ Կարապետյանի և Անի Գրիգորյանի «Ավինյանների բիզնեսը՝ պետական գումարների անուղղակի շահառու» հետաքննական հոդվածի հիմքով։ Հոդվածը պատրաստվել է Կազմակերպված կոռուպցիայի և հանցավորության լուսաբանման նախագծի (OCCRP) հետ համատեղ։

ՍիվիլՆեթի հետաքննությունը բացահայտել է, որ 2018-2021 թվականներին, երբ փոխվարչապետի պաշտոնում Ավինյանը համակարգում էր նաև գյուղատնտեսության ոլորտը, գյուղատնտեսական մի ծրագրի ինը շահառու ենթապայմանագրային աշխատանք են տվել ծրագիրը վերահսկող պաշտոնյայի՝ Տիգրան Ավինյանի ընտանիքին պատկանող «Իրիգեյթ» ընկերությանը: Այդ շահառուներից հինգը ստացել է մոտ 620,000 դոլարի ուղղակի վճարումներ՝ ինտենսիվ այգիներ հիմնելու համար: Այգիների հիմնումն իրականացրել է Ավինյանների ընտանիքին պատկանող «Իրիգեյթ» ՍՊԸ-ն։ Հետաքննության պատրաստման ընթացքում ՍիվիլՆեթը բազմիցս փորձել է կապ հաստատել Ավինյանի և նրա ընտանիքի անդամների, ինչպես նաև քաղաքապետարանի խոսնակի հետ՝ մեկնաբանություն ստանալու նպատակով։ Ավինյանները չեն արձագանքել հարցումներին և չեն օգտվել հերքման իրավունքից։ Փոխարենը՝ հոդվածի հրապարակումից շաբաթներ անց՝ դեկտեմբերի 10-ին, նրանք հայցադիմում են ներկայացրել դատարան։

Հայցով Տիգրան Ավինյանը ՍիվիլՆեթից պահանջում էր հերքել իրեն վերաբերող «նրա քաղաքական կարիերայի աճն ուղեկցվում էր ընտանիքի հետ կապված բիզնեսի բարգավաճմամբ, այդ թվում՝ պետական ծրագրերից անուղղակի օգուտներ ստանալու միջոցով» պնդումը և փոխհատուցել 3 մլն դրամ։

Դեկտեմբերի 18-ին «Ֆակտոր» հեռուստաընկերության եթերում նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի հետ բանավեճի ընթացքում Ավինյանը, արձագանքելով իրեն ուղղված մեղադրանքներին և վերոնշյալ հոդվածին, հայտնել էր ՍիվիլՆեթի դեմ դատական հայց ներկայացնելու մասին և հորդորել էր հորը նույնպես հայց ներկայացնել։

Ավինյանը լրատվամիջոցներին «մեծ աղբանոց» էր անվանել։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում